armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջան զինվորականներ ուղարկելու մասին հրամանագիրը վերաբերում է Թուրքիայի և Ռուսաստանի համատեղ մոնիտորինգի կենտրոնի գործունեության ապահովմանը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ադրբեջանի տարածքում լինելու է մոնիտորինգի կենտրոն, այնտեղ են ուղարկվելու թուրք զինվորականները: Ներքին ընթացակարգի իրականացում է՝ նախատեսված Թուրքիայի Հանրապետության ներքին օրենսդրությամբ»,-նշել է Պեսկովն՝ ավելացնելով, որ դա Թուրքիայի ներքին գործն է: Ինչ վերաբերում է Ադրբեջանում համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելուն, ապա Պեսկովը նշել է, որ դա Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ համաձայնության արդյունք է:
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ:
Հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ռուս-թուրքական համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հուշագիրը ստորագրվել է նոյեմբերի 11-ին:
comment.count (0)