hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որի համաձայն` կամավորագրված, զորագրված անձանց աշխատատեղը պահպանվելու է, ինչպես նաև հաշվարկվելու է աշխատանքային ստաժ` այդ ժամանակահատվածի համար:
Նախագիծը ներկայացրեց խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը. «Նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որը առաջանում է աշխատողի և գործատուի միջև` կախված աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերի հետ»,- ասաց պատգամավորը:
Տիգրանյանի խոսքով` առաջարկվում է սահմանել, որ զորակոչված քաղաքացիների աշխատատեղը պահպանվում է, այդ ժամանակահատվածի համար աշխատողը ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրության հարաբերությունները կարգավորվում են կողմերի համաձայնությամբ: Առաջարկվում է նաև, որ զինվորագրված աշխատող անձանց համար այդ ժամանակահատվածը դիտարկվի որպես աշխատանքային ստաժ:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ողջունեց նախագիծը, սակայն ընդգծեց` հարցին մյուս կողմից էլ պետք է նայել, քանի որ կամավորագրված կամ զորակոչված քաղաքացու աշխատատեղի պահպանումը կարող է խնդիր առաջացնել գործատուի համար` նրա աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: Հերիքնազ Տիգրանյանն արձագանքեց` գործատուի համար չկա որևէ արգելք ընդունելու փոխարինող աշխատողի` մինչև իր հիմնական աշխատակցի վերադառնալը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հետաքրքրվեց, թե զինվորագրված կամ կամավորագրված աշխատողի գործատուն արդյոք պարտավոր է վճարել վերջինիս այդ ժամանակահատվածի համար:
«Ուզում եմ հստակեցնել, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով արդեն իսկ սահմանված են զինվորական վարժանքների և զորավարժությունների դեպքում վճարման պարտականությունները: Այս դեպքում մենք սահմանում ենք լրացուցիչ երաշխիք, եթե գործատուն կկամենա և աշխատողի հետ եթե կգան համաձայնության, կամ կոլեկտիվ պայմանագրով նախատեսված կլինի, որ զորահավաքային զինծառայության կամ կամավորագրվելու դեպքում վճարում է գործատուն, ապա նա կվճարի, սա լրացուցիչ երաշխիք է»,- արձագանքեց Հերիքնազ Տիգրանյանը:
Հիմնական զեկուցողը կրկնեց` Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի համաձայն` զորակոչված անձինք արդեն իսկ հավասարեցվում են զինծառայողի կարգավիճակին և պետությունից ստանում վարձատրություն: Տիգրանյանը նաև ընդգծեց` առաջարկվող հոդվածներում տեղ գտած փոփոխություններն ունենալու են հետադարձ ուժ. դրույթները տարածվելու են սեպտեմբերի 27-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)