Այսօր Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։ Ադրբեջանը նպատակային կերպով թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող մարմին՝ արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը։ Վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։ Այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ շեշտելով, որ այս շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը, եւ սա Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։
Արցախի ՄԻՊ-ը կարեւորեց, որ միջազգային հանրությունը պատշաճ արձագանք եւ պատշաճ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ։
Բեգլարյանը տեղեկացրեց, որ այսօր երեկոյան դեպի արձակված 3 հրթիռների հարվածների արդյունքում տուժել են քաղաքացիականներ եւ քաղաքացիական օբյեկտներ։ Կա առնվազն 4 վիրավոր, առկա է նաեւ զոհ, սակայն տվյալները ճշտվում են։
Անդրադառնալով Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքին՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ դրա հետեւանքով եւս արձանագրվել են վնասներ, սակայն, բարեբախտաբար, մարդկային տուժածներ չկան։
Բեգլարյանի խոսքով՝ սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է, եւ ինքը լուրջ կասկածներ ունի, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին եւ հատկապես միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները։
ՄԻՊ-ի պնդմամբ՝ լրագրողների նպատակային թիրախավորումը պետք է խստագույն արձագանք ստանա, քանի որ սա ոչ միայն քաղաքական-դիվանագիտական հարց է, այլեւ իրավական։
comment.count (0)