armenpress.am: Կիևում նոյեմբերի 10-ին կայացել է Ուկրաինայի Հայերի միության Կիևի և Երևանի օպերատիվ շտաբների համատեղ նիստը՝ Հայաստան օգնության տրամադրման և կազմակերպման հարցով: AnalitikaUA.net-ը տեղեկացնում է, որ հայրենակիցներին օգնություն տրամադրելու ուղղությամբ աշխատանքներրի համակարգմանն ուղղված քննարկումներից բացի նիստի մասնակիցները՝ Արցախում և Հայաստանում վերջին իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկան:
«Ուկրաինայի Հայերի Միությունը կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին պահպանել կայունություն, իսկ բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնել երկրի Սահմանադրությանը համապատասխան: Մեզ բոլորիս պետք է համահայկական միասնականություն՝ հաղթանակին հասնելու համար: Արցախում ռազմական գործողություններ սկսելու առաջին իսկ օրվանից ու մինչ օրս՝ Ուկրաինայի հայերի միության կողմից հսկայական աշխատանք է տարվել համապատասխան օժանդակություն ցուցաբերելու ուղղությամբ: Մենք շարունակելու ենք աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, որոնք տուժել են պատերազմի հետևանքով:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում սրտացավ այն բոլոր քաղաքացիներին, ովքեր անտարբեր չմնացին մեր պատմական հայրենիքի համար դժվար օրերին և իրենց օգնությունը ցուցաբերեցին: Մեր միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք օգնել պատերազմի հետևանքով իրենց տները կորցրած մարդկանց: Մեր բոլոր հայրենակիցներին կոչ ենք անում պահպանել հանգստություն և չկորցնել ոգու արիությունը: Խնդրում ենք լինել ուշադիր և չտրվել սադրանքների»,-ասված է հայտարարությունում:
Նիստը, որ անցկացվեց կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, հատուկ ուշադրություն հատկացվեց Ուկրաինայում բնակվող հայրենակիցների անվտանգության խնդրին: Առանձնահատուկ շեշտվեց օրենքներին հետևելն ու պրովոկացիաներին ոչ մի կերպ չենթարկվելու անհրաժետությունը:
Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը:
comment.count (0)