Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը. Անի Սամսոնյան |aysor.am|
08:46 - 25 հունիսի, 2019

Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը. Անի Սամսոնյան |aysor.am|

aysor.am։ ԼՀԿ-ն դեմ է քվեարկելու ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում առաջարկվող փոփոխությունների և կից ներկայացված նախագծերի փաթեթին, ԱԺ ամբիոնից հայտարարեց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Մեր խմբակցության առաջարկները չեն ընդունվել, մենք դեմ ենք քվեարկելու այս օրենքին», - ասաց Սամսոնյանը՝ մեջբերելով առաջարկվող փոփոխություններից մի հատված.

«Եթե ընդդիմադիր խմբակցությանը վերապահված հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա ԱԺ կառավարող խմբակցությունը այս պաշտոնում թեկնածու է առաջադրում մեկամսյա ժամկետում: Ընդդիմադիր խմբակցությունները ներկայացնում են մեկ միասկանան թեկնածու»:

Հիշեցնենք` ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծով առաջարկվում է վարչապետի փոխարեն տնտեսական մրցակցության պաշտպանության և հանրային ծառայությունները կարգավորող մարմիններում թափուր հաստիքի համար թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահել հաջորդականությամբ կառավարությանը, ապա՝ խորհրդարանական մեծամասնությանը, ապա՝ ընդդիմադիր խմբակցություններին: Նույն կարգավորումն առաջարկվում է կիրառել կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի դեպքում:

Սամսոնյանը նկատեց նաև, որ առաջարկվող փոփոխություններով ստացվում է, որ իշխող ուժն ունենում է կրկնակի ներկայացվածություն այս մարմիններում:

«Մենք կարծում ենք, որ ԱԺ իշխող խմբակցությունն է ձևավորում կառավարությունը, հետևաբար այդ խմբակցության ու կառավարության առանձին թեկնածուներ առաջադրել վերապահելը կկրի խիստ ֆորմալ բնույթ: Կառավարության և ԱԺ իշխող ուժի կողմից առաջադրվող թեկնածուները միևնույն քաղաքական ուժի կողմից առաջադրված անձինք են: Մյուս մտավախությունը վերաբերում է ընդդիմության միասնական թեկնածու ներկայացնելուն:

Այս նախագիծը նպատակ ունի կռիվ գցել ընդդիմադիր խմբակցությունների տանը: Սա խիստ ապաքաղաքական և քաղաքական անհեռատես նախագիծ է այն առումով, որ, այո, ընդդիմադիր խմբակցությունները միասնաբար կարող են քննադատել իշխանությանը, բայց այս հարցում միասնաբար չեն կարող գործել, որովհետև ունեն այլ նպատակներ», - նկատեց պատգամավորը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել