ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին կհարցնեք՝ ինչպես են մերժել խնդրանքս՝ ինձ հետ գալ առաջնագիծ․ Հարությունյան
19:39 - 11 նոյեմբերի, 2020

ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին կհարցնեք՝ ինչպես են մերժել խնդրանքս՝ ինձ հետ գալ առաջնագիծ․ Հարությունյան

Հոկտեմբերի երեքին, երբ հակառակորդը գրավել էր Մատաղիսը եւ Թալիշը, ու վտանգված էր մեր հյուսիսային ամբողջ հատվածը, երբ Եղնիկներ կոչեցյալ տեղամասից մեր զորքի մի մասը խուճապահար փախչում էր, ես ահազանգել եմ, որ չունենք մարդկային ռեսուրսներ։ Այս մասին քիչ առաջ ուղիղ եթերով հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինքը հենց այդ օրը վաղ առավոտյան է կոչ արել եւ ասել՝ գնում է առաջնագիծ․

«Ինձ համար այդ օրը պարզ էր, որ զորքի մի մասը խուճապահար էր, ոչ թե ՊԲ-ի, ԶՈՒ-ի, այլ առաջնագծում եղած զորքի, տարբեր կամավորականների եւ այլն։ Այդ օրը, երբ հատուկ ստորաբաժանումների հետ պիտի գնայինք, ՀՀ-ից եկած ԱԱԾ-ի մեր ամենաուժեղ ստորաբաժանումների, Արցախից եկած, հրաժարվում էին գնալ Եղնիկներ։ Խնդրել եմ, աղաչել եմ, ասել եմ՝ ես եմ գնալու, ստացել եմ բացասական պատասխան, չեն եկել, առաջնագիծ գնալու ժամանակ երկրի նախագահին թողել են մենակ»,- պատմեց Հարությունյանը՝ շեշտելով, որ սրա մասին ստիպված է արտահայտվում․

«Կհարցնեք ՀՀ ԱԱԾ ամենաէլիտար ստորաբաժանման անդամներին՝ ինչպես են մերժել խնդրանքս, աղաչել եմ, պաղատել եմ՝ գնում ենք առաջնագիծ, որովհետեւ առաջնային մասում գտնվող զորքի թիկունքը բաց էր։ Շատ քիչ զորք միացավ ինձ, մենք կարողացանք կատարել խնդիրը, եւ դրա շնորհիվ Եղնիկներն ամբողջովին մեր վերահսկողության տակ են»։

Նախագահն ասաց՝ ամեն անգամ զգուշացրել է, որ մարդկային ռեսուրսների կարիք կա, թիվ չնշեց՝ ինչքան մարդ է միացել, սակայն ասաց, որ 18 տարեկաններին թողել ենք մենակ՝ բոլորս․

«Այո, կամավորական ջոկատներ կային, մի մասը մինչեւ վերջին պահը կատարել է իր խնդիրը, մի մասը մի օր էլ չի մնացել։ Պահեստազորից համալրված ստորաբաժանումներ եկել են՝ մի մասը մի քանի ժամ, մի մասը՝ մի քանի օր։ Մի դեպք նշեմ (զեկուցագրից կարդում է,-խմբ․)․ գնդապետ Գրիգորի Սահակյանը, որ պիտի ուղեկցեր ՀՀ-ից եկած երկու գումարտակ, զեկուցում է, որ նրանք հրաժարվում են Շուշիի պաշտպանման համար պլանավորված օպերացիային մասնակցելուց»։

«Ո՞վ է ծախել հողը»,- հարց հնչեցրեց Հարությունյանն ու ինքն էլ պատասխանեց․

«Ծախել ենք ազգովի, դավաճանել ենք մեր զինվորներին, 18-20 տարեկան մեր բալիկներին։ Բոլորս միասին ենք դավաճանել, դավաճան չփնտրե՛ք, այն կանայք, որ իմ ու մնացած ղեկավարների նկատմամբ վայրահաչոց են սկսել։ Միայն զոհվածների հարազատներն իրավունք ունեն բոլորիս անվանել դավաճան»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել