Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում |1lurer.am|
10:59 - 08 դեկտեմբերի, 2020

Ռազմագերիների և գերեվարված անձանց թեմայով ԱԺ ուղերձը կքննարկվի փակ նիստում |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ազգային ժողովում, երբ քննարկվում էր ռազմագերիների հարցով քննարկում կազմակերպելու հարցը, վարման կարգով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշեց, որ մեր ռազմագերիների անվտանգությունից և գործընթացը չխաթարելու տեսանկյունից ելնելով՝  «իմ քայլը» խմբակցության պատգամավորները գրությամբ դիմել են ԱԺ նախագահին, որ քննարկումը դառնա փակ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենք նախաձեռնել են ռազմագերիների հարցով քննարկում, ինչպես նաև վերջում ուղերձի քննարկում, և  ուղերձը քաղաքական նկատառում, շահարկում, որևէ բան չունի:

«Երեկ «Իմ քայլը» դաշինքի ԱԺ խորհրդի անդամները փորձել են տապալել այս քննարկումը, ԱԺ խորհրդի նիստում պարզվել է, որ չեն կարող տապալել և երբ որ հասկացել են, որ անհնարին է տապալելը, որոշում է ընդունվել փակ անել: Մենք գտնում ենք, որ փակ անելն անիմաստ է»,-ասաց նա և նշեց, որ իր գործընկերներին կոչ է անում ձեռնպահ մնալ այդ քննարկումը փակ անելուց և վստահություն հայտնեց, որ այդ քննարկմանը չի վտանգվի ռազմագերիների խնդիրը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նշված թեման կարող է մեծագույն խնդիրներ առաջացնել, ինչպես նաև սպառնալ ռազմագերիների անվտանգությանը, կարող է ազդեցություն ունենալ ժամանակի վրա և բազմաթիվ բացասական հետևանքներ թողնել այդ գործընթացի վրա: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում՝ պատգամավորները, գիտակցում են, որ ի լուր աշխարհի ԱԺ ձայնը լսեցնելու համար պարտադիր չէ այդ լսումները ի լուր նաև մեր թշնամու լինի»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը ավելացրեց, որ եթե ցանկանային տապալել քննարկումը, բավարար էր քվորումը չապահովել, սակայն նման ցանկություն չունեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել