1lurer.am: Երեք անգամ երեք համանախագահող երկրների ղեկավարներ իրենց անմիջական ներդրումն են ունեցել զինադադարի հասնելու համար, երեք անգամ Հայաստանը ներգրավվել է և ապահովել այդ համաձայնությունը, սակայն երեք անգամ Ադրբեջանը խախտել է այդ համաձայնությունը, քանի որ երեք անգամ Ադրբեջանը ուղղորդվել է Թուրքիայի կողմից: Այսպիսով, երեք անգամ ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անպատասխանատու մոտեցում է ցուցաբերում իր ստանձնած հանձնառությունն իրականացնելու հարցում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աշխատել զինադադարի հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ հանախագահների օգնությամբ՝ հիմքում ունենալով հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված չորս կետերը»,- հստակեցրեց նախարարը:
Մնացականյանը նշեց, որ գերակա հարցերից մեկը վերիֆիկացիոն համակարգի ներդրումն է, որը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնելու կրակի դադարեցման համաձայնությունը։ Նա նշեց, որ այս ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, և համանախագահների ներգրավվածությունը, վճռականությունը, աշխատանքը ևս մնում են շատ կարևոր։
Պատասխանելով ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության մասին հարցին՝ նախարարն ասաց, որ այսօր ՀՀ-ն իրականացնում է այն գործառույթները, որոնք անհրաժեշտ է իրականացնել:
comment.count (0)