Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները
21:20 - 13 նոյեմբերի, 2020

Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին կատարել Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը՝ կատարելու Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորությունները․

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը և գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները:

Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի և էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը և այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝

- հակահայկական տրամադրությունների տարածումը,

- հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը,

- պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը,

- էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության և մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու և դրանցից օգտվելու իրավունքները,

- իրավասու ներպետական դատարանների և պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության և վերականգնման ձախողումը,

- և հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում և հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները»:

Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել