Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|
15:07 - 26 հոկտեմբերի, 2020

Թրամփն Արցախը ճանաչելու ակնարկ չի՛ արել. ելույթը սխալ է մեկնաբանվում |fip.am|

fip.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ՝ հոկտեմբերի 25-ին, առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակում հանրահավաք էր անցկացնում Նյու Հեմփշիր նահանգում, որտեղ կարճ անդրադարձ է կատարել Արցախում ընթացող պատերազմին և Հայաստանին։

Թրամփի ելույթը բավականին արագ տարածվեց համացանցի և սոցցանցերի հայկական տիրույթում, սակայն որոշ դեպքերում ԱՄՆ նախագահի խոսքն աղավաղվել է։ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իրենց էջերում հրապարակեցին Թրամփի ելույթի մի հատվածը՝ այն  մեկնաբանելով որպես Թրամփի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու ակնարկ։ Ավելին, Սիմոնյանն իր գրառումը սկսում է հետևյալ կերպ՝ «Կոսովո = Արցախ / Դ.Թրամփ»՝ ԱՄՆ նախագահին վերագրելով մի բան, որ նա ուղղակի չի ասել։

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է Դոնալդ Թրամփի ելույթի թարգմանությունն ամբողջությամբ։  

«Նայեք հայերին, նրանք հրաշալի մարդիկ են։ Նրանք կատաղի կռվում են։ Եվ գիտեք ինչ, մենք մի բան կանենք․․․․։ Գիտեք՝ հայերը դժվարին իրավիճակում են, բայց երեկ ես Օհայո նահանգում էի, որտեղ մի քանի տեղ կանգ առա։ Եվ Օհայոյում մենք հայերի հսկայական խումբ ունեինք՝ դրոշով, ամեն ինչով․․․։ Եվ այն բոլոր խնդիրները, որոնք նրանք ունեն՝ մահերը և մարտերը և այլ բաներ։ Մենք այդ ամենը կկարգավորենք։ Ես կարծում եմ՝ դա հեշտ գործ է։ Վերադարձեք և փոխանցեք ձեր ժողովրդին։ Հայաստան, ինչո՞ւ ոչ։ Երբ գիտես ինչ ես անում, այն հեշտ է դառնում։ Ինչպես Կոսովո-Սերբիայի դեպքում, երբ մենք ասացինք՝ կամ անում ենք ամբողջական համաձայնագիր, կամ չենք անում։ Եվ նրանք երկուսն էլ վերադարձան, նրանց վարչապետերը եկան և երկու շաբաթ առաջ Օվալաձև աշխատասենյակում էին՝ գրկախառնվում էին և համբուրվում։ Դա անհավատալի բան էր, շատ պատմական։ Եվ գիտեք մենք ինչ ենք անում՝ մենք փրկում ենք բազմաթիվ կյանքեր․․․»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ 

Նշենք, որ 2020 թ․ սեպտեմբերի 4-ին Թրամփի միջնորդությամբ Կոսովոյի և Սերբիայի վարչապետերը համաձայնության էին եկել կարգավորելու երկկողմանի տնտեսական կապերը, Սերբիան համաձայնել էր իր դեսպանատունը Իսրայելում տեղափոխել Երուսաղեմ։ Եվ Կոսովոն ու Իսրայելը համաձայնել էին ճանաչել միմյանց։ Թրամփը հենց այս համաձայնությանն էր հղում անում։

Իր ելույթում Թրամփը Կոսովո-Սերբիա համաձայնագրի մասին խոսում է որպես իր դիվանագիտական ձեռքբերում, մեծ հաջողություն և որևէ կերպ չի ակնարկում, որ կարող է ճանաչել Արցախի անկախությունը։

Հովհաննես Նազարեթյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել