Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան
20:14 - 20 նոյեմբերի, 2020

Փաշինյանը Տեր-Պետրոսյանին Մոսկվայում բանակցելու լիազորություն չտվեց. Լևոն Զուրաբյան

«Ազատությունը» հյուրընկալել է Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին։

«Ազատություն»․ - Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չգնաս Մոսկվա և ինչո՞ւ էր ուզում գնալ, ինչպես կառավարությունն է հայտնել:

 

Լևոն Զուրաբյան․- Դա էլ է շատ կարևոր հարց. ինչ-որ մի պահ, երբ արդեն պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված, և ասեմ Ձեզ` դա շատ արագ եղավ: Այդ հեքիաթները, որ բեկում, չգիտեմ ինչ․․․ շատ արագ բոլոր լուրջ մարդիկ հասկացան, որ պատերազմը, մենք էն գլխից գիտեինք, որովհետև հետևում էինք այդ սպառազինություններին, մենք հասկանում էինք, որ անհավասար պատերազմում, այդ աջակցության պայմաններում հնարավոր չէ, այսինքն` այստեղ մենակ ռազմական հարցերը չեն, աշխարհաքաղաքական ճնշումների, այդ կոնկրետ իրողությունների մեջ հնարավոր չէր պատերազմում հասնել հաղթանակի: Դա ակնհայտ էր: Ինչ-որ պահից և՛ Արայիկ Հարությունյանը դրա մասին բարձրաձայնեց, և՛ Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները դրա մասին բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար: Եվ դրա համար, այո՛, նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրվի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ որ հնարավոր էր պահպանել։ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց դա անել։

«Ազատություն»․ - Ասում է՝ ասել եմ, թող գնան։

Զուրաբյան․ - Դա էլ է ցույց տալիս, որ նա ոչ մի բան քաղաքականությունից չի հասկանում։ Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, որքան էլ հանգեն այդ մարդուն, առանց համապատասխան լիազորությունների։ Նրանք դրա ժամանակը չունեն․․․ Նա ասել է՝ գնացեք, բայց ես ձեզ լիազորություն չեն տալիս։ Այսինքն՝ բոլոր դրվագներում այդ անպատասխանատու, կյանքից կտրված, իրողություններից կտրված, ինչ-որ սեփական երազանքների մեջ ապրելու իր ձգտումը ցույց տվեց։

«Ազատություն»․ - Հընթացս հնարավո՞ր էր կանխել, որպեսզի այսպես բանը բանից չանցներ։

Զուրաբյան․ - Ես ուզում եմ ձեզ հիշեցնեմ, որ Լավրովն էլ էր պատերազմից մի քանի օր հետո խոսում, նորից 5 պլյուս 2, դեռ էդ հնարավորությունը կար։ Ինքը Նիկոլ Փաշինյանն էլ է հաստատում, որ այդ հնարավորությունը եղել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ է ասում, որ, այո, գնալով, ամեն մի կորստի հետ, ամեն մի ռազմական անհաջողության հետ պլանը փոխվել է դեպի վատը, ինչը բնական է, որ այսպես էլ պետք է լինի։ Բայց ինքը շարունակել է դիմադրել, շարունակել է համառել․․․ Դա գալիս է անհեռատեսությունից, բայց ես այստեղ ավելի լուրջ բաներ են կասկածում։ Դա ավելի շատ գալիս է, այս ամբողջ ընթացքը գալիս է նրանից, որ Նիկոլ Փաշինյանը, կներեք, անկուշտ և հիվանդագին փառասիրություն ունի, բացարձակապես տգետ է միջազգային քաղաքականության, աշխարհաքաղաքականության և ռազմական հարցերում։ Ի՞նչ բեկման մասին է խոսքը․․․ Եթե իրեն Գլխավոր շտաբի պետը պատերազմից առաջ, հունիսին ներկայացնում է զեկուցագիր, որ հաշվի առնելով բոլոր այս ռազմական բալանսի մասին տվյալները, մենք չենք կարող արդյունավետորեն դիմադրել այդ պատերազմում։ Ինչի՞ վրա էր հույսը դրել։ Ընդ որում, դա շարունակվել է պատերազմի ժամանակ։

Ոչ մի լուրջ ռազմական մասնագետ, այդ թվում մեր Գլխավոր շտաբի պետը, ոչ ոք նրան չի տվել տվյալներ, որոնց համաձայն հնարավոր էր բեկում մտցնել այս պատերազմում։ Միակ տվյալը, որ ինքը ունեցել է, դա իր անկուշտ փառասիրությունն է եղել։ Երբեք չի հասկացել, որ պետական ղեկավարի և քաղաքական գործչի գլխավոր առաքելությունը դա ռեսուրսների հաշվարկն է, այդ ռեսուրսների հիման վրա իրատեսական ստրատեգիայի կառուցումն է։ Նա, ըստ էության, այդ ամբողջը դրել է մի կողմ և ապավինել է մենակ մի բանի՝ այսպես կոչված դուխի վրա։ Սա ամենամեծ հանցանքն է իրականում։ Որովհետև մեր ժողովուրդը իսկապես հերոսական կռվեց, իսկապես պատրաստ էր կյանքեր զոհել հանուն հաղթանակի։ Բայց ի՞նչ մեղարվոր էր մեր ժողովուրդը և ի՞նչ մեղավոր էր մեր բանակը նրանում, որ երկրի ղեկավարը այս ամենի մասին պատկերացում չունի և պատրաստ է այդ հերոսական ոգին զոհաբերել հանուն իր ախորժակի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել