Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները Ապրիլյան պատերազմով սպառվել են․ Նիկոլ Փաշինյան
15:28 - 16 նոյեմբերի, 2020

Տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները Ապրիլյան պատերազմով սպառվել են․ Նիկոլ Փաշինյան

Այսօր մի հայտարարություն եք արել, որը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ․ որքանով ես եմ ծանոթ՝ Շուշիի հարցը որեւէ բանակցային փաթեթի մաս չի կազմել։ Այս մասին այսօր՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ 

«Խնդրում եմ սրա վերաբերյալ պարզաբանում տաք»,- ասաց Հայրապետյանը։ 

Նշենք, որ այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետը հայտնել էր, որ  եղել են առաջարկներ, ինչպես պատերազմից առաջ, որ կարող էր պատերազմը կանխվել, եթե հանձնվեին յոթ շրջաններն ու Շուշին՝ առանց ԼՂ կարգավիճակի հստակեցման։

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Տաթևիկ Հայրապետյանի պնդմանը, ասաց, որ նա խոսում է բանակցային փաթեթների մասին․ իսկ բանակցային որեւէ փաթեթ կյանքի կոչվե՞լ է։

«Մենք բանակցային փաթեթ ասելով՝ նկատի ունենք թղթեր, որոնք գոյություն են ունեցել։ Եւ հաջորդ հարցը, որ այդ բանակցային կոնտեքստում պիտի ծագի՝ իսկ ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ, ո՞ր դեպքում է, որ որեւէ բանակցային փաթեթ կդառնա իրականություն։ Վերջին երկուսուկես տարվա ընթացքում իմ ունեցած քննարկումները ինձ համար կասկած չեն թողնում, որ պատերազմի կանխարգելումը միանշանակ պետք է ենթադրեր հայկական կողմի հրաժարումը ԼՂ կարգավիճակից եւ տեսանելի ապագայում կարգավիճակը ճշգրտող մեխանիզմների պահանջից եւ Շուշիից։ Այո, բանակցային փաթեթներ եղել են, դա ինչ է, թուղթ է, որի վրա կարող ես գրել նույնիսկ քո լավագույն ցանկությունները։ Բայց էդ բանակցային փաթեթներից որեւէ մեկն իրագործվե՞լ է։ Ոչ մեկը չի իրագրոծվել, եւ ես ասացի՝ էդ տեսական քննարկումների դաշտն անվերջ երկարաձագելու մեր հնարավորությունները ապրիլյան պատերազմով սպառվել են։ Եւ մենք 2016-ի ապրիլից հետո ունենք երկու ընտրություն․ կամ հրաժարվել մեր իրավունքներից, կամ փորձել պաշտպանել մեր իրավունքները»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հիմա թուղթ են ցույց տալիս, ասում են՝ Շուշիի մասին բան չկա։ Է բան չկա, դրա համար էդ թուղթը չի իրագործվել։

«Այնքան թղթեր կան, Կազանի թուղթն էլ կա, կյանքի է՞ կոչվել, դրանից առաջ ուրիշ թուղթ էլ կա, կյանքի է՞ կոչվել, իսկ ինչո՞ւ, ինչո՞ւ չի կոչվել, էդ լավ փաստաթղթերը չեն ուզե՞լ ստորագրել, ինչ-որ դավադրություն է՞ եղել։ Ոչ։ Երբ ինձ հարցնում են պարամետրերի մասին՝ ո՞ր պայմաններում էր ինչ հնարավոր, ես պատասխանում եմ, չեմ ասում՝ թուղթ կա, որի մեջ գրված էր սա կամ նա։ Ես ասում եմ այս արդյունքը հնարավոր էր ապահովել միայն այս պայմաններում։ Հիմա կարելի է մի թուղթ հրապարակել, որտեղ գրած լինի՝ ԼՂ-ն ՀՀ մաս է կամ անկախ պետություն է՝ 5 հազար քմ-ով, ու պտտել, ասել՝ տեսե՜ք՝ ինչ փաստաթուղթ է եղել։ Մեր պրոբլեմն էն է, որ ինչճոր տեղ եղած թղթերին ավելի շատ ենք հավատացել, քան իրողություններին։ Այսինքն՝ ի՞նչ են ուզում ասել, ուզում են ասել՝ ինչ-որ իրավիճակում հնարավոր է եղել ավելի լավ բան, եւ ՀՀ կառավարությունը դրանից հրաժարվել է՞»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև վեևահաստատեց օնլայն ասուլիսի ժամանակ ասված միտքը, որ շատ հանրապետականներ այսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու։ Կա երեք տարբերակ․ կա՛մ այդ մարդիկ մարգարե են, կա՛մ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, կա՛մ այդ մարդիկ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը։

«Բա ապրիլյան պատերազմը որ կանգնեցվեց, ո՞նց կանգնեցվեց, ինչի՞ համար, ի՞նչ պայմանով։ Մեկը հասկացա՞վ՝ ապրիլյանն ինչի կանգնեց, ինչի՞ պայմանով։ Էդ ո՞նց եղավ՝ էն պատերազմը կանգնեց, սա՝ չէ»․- նշեց վարչապետը, ինչին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչորյանը տեղից արձագանքեց՝ «ես գիտեմ, հանձնաժողովի զեկույցը կլինի։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ թող ոչ մեկն իրեն մարգարեի տեղ չդնի, նրանք գիտեին՝ հարցն ուր է հասել։

«Մեր սխալը գուցե էն է, որ մենք չենք եկել ժողովրդին ասել՝ գիտեք ինչ, սենց վիճակ է, բայց մյուս կողմից էլ կարող էր տպավորություն ստեղծվել, թե մենք հրաժարվում ենք պայքարից, բայց ես ռազմական դրության առաջին օրը ամբիոնից ասել եմ՝ հենց հիմա կարող ենք պատերազմը կանգնեցնել, եւ ասել եմ՝ ինչ պայմանով, ստեղից ասում էին՝ ոչ-ոչ-ոչ, հիմա ասում են՝ ինչի՞ չեք կանգնեցրել»,- ասաց վարչապետը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել