ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթվա վերջին հայտարարել էր, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, բայց պաշտոնապես չի նշվում, թե ինչի համար է առաջացել այդ անհրաժեշտությունը: Դրա հետ մեկտեղ նա վստահ է` Հայաստանի համար ամենահարմար մոդելը խորհրդարանական կառավարման համակարգն է։ Այս ամենի հետ մեկտեղ, հասարակական ու քաղաքական շրջանակներում խոսակցություններ են պտտվում, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվելու է Ադրբեջանի պահանջով։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանն էլ իր ասուլիսում նշել էր, որ ցանկացած մայր օրենք անդրադառնում է նաև երկրի արտաքին հարաբերությունների վրա։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր` այդ առումով, Հայաստանի և Ադրբեջանի սահմանադրություններն էլ բացառություն չեն, բայց ասել, թե Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է Սահմանադրության փոփոխության պատճառ, սխալ է։
Մայր օրենքի հնարավոր փոփոխության մասին Լևոն Զուրաբյանն ասաց, որ 1991 թվականին հայ ժողովուրդը բացարձակ կոնսենսուսով ընդունել է սահմանադրական օրենքներ, որոնցով Հայաստանում հիմնադրել է կիսանախագահական կառավարման մոդելը։ Կառավարման մոդելի անփոփոխ լինելը ենթադրում է քաղաքական խաղի կանոնների անփոփոխություն, և դա ժողովրդավարության հիմքերից է։
Նրա խոսքով` երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թվականին փոխեց կառավարման մոդելը` կեղծելով հանրաքվեի արդյունքները։
«Այդ պատճառով, եթե սահմանադրական ռեֆորմի անհրաժեշտություն կա, ապա այն վերաբերում է միայն մի բանի` վերահաստատել սահմանադրական կառավարման կայունության սկզբունքը միակ լեգիտիմ կառավարման մոդելին, այն է` կիսանախագահական։ Իսկ այդ անհրաժետշությունը կա»,– նշեց Զուրաբյանը` նշելով, որ դա անհրաժեշտ է տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու համար։
Ըստ Զուրաբյանի` պետք է ուշադրություն դարձնել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, որը չի հերքում, թե նոր Սահմանադրության ընդունման հարցը կապված է նաև արտաքին հարցերի հետ:
Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ «իշխանության քարոզիչները» սկսել են խոսել Սահմանադրության նախաբանի փոփոխության անհրաժեշտության մասին, որը հղում է անում Անկախության հռչակագրին։ Զուրաբյանը հիշեցրեց, որ բացի այդ, Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը հնչեցրել է նաև Իլհամ Ալիևը։
«Դժվար չէ ենթադրել, որ փոփոխությունների իրական մոտիվը ոչ մի կապ չունի որևէ կոնցեպտուալ առաջարկի հետ։ Միակ խնդիրը, որն այսօր Փաշինյանին դրդում է անվտանգության այս բարդագույն իրավիճակում (պատերազմի և խաղաղության միջև) փոփոխությունների գնալ, հենց Ադրբեջանի նախագահի պահանջների բավարարումն է»,- ասաց Զուրաբյանը։
Ավելի մանրամասն՝
armeniasputnik.am-ում։
comment.count (0)