tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագիրը, գրում է Tasnim News Agency-ն։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված համաձայնագիրը, որը հանգեցրել է կրակի և մարտական գործողությունների դադարեցմանը։
Իրանը հուսով է, որ համաձայնագիրը, որի սկզբունքները նույնպես հիշատակվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից առաջադրված նախաձեռնության մեջ, կհանգեցնի կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման վերջնական պայմանավորվածությունների, որպեսզի այն խաղաղություն և բարեկեցություն բերի տարածաշրջանի բոլոր երկրների մարդկանց և թեթևացնի առկա խնդիրները»,- ասված է հայտարարության մեջ:
Նաև նշում է, որ Իրանը «պատրաստ է աջակցել շփման գծի երկայնքով ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայմանը՝ հրադադարի մասին համաձայնագրի 3-րդ և 4-րդ կետերի հիման վրա»։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ ՌԴ-ն, Ադրբեջանը և Հայաստանը Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել:
Իր հերթին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01:00-ից դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել:
«Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ և մեր ժողովրդի համար: Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա հնարավոր ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով»,- ասել է նա։
comment.count (0)