Համավարակը նորովի բացահայտեց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները
19:23 - 14 հունվարի, 2021

Համավարակը նորովի բացահայտեց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրները

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարտի 16-ին կառավարությունը երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշում ընդունեց: Իրավիճակով պայմանավորված՝ ժամանակավոր սահմանափակումներ դրվեցին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու ազատությունների վրա, ինչը ակամայից հանգեցրեց աշխատանքային իրավունքներին առնչող խնդիրների:

Սրան զուգահետ՝ համավարակը նպաստեց աշխատանքային հարաբերություններում մինչ այդ եղած խնդիրների լայնամասշտաբ բացահայտմանը: 

Աշխատանքային իրավունքների խախտումները՝ համավարակի ընթացքում

«Մարտի 16-ից նոյեմբերի 30-ը մեր գրասենյակը համավարակով պայմանավորված աշխատանքային իրավախախտումների վերաբերյալ շուրջ 400 դիմում-բողոք է ստացել: Հիմնական խնդիրը եղել է աշխատողների կարգավիճակի ճշտումը, այսինքն՝ նրանք, լինելով հարկադիր պարապուրդում, վճարվելո՞ւ են այդ ժամանակահատվածի համար, թե՞ ոչ»,- ներկայացրեց «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության (ԱԻՊ) գրասենյակի իրավաբան Արթուր Նարինյանը:  

«45 դեպք ենք արձանագրել, երբ, արտակարգ դրությամբ պայմանավորված, գործատուները լուծել են աշխատանքային պայմանագրերը՝ իրավիճակը համարելով «ֆորսմաժորային»: 60 դեպքում աշխատանքային պայմանագրերը լուծվել են արտադրանքի ծավալների կրճատման հիմքով: Շատ դեպքերում աշխատողներին ստիպել են իրենց հաշվին արձակուրդ վերցնել, որպեսզի չվճարեն այդ ժամանակահատվածի համար: Նշված դեպքերի շրջանակում դատական նախադեպեր չկան, քանի որ դատական գործերը դեռեւս դատավարական փուլում են: Այս պահին դատարանում քննվում է 5 գործ, որից 2-ը պակաս վճարված աշխատավարձի բռնագանձման պահանջին է վերաբերում, 3-ը՝ աշխատանքային պայմանագրի լուծման հրամանը անվավեր ճանաչելուն»,- մանրամասնեց Նարինյանը:

Համավարակով պայմանավորված՝ աշխատանքային իրավախախտումների վերաբերյալ ահազանգեր է ստացել նաեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի (ՀՔԱ) Վանաձորի գրասենյակը: Մարտի 16-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 50 ահազանգ, որից 28-ը վերաբերել է աշխատանքային իրավունքին։ Բացահայտվել են արտակարգ դրության պայմաններում պարապուրդի մեջ գտնվող անձանց վարձատրության, հեռավար աշխատանքի կազմակերպման, վճարովի եւ չվճարվող արձակուրդների տրամադրման, արտաժամյա աշխատանքի վճարման եւ աշխատաժամանակի կրճատման խնդիրներ։

Տես.՝ ինֆոգրաֆիկա 1 (ՀՔԱՎ-ի՝ արտակարգ դրության պայմաններում ստացված ահազանգերի թիվն՝ ըստ բնույթի)

Մարտի 16-ից ապրիլի 15-ը ՀՔԱՎ-ը հեռավար կարգով նաեւ իրավախորհրդատվություն է տրամադրել: Արտակարգ դրության առաջին ամսում ստացված 125 ահազանգից ամենամեծ թիվը կազմել են աշխատանքային իրավունքներին վերաբերող հարցերը` 25 խորհրդատվություն, որոնցից 10-ի դեպքում իրավունքի խախտում չի արձանագրվել: 

Ապրիլի 16-ից հունիսի 5-ը տրամադրված 190 իրավախորհրդատվությունից 12-ն է առնչվել աշխատանքային իրավունքին: 4-ական դեպքերում հարցը վերաբերել է աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերին եւ աշխատավարձը չվճարելուն, 2-ը՝ արձակուրդի տրամադրմանը, 1-ական դեպք՝ հեռավար աշխատանքի անցնելով պայմանավորված փոփոխություններին եւ փորձաշրջանի ժամկետներին։

Այն, որ աշխատանքային իրավունքներին առնչվող դիմումները նախորդ ժամանակահատվածում (մարտի 16 - ապրիլի 15) ավելի մեծաթիվ էին՝ ՀՔԱՎ-ը պայմանավորում է արտակարգ դրության հայտարարման սկզբում աշխատողների մտահոգություններով: Վերջիններիս հետաքրքրում էին նոր իրավիճակում գործատուների գործողությունների իրավաչափությունը, աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումներին հանգեցնող ռիսկերը կանխելու վերաբերյալ հարցերը:

Բացի այս, հաշվի առնելով «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ-ի՝ ամիսներ առաջ գործարկած «Քաղաքացու ձայնը» մեդիա հարթակի աշխատանքային ուղղվածությունը (զբաղվում է Ալավեդու տարածաշրջանի բնակչության իրավունքների խախտման դեպքերի բարձրաձայնմամբ), դիմեցինք ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանին՝ հասկանալու՝ ինչպիսին է իրավիճակն այնտեղ:

Նա հաստատեց՝ համաճարակով պատճառով աշխատանքային իրավախախտումներ, բնականաբար, եղել են՝ հատկապես փոքր ձեռնարկությունների, առեւտրային եւ սննդի մատուցման ոլորտներում, որոնց եկամուտները ոչ միայն կտրուկ նվազեցին, այլ որոշ դեպքերում առհասարակ դադարեցին․

«Եկամտի բացակայության պայմաններում մարդիկ ազատվում էին աշխատանքից՝ չունենալով որեւէ ապահովագրություն: Նրանք չեն էլ ընկել աշխատանքային պայմանագրերի կետերի հետեւից՝ լավ հասկանալով, որ իրենց գործատուները հայտնվել են անելանելի վիճակում։ Մեր կազմակերպությունը աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ մի քանի ահազանգ է ստացել, որոնք եղել են նույնական՝ վերոնշյալ դեպքերի շրջանակում»,- նշեց Դուրգարյանը:

Աշխատողներին ուղղված հակաճգնաժամային միջոցառումների արդունավետությունը

Արտակարգ դրության պայմաններում աշխատանքի շուկայում առաջացած խնդիրները մեղմելու նպատակով կառավարությունը գործարկեց հակաճգնաժամային միջոցառումների ծրագրեր: Այդ գործընթացին զուգահեռ՝ սոցիալական մեդիաներում բազմաթիվ մարդիկ սկսեցին դժգոհել, որ իրենք ոչ մի ծրագրի տվյալների բազայում ներառված չեն:

Ինչպես նկատեց իրավաբան Արթուր Նարինյանը՝ չգրանցված աշխատողների խնդիրը Հայաստանում նոր չէ ի հայտ գալիս, պարզապես համավարակը միանգամից մեծ թվով անձանց հայտնաբերելու առիթ հանդիսացավ․

«Պարզ դարձավ, որ բազմաթիվ մարդիկ գրանցված չեն աշխատում: Կային օրավարձով աշխատողներ, որոնք չհանդիսացան որեւէ ծրագրի շահառու»,- ասաց մեր զրուցակիցը՝ կարծիք հայտնելով, որ կառավարության իրականացրած ծրագրերը լավ մշակված եւ լավ իրականացված չէին․

«Միայն այն հանգամանքը, որ մարտ ամսին չաշխատելով՝ պետական սեկտորը վարձատրվեց ամբողջ ծավալով, իսկ մասնավորը, մինչեւ մայիս աշխատելով, վարձատրվեց մեկ անգամ՝ ընդամենը 68 000 ՀՀ դրամով, այն էլ ոչ բոլորը, փաստում է, որ ծրագրերը լավ մշակված չէին»։

Իրազեկվածության պակասը՝ իրավախախտումների պատճառ

Աշխատողների՝ իրենց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության պակասը բերում է իրավախախտումների եւ դրանց չբացահայտման, ինչն էլ իր հերթին բացասաբար է ազդում դրանց կանխարգելման վրա:

Արթուր Նարինյանի խոսքով՝ աշխատող մարդկանց մեծ մասը աշխատանքային իրավունքներին տեղեկացված չէ, շատերը չգիտեն՝ ինչպես պաշտպանել, իսկ ոլորտի նկատմամբ պետական համակարգի վերահսկողությունը շատ քիչ է: Ուստի իրավունքների՝ դատական կարգով պաշտպանությունն իրավաբանը համարում է առավել արդյունավետ, բայց մյուս կողմից՝ դատարանների ծանրաբեռնվածության պատճառով դատական գործընթացները հաճախ երկարում են:

Ըստ Օլեգ Դուրգարյանի դիտարկումների՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը մարզային եւ համայնքային մակարդակներում զրոյական կետում է։ «Չկան արհմիություններ, իսկ այն ընկերություններում, որտեղ, այնուամենայնիվ, կան՝ թույլ են գործում կամ կցագրված են ընկերությունների ղեկավարությանը եւ ավելի շատ զբաղվում են այդ ընկերությունների ղեկավարության շահերի պաշտպանությամբ, իսկ իրավապաշտպան ՀԿ-ների ներուժը չի բավարարում աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ ամբողջապես զբաղվելուն»։ Նրա խոսքով՝ օրինակ Ալավերդու տարածաշրջանի համայնքներում չնչին են դեպքերը, երբ մարդը սեփական խախտված աշխատանքային իրավունքի վերականգնման համար դիմել է դատարան:

Ընդհանուր առմամբ, իրավախախտումների վերաբերյալ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) հասցեագրված դիմումներն ուսումնասիրելու ընթացքում պարզ դարձավ, որ դրանք 2015թ․-ից ի վեր էականորեն աճել են՝ 5214-ից հասնելով 13,140-ի: Ըստ ՄԻՊ-ի 2019թ․-ի զեկույցի՝ նախորդ տարի գրասենյակը ստացել է 13,140 դիմում-բողոք, որից 3987-ը՝ բանավոր, 9153-ը՝ գրավոր:

Մասնավորապես աշխատանքային իրավախախտումներին (այդ թվում՝ համավարակի ընթացքում) վերաբերող վիճակագրական տվյալներ պարզելու համար դիմեցինք Պաշտպանին, սակայն գրասենյակից հայտնեցին, որ այդպիսի տեղեկություն հնարավոր կլինի տրամադրել մեկամսյա ժամկետում:

Նոր իրավակարգավորում. վերահսկողություն՝ աշխատանքային իրավունքների պաշտպանության նկատմամբ

ՀՀ աշխատանքային օրենսգրքում մինչ այս գոյություն ունեցող դրույթները լիովին չէին կարգավորում գործատու-աշխատող հարաբերությունները (ներառյալ՝ արտակարգ դրության պայմաններում), ինչը երկու կողմի համար էլ խնդրահարույց էր դառնում: Ուստի, ապրիլի 29-ին Աշխատանքային օրենսգրքում արվեցին մի շարք լրացումներ եւ փոփոխություններ: Դրանցով հստակեցվեցին արտակարգ բնույթ կրող իրավիճակներում գործատու-աշխատող իրավահարաբերությունների կարգավորման, հատուկ դեպքերում աշխատանքի վարձատրության, աշխատանքային կարգապահությանը վերաբերող հարցեր:

Փոփոխություններից մեկով աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմին նշանակվեց Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), որը մինչ այս վերահսկողություն էր իրականացնում առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ: Համավարակի պայմաններում օրենսդիրը վերջինիս լիազորել է մինչեւ 2021թ․-ի հուլիսի 1-ը գրավոր դիմումների հիման վրա աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնել։ Իսկ օրենսդրական նոր կարգավորման համաձայն՝ 2021թ-ի հուլիսի 1-ից այն կվերահսկի նաեւ աշխատանքային օրենսդրության եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարումը՝ հօգուտ աշխատողի: Ընդ որում՝ օրենքով նախատեսված դեպքերում կկիրառի նաեւ պատասխանատվության միջոցներ: 

Ըստ ԱԱՏՄ-ի՝ վերահսկողական գործառույթների ընդլայնումից ի վեր՝ հուլիս ամսից մինչեւ նոյեմբեր, աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ ստացվել է շուրջ 60 դիմում-բողոք, որոնց գերակշիռ մասի դեպքում հարուցվել է վարչական վարույթ։ Աշխատանքային իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ դիմումների ամենամեծ մասը՝ շուրջ 3 տասնյակ, վերաբերել է աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելուն, մոտ 1 տասնյակը՝ հարկադիր պարապուրդի ժամանակահատվածում աշխատավարձի չվճարման հարցերին։ Ստացվել են նաեւ աշխատանքային իրավունքին առնչվող այլ բնույթի հարցեր։ Ուշագրավ է, որ դիմումատուների զգալի մասն աշխատանքային իրավունքին առնչվող բողոքները ներկայացրել է գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտից հետո։

ԱԱՏՄ-ի հաղորդմամբ՝ աշխատանքային իրավախախտումների վերաբերյալ շարունակում են դիմում-բողոքներ ստանալ:

 

Մարջան Չոբանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (2)

토토사이트 09:05 17.հոկտեմբերի.2024

"Can Face Masks Prevent You From Getting the Coronavirus? Doctors Weight In" <a href="https://토토힐.com/">토토사이트</a>

토토사이트 11:52 22.հոկտեմբերի.2024

"This Is Why Business Owners are Investing in Bitcoin" <a href="https://totohill.net/">토토먹튀</a>

Մեկնաբանել