Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա
20:02 - 07 փետրվարի, 2021

Համայնքների խոշորացման ազդեցությունը համայնքային ծառայությունների հասանելիության և ենթակառուցվածքների զարգացման վրա

Ենթակառուցվածքներն ու ծառայությունները համայնքներում․ մասշտաբի էֆեկտ

Համայնքների խոշորացման գործընթացից ակնկալվող օգուտներից մեկն այն էր, որ կբարելավվի համայնքներին մատուցվող ծառայությունների որակը, և համայնքներն ավելի շատ ապահովված կլինեն ենթակառուցվածքներով։

«Գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում է: Դա բերում է գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի: Հատկանշական է, որ պետությունն ու միջազգային դոնոր կազմակերպություններն իրականացնում են մի շարք ծրագրեր` ուղղված ինչպես ենթակառուցվածքների վերականգնմանը, այնպես էլ ձեռնարկատիրության ներգրավմանը: Սակայն այդ ծրագրերը զգալի ազդեցություն չունեն, քանզի այստեղ մենք գործ ունենք ոչ արդյունավետ կառավարման հետ, երբ տարբեր տեսակի ներարկումները չեն տալիս համապատասխան արդյունք նրանց հետագա շահագործման ու պահպանման գործում համայնքների անկարողության պատճառով»,-  2011-ին ասվում էր կառավարության մշակած` «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։

Այս խնդրից լուծման երկու տարբերակ էր առաջարկվում՝ համայնքների խոշորացումը և միջհամայնքային միավորումնեի ձևավորումը։ Կառավարությունը հետագայում լուծման տարբերակ ընտրեց համայնքների խոշորացումը, ինչը, սակայն, չի բացառում միջհամայնքային միավորումների ձևավորումը (համայնքների խոշորացման և միջհամայնքային համագործակության մասին առավել մանրամասն՝ այստեղ

Համայնքների խոշորացումը ծառայությունների և ենթակառուցվածնքների հասանելիության վրա ազդելու էր՝ համաձայն մասշտաբի էֆեկտի. «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի կողմից մատուցվող ծառայությունները» (տես՝ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց», ՏԿՆ, 2013թ․)։

Այսինքն, մասշտաբի էֆեկտը խոշորացված համայնքների դեպքում ենթադրում էր հետևյալը․ որքան մեծանում է ծառայություններից օգտվողների թիվը, այնքան ավելի էժան է դառնում այդ ծառայության մատուցումը։ Օրինակ, եթե առաջ աղբահանության համակարգը գործում էր մի գյուղում, աղբատար  մեքենան սպասարկում էր այդ գյուղին, ապա համայնքների խոշորացման դեպքում այդ նույն աղբատար մեքենան աշխատելու էր խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերի համար, միջհամայնքային համագործակցության դեպքում էլ մի քանի համայնքներ միանալու էին և միասնական կերպով էին իրականացնելու աղբահանության գործընթացը։ Սրանից կարելի է ենթադրել, որ խոշորացումը կարող էր հնարավորություն տալ ավելի շատ բնակավայրերի համար հասանելի դարձնել համայնքի մատուցած ծառայությունները։

«Հայաստանում համայնքների խոշորացման դեպքում մասշտաբի էֆեկտն անժխտելիորեն կարտահայտվի վարչական ծախսերի կրճատմամբ և գուցե որոշ չափով` ծառայությունների մասով»,- ասվում էր «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգում։

Infocom.am-ը նաև առանձին հոդվածով անդրադարձել է խոշորացման արդյունքում նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայված դրամական միջոցների թեմային։ Մեր ուսումնասիրությունը երկու մարզի օրինակով ցույց է տվել, որ համայնքների մեծ մասում աշխատակազմերի կրճատման հետևանքով դրամական միջոցներ են խնայվել, իսկ կառավարությունը դեռ խոշորացման գործընթացի մեկնարկից առաջ վստահեցնում էր, որ այդ խնայողությունների շնորհիվ կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը։

«Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ  Վահան Մովսիսյանը նշում է, որ համայանքների համաչափ զարգացման համար առաջին քայլը մոտավորապես նույն ունակություններով համայնքների ձևավորումն է, և այստեղ խոսքը ոչ միայն ֆինանսական, այլև ենթակառուցվածքային և այլ ունակությունների մասին է։ 

«Հավասարաչափ զարգացման մի գործոնը կառավարությունն արդեն անում է կարծես․ սուբվենցիան ծրագրերով փորձում են ենթակառուցվածքներ ստեղծել այն համայնքներում, որտեղ ինչ-որ ենթակառուցվածքներ բացակայում են»,- ասել է նա մեզ տված հարցազրույցում։

Վահան Մովսիսյանի խոսքով՝ համայնքների խոշորացումից հետո ենթակառուցվածքների ու ծառայությունների մասով դրական փոփոխություններ եղել են․ «Եթե մենք խոսենք ամենաառաջին խոշորացումից, երբ ձևավորվեցին Դիլիջանը, Թումանյանը, Տաթևը, և դրան գումարենք հաջորդ 15-ը, ապա բոլոր համայնքներում առնվազն 200-ից 500 հազար դոլարանոց ներդրումային ծրագիր է իրականացվել տեխնիկայի գծով, ինչը ենթադրում է, որ, օրինակ, ձեռք բերված գրեյդերը չի աշխատելու միայն համայնքային կենտրոնում, այլև մնացած բնակավայրերում, խոսքը նաև աղբատար մեքենաների, ինքնաթափ մեքենաների, կոմբայնի մասին է։ Առանձին փոքր համայնքների դեպքում դա անել անհնարին էր։ Մասշտաբի էֆեկտը հնարավորություն ստեղծեց, որ այդ համայնքային փունջն ունենա մեկ միասնական տեխնիկական բազա, որը ձևակերպվեց որպես ՀՈԱԿ և հիմա սպասարկում է ոչ միայն այն բնակավայրին, որտեղ գտնվում է, այլև համայնքի բոլոր բնակավայրերին»։

Infocom.am-ը փորձել է Տավուշի և  Սյունիքի մարզերի 5 համայնքի օրինակով հասկանալ, թե ենթակառուցվածքները և բնակիչներին մատուցվող ծառայություններն ինչ վիճակում են եղել խոշորացուցմից առաջ, և արդյո՞ք խոշորացումից հետո ենթակառուցվածքներն ու ծառայությունները հասանելի են խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի կամ դրանց մեծ մասի համար։

Համեմատությունը կատարվել է հետևյալ կերպ․ վերցվել են խոշորացված համայնքների կազմում ընդգրկված բնակավայրերում (նախկին համայնքներում) խոշորացմանը նախորդող երկու տարիներին հիմնական ենթակառուցվածքների և համայնքի մատուցած ծառայությունների մասին տվյալները, որոնք համեմատվել են այս պահին առկա տվյալների հետ։ Տվյալները ստացվել են համայնքապետարաններից։ Ուսումնասիրութան համար վերցվել են Տավուշի մարզի Կողբ, Այրում, Նոյեմբերյան և Սյունիքի մարզի Գորայք, Սիսիան համայնքները։

 

Կողբ

Կողբ խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին՝ Կողբի և  Զորականի միավորմամբ։ Այն Հայաստանի՝ ամենաքիչ թվով բնակավայրեր ընդգրկող համայնքներից մեկն է։

Մինչև խոշորացումը Կողբում գործել են երկու գրադարան, երկու մանկապարտեզ և մեկ երաժշտական դպրոց, որոնք շարունակում են գործել  նաև հիմա (մանկապարտեզները խոշորացումից հետո վերանորոգվել են)։ Զորականում նման կառույցներ չեն գործել, խոշորացումից հետո բացվել է մանկապարտեզ։

Խոշորացումից առաջ Կողբը 50%-ով է ապահովված եղել խմելու ջրով, Զորականը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կողբի 70%-ն է ապահովված խմելու ջրով, Զորականի՝ 80%-ը։

Խոշորացումից առաջ Կողբը գազաֆիկացված է եղել 95%-ով, Զորականը՝ 70%-ով։ Խոշորացումից հետո Կողբը գազաֆիկացված է 96%-ով, Զորականը՝ 75%-ով։ 

Աղբահանության համակարգ երկու համայնքում էլ խոշորացումից առաջ գործում էր և խոշորացումից հետո էլ շարունակում է գործել, սակայն խոշորացումից հետո մեծացել է հաճախականությունը․ Կողբում աղբահանություն իրականացվում է 5 օրը մեկ (նախկինում ՝ 10 օրը մեկ), Զորականում՝ 10 օրը մեկ (նախկինում՝ 15 օրը մեկ)։

Խոշորացումից առաջ երկու համայնքում էլ եղել է փողոցային լուսավորություն, Կողբում՝ 1,2 կմ, Զորականում՝ 200 մ: Այժմ Կողբում փողոցային լուսավորությունը 3,5 կմ է, Զորականում՝ 500 մ (այստեղ պետք է հաշվի առնել, որ Կողբը տարածքով ավելի մեծ է, քան Զորականը)։

Նկար 1-ում կարող եք տեսնել Կողբ համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։

Նկար 1

Այրում

Այրում խոշորացված համայնքի (ձևավորվել է 2016-ին) կազմում ընդգրկված նախկին 8 համայնքներից գրադարաններ գործել են 2-ում։ Խոշորացումից հետո Արճիս բնակավայրի գրադարանը փակվել է, և այս պահին միայն համայնքային կենտրոն Այրումում է գործում գրադարան։

Նախադպրոցական կրթական հաստատություններ մինչև խոշորացումը գործել է նախկին համայնքներից 5-ում, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել, միայն գործող մանկապարտեզներից 4-ը վերանորոգվել են։

Երաժշտական դպրոցներ գործել են 2 բնակավայրում, այժմ էլ գործում են։ Այրումում նաև գործել և գործում է մշակույթի կենտրոն, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Այլ կառույցների մասին տեղեկություններ Այրումի համայնքապետարանը չի տրամադրել։

Նախկին համայնքները ապահովված չեն եղել խմելու մշտական ջրով, խոշորացումից հետո 6 բնակավայր 90%-ով ապահովվել է։

Մինչև խոշորացումիը նախկին համայնքներից 4-ը մոտ 80%-ով գազաֆիկացված է եղել, խոշորացումից հետո համայնքի բոլոր բնակավայրերն են մոտ 80%-ով գազաֆիկացված։

Մինչև խոշորացումը բոլոր նախկին համայնքներում գործել է աղբահանության համակարգ, խոշորացումից հետո էլ շարունակում է գործել։

Փողոցային լուսավորությամբ ապահովված են եղել բոլոր բնակավայրերը՝ մոտ 55%-ով, խոշորացումից հետո փողոցային լուսավորություն ունեն կրկին բոլոր բնակավայրերը՝ գրեթե 90%-ով։

Նկար 2-ում կարող եք տեսնել Այրում համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։

Նկար 2

Նոյեմբերյան

Նոյեմբերյան խոշորացված համայնքը ձևավորվել է 2016-ին։ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքներից 6-ում խոշորացմանը նախորդող երկու տարիներին գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո՝ 2020-ին, գրադարան է բացվել նաև Ջուջևան բնակավայրում։

Բացի Բարեկամավանից՝  մյուս բնակավայրերում խոշորացումից առաջ գործել են մանկապարտեզներ կամ նախակրթարաններ։ Խոշորացումից հետո Ջուջևանի և Դովեղի նախակրթանները չեն գործում։

Նոյեմբերյանում մինչև խոշորացումը գործել են երաժշտական դպրոց, գեղարվեստի դպրոց և մարզադպրոց, խոշորացումից հետո գեղարվեստի դպրոցը չի գործում։ Բերդավանում գործել են երաժշտական դպրոց և մշակույթի տուն, որոնք շարունակում են գործել խոշորացումից հետո, երաժշտական դպրցը նաև վերանորոգվել է։ Ոսկեվանում գործել և շարունակում է գործել մարզադպրոց, խոշորացումից հետո բացվել է նաև գեղարվեստի դպրոց և պարի խմբակ։ Մնացած 6 բնակավայրերում նման կառույցներ մինչև խոշորացումը չեն գործել, խոշորացումից հետո էլ պատկերը չի փոխվել։

Մինչև խոշորացումը նախկին համայնքներից 4-ն ապահովված են եղել խմելու ջրով, Բարեկամավանը՝ 20%-ով է ապահովված եղել, Դովեղում խմելու ջուրը ժամային գրաֆիկով է գործել։ Խոշորացումից հետո Ջուջևանը, որը մինչ այդ ապահովված չէր խմելու մշտական ջրով, 90%-ով ապահովվել է,  մնացած բնակավայրերում իրավիճակը նույնն է։

Մինչ խոշորացումը Նոյեմբերյանը գազաֆիկացված է եղել 90%-ով, Կոթին՝ 70%-ով, Դովեղը՝ 98%-ով, Բաղանիսը և Բերդավանը՝ 100%-ով, մնացած 4-ը գազաֆիկացված չեն եղել։ Ջուջևանը, որը մինչ խոշորացումը գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո գազաֆիկացվել է 90%-ով։ Ոսկեվանը, որը նույնպես խոշորացումից առաջ գազաֆիկացված չէր, խոշորացումից հետո մասամբ գազաֆիկացվել է։ Ոսկեպարն էլ գազաֆիկացված չի եղել, իսկ խոշորացումից հետո գազաֆիկացվել է 100%-ով։ Այսինքն, համայնքի բնակավայրերից միայն Բարեկամավանը գազաֆիկացված չի եղել և շարունակում է չլինել։

Աղբահանության համակարգ մինչև խոշորացումը գործել է  բոլոր բնակավայրերում՝ բացի Բարեկամավանից։ Խոշորացումից հետո պատկերը հիմնականում մնացել է նույնը, միայն գործող համակարգերը  բարելավվել են․ Կոթիում աղբահանություն իրականացվում է շաբաթական 1 անգամ, նախկին ամսական 2 անգամի փոխարեն, Ջուջևանում՝ ամիսը 4 անգամ, նախկին ամսական 1 անգամի փոխարեն։

Փողոցային լուսավորություն խոշորացումից առաջ ունեցել են Նոյեմբերյանը, Ոսկեվանը, Կոթին լուսավորված է եղել 10%-ով, Բաղանիսը՝ 90%-վ, Բերդավանը՝ 50%-ով, Ոսկեպարը՝ 25%-ով, Դովեղը՝ 40%-ով։ Խոշորացումից հետո Կոթին լուսավորված է 30%-ով, Ջուջևանը, որ լուսավորված չէր, խոշորացումից հետո լուսավորվել 80%-ով, Բերադավանն այս պահին լուսավորված է ավելի քան 70%-ով, Ոսկեպարի 85%-ն է դարձել լուսավորված, Դովեղը դարձել է 100%-ով լուսավորված։

Նկար 3-ում կարող եք տեսնել Նոյեմբերյան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։

Նկար 3

Գորայք

Գորայքը ձևավորվել է 2016-ին։ Գորայքի կազմում ըվդգրկված նախկին բոլոր 4 համայնքներն ունեցել են գրադարաններ, որոնք հիմա էլ շարունակում են գործել։

Նախադպրոցական կրթական հաստատություն ունեցել են 2 նախկին համայնքներ, խոշորացումից հետո պատկերը չի փոխվել։ Այլ կառույցներ չեն եղել, այժմ էլ չկան։

Բոլոր նախկին համայնքներն ապահովված են եղել խմելու մշտական ջրով, հիմա էլ ապահովված են, գազաֆիկացված են եղել, այժմ էլ գազաֆիկացված են (յուրաքանչյուր բնակավայր՝ 95%-ով)։

Աղբահանության համակարգ խոշորացումից առաջ գործել է միայն Գորայքում, այժմ աղբահանության համակարգ ոչ մի բնակավայրում չի գործում։ Գորայքում, որի աղբահանության համակարգը դադարել է գործել 2020թ․ մայիսի 1-ից, աղբահանությունն ըստ անհրաժեշտության վճարովի կատարում  է Գորիսի կոմունալ ծառայությունը: 

Մինչև խոշորացումը միայն Գորայքը 90%-ով ապահովված է եղել փողոցային լուսավորությամբ, այս պահին բոլոր բնակավայրերը լուսավորված են 100%-ով։

Նկար 4-ում կարող եք տեսնել Գորայք համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։

Նկար 4

Սիսիսան

Սիսիսանն իր կազմում ընդգրկված բնակավայրերի թվով ամենամեծ խոշորացված համայնքներից մեկն է, ձևավորվել է 2017-ին։

Խոշորացմանը նախորդող երկու տարիների՝ 2015-2016 թթ․ ընթացքում, նախկին 32 համայնքներից 30-ում գործել են գրադարաններ։ Խոշորացումից հետո բնակավայրերից 14-ի գրադարանները դադարել են գործել։

Սիսիան քաղաքում մինչև խոշորացումը գործել է 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն, ևս 12 նախկին համայնքում գործել են մանկապարտեզներ կամ երեխաների խմբեր: Այդ 12 բնակավայրերի մանկապարտեզները և խմբերը խոշորացումից հետո միացվել են Սիսիան քաղաքի 4 մանկապարտեզներին, և 12 բնակավայրերից միայն Տոլորսի խումբն է 2019-ին դարձել մանկապարտեզ։

Խոշորացումից հետո՝ 2018-ին, ներդրումային ծրագրով նախակրթարաններ են բացվել Ախլաթյան և Իշխանասար բնակավայրերում։ 2019-ին Լոր համայնքում բացվել է խումբ: Սիսիանի համայնքապետարանից հավաստիացնում են, որ սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է Վաղատին և Որոտնավան բնակավայրերի համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում վերանորոգել խմբասենյակներ։ 

