aysor.am։ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանն այսօր Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Նրա թեկնածությունը խորհրդարանին ներկայացրել է հենց նույն խմբակցությունը։
Դռնփակ հանդիպումից հետո Բեքմեզյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ հանդիպման արդյունքները դրական է գնահատում։ Նրա խոսքով` պատգամավորներին ներկայացրել է իր մոտեցումները դատական համակարգի վերաբերյալ, իր մասնագիտական կենսագրությունը։
Հարցին, թե իր մոտեցմամբ, ԲԴԽ-ն ինչպե՞ս է աշխատել նախկինում, Բեքմեզյանը պատասխանեց. «Իմ կարծիքով, հրաժարականների շարանը արդեն իսկ հուշում է՝ ինչպես է աշխատել ԲԴԽ-ն։ Եթե իրենք էլ հասկանային, որ լավ ու արդյունավետ են աշխատել մինչ այժմ, ապա հրաժարականների շարան չէր լինի»։
Այդուհանդերձ, Բեքմեզյանի խոսքով, ԲԴԽ-ն վերջին ժամանակահատվածում դատական համակարգում մեծ գործ կատարել է, բայց մեկ տարին բավարար չէ հստակ գնահատական տալու համար։ Փաստը, նրա խոսքով, այն է, որ դատական համակարգն այժմ ճգնաժամի մեջ է։
«Ամբողջովին արդյունավետ համարել ԲԴԽ-ի աշխատանքը մենք չենք կարող», - հավելեց թեկնածուն։
Հարցին, թե անկախ չի՞ եղել ԲԴԽ-ն, ինչի հետևանքով նման խնդիրներ են ծագել, Բեքմեզյանը պատասխանեց. «Հակառակը, անսպասելի անկախ է եղել, միգուցե, դրա համար չի հասկացել՝ ինչ անի»։
Անկախ չլինելու փաստի առաջ ԲԴԽ-ն, ըստ Բեքմեզյանի, կանգնել է իշխանափոխությունից հետո։ «Երկրում փոխվեց իշխանությունը, ինչի արդյունքում փոխվեցին մոտեցումները դատական համակարգի նկատմամբ։ Այն, որ մեր դատական համակարգը ունի խնդիրներ, բոլորս գիտեինք։ Այդ խնդիրները գալիս էին իշխանություններից ու իշխանափոխությունից հետո դատական համակարգի ու իշխանությունների միջև անջրպետ առաջացավ, այսինքն՝ դատական համակարգը սկսեց այլևս ցուցումներ չստանալ նոր իշխանություններից, որի հետևանքով դատական համակարգը սկսեց մտածել՝ ումից ստանա հանձնարարություններ», - ներկայացրեց Բեքմեզյանը։
Նա ԲԴԽ-ի մեկ այլ խնդիր էլ մատնանշեց՝ ասելով, որ ԲԴԽ-ի և դատարանների միջև գործընկերային հարաբերություններ այդպես էլ չեն եղել, քանի որ ԲԴԽ-ն իրեն դիտել է որպես վերահսկող սուբյեկտ։
«Առաջին իմ խնդիրը, եթե ընտրվեմ ու դառնամ ԲԴԽ անդամ, մյուս անդամների հետ միասին պետք է կարգավորենք Դատական խորհուրդ և Բարձրագույն դատական խորհուրդ հարաբերությունները», - հավելեց նա։
comment.count (0)