armenpress.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հաջորդ տարվա պետբյուջեից կհատկացվի 503.6 մլրդ դրամ, ինչն ավելի է նախորդ տարվա համեմատ:
Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2021-ի բյուջեի նախագծով հատկացվել է 503.6 մլրդ դրամ՝ թվով 11 ծրագրերում ընդգրկված 99 միջոցառումների համար: Այս ցուցանիշը 10.7 մլրդ դրամով ավելի է 2020 թվականի պետբյուջեով նախատեսված ծրագրից, աճը կազմել է 2.2 տոկոս»,- ասաց Բաթոյանը:
Բյուջեի տրանսֆերտները կազմում են 94.2 տոկոս, խոսքը հիմնականում նպաստների, կենսաթոշակների մասին է: Նոր ծրագրեր, նոր միջոցառումներ չկան: Նախարարի վստահեցմամբ՝ չնայած ֆինանսական դժվարություններին՝ ոլորտի ծրագրերում նվազումներ, ծրագրերի կասեցումներ չեն եղել, նույնիսկ որոշակի ծրագրերում ավելացումներ են արվել:
Ժողովրդագրական վիճակի բարելավմանը վերաբերող ծրագրերում արվել են ավելացումներ: Պետբյուջեով նախատեսված չափաքանակը 7.2 մլրդ դրամով ավելին է՝ նախորդ տարվա համեմատ: Նպաստների, կենսաթոշակների բարձրացումներ այս իրավիճակում ասյ բյուջեով նախատեսված չեն:
Բաթոյանը հիշեցրեց, որ բյուջեն կազմվել է առանց ներկայիս վիճակը նկատի ունենալու, սակայն աջակցության մեխանիզմները թույլ են տալու արձագանքելու որոշակի խնդիրների:
comment.count (0)