Հայամայնքային կենտրոն Սիսիան քաղաքում խոշորացումից առաջ գործել են սպորտի դպրոցներ և մշակութային կենտրոններ (արվեստի կենտրոն, մշակույթի կենտրոն, գեղարվեստի դպրոց, երաժշտական դպրոց, ֆուտբոլի դպրոց, շախմատի դպրոց), որոնք խոշորացումից հետո շարունակում են գործել՝ բացառությամբ ավեստի դպրոցի, որը միավորվել է արվեստի կենտրոնի հետ:

Այլ բնակավայրերում այսպիսի կառույցների առկայության մասին տեղեկություններ Սիսիանի համայնքապետարանից չեն տրամադրել։

Մինչ խոշորացումը Սիսիսանի կազմում ընդգրկված բոլոր բնակավայրերն ապահովված են եղել խմելու ջրով, գազաֆիկացված են եղել բնակավայրերից 10-ը, ոչ  մեկում չի գործել աղբահանության համակարգ, լուսավորված են եղել բնակավայրերի փողոցների 40-50%-ը։

2018-ից  հետո Սիսիանi բնակավայրերում արդիականացվել են խմելու ջրագծերը, բնակավայրերը չեն գազաֆիկացվել, աղբահանության համակարգ է ներդրվել 13 բնակավայրում՝ շաբաթական մեկ օր հաճախականությամբ։ 7 բնակավայրում իրականացվել են լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքներ։

Նկար 5-ում կարող եք տեսնել Սիսիան համայնքում ենթակառուցվածքների և ծառայությունների փոփոխությունները խոշորացումից հետո։

Նկար 5

Ամփոփելով ուսումնասիրված համայնքների տվյալները՝ կարող ենք նշել, որ, իրոք, ենթակառուցվածքների և ծառայությունների մասով դրական փոփոխություններ բնակավայրերում կան․ Զորականում, օրինակ, խոշորացումից հետո մանկապարտեզ է բացվել, Այրումի բնակավայրերի մեծ մասն ապահովվել է խմելու ջրով, լուսավորության ցանցն է ընդլայնվել, Նոյեմբերյանում մի բնակավայր ապահովվել է խմելու ջրով, մի քանի բնակավայր գազաֆիկացվել է, փողոցային լուսավորության ցանցն է ընդլայնվել։

Որոշ դեպքերում նկատվել է նաև հակառակ միտումը, երբ խոշորացումից առաջ գործել է որևէ կառույց, սակայն խոշորացումից հետո այդ կառույցը չկա։ Սիսիանում, օրինակ, 14 նախկին համայնքների գրադարանները խոշորացումից հետո դադարել են գործել, մանկապարտեզներ են փակվել, Այրումի բնակավայրերից մեկի գրադարանն է փակվել։

Նկատելի է այն միտումը, երբ հիմնականում համայնքային կենտրոններն ապահովված են գրեթե բոլոր ենթակառուցվածքներով, և այնտեղ մատուցվում է անհրաժեշտ ծառայությունների զգալի մասը, իսկ որոշ բնակավայրերում ինչպես խոշորացումից առաջ, այնպես էլ հիմա այդ ծառայությունները հասանելի չեն։ Նոյեմբերյանում, օրինակ, բացի համայնքային կենտրոնից, միայն երկու համայնքում կա երաժշտական դպրոց կամ մարզադպրոց, մնացած վեցում նման կառույցներ չկան։ Սիսիանի դեպքում միայն համայնքային կենտրոնում են գործում նման կառույցներ։ 

Կան նաև բնակավայրեր, որոնցում խոշորացումից հետո էական փոփոխություններ չեն եղել, օրինակ՝ Նոյեմբերյանի Բարեկամավանը կամ Գորայքի բնակավայրերը։

Այպիսի կենտրոնացումը բացատրելի է, քանի որ հնարավոր չէ համայնքի բոլոր բնակավայրերում ունենալ բոլոր ենթակառուցվածքները և մատուցել բոլոր ծառայությունները։ Այլ հարց է, թե որքանով են համայնքային կենտրոնների ենթակառուցվածքներն ու մատուցվող ծառայությունները հասանելի բոլոր բնակավայրերին, այսինքն՝ առկա՞ է տրանսպորտ, թե՞ ոչ, համայնքային կենտրոնից հեռավորությունը մե՞ծ է, թե՞ փոքր, ճանապարհները լա՞վ վիճակում են, թե՞ վատ։ Փոքր հեռավորության և հանրային տրանսպորտի առկայության դեպքում բնակավայրերում մարդկանց հասանելի կլինեն ենթակառուցվածքներն ու ծառայությունները, որոնք կենտրոնացած են համայնքային կենտրոնում։

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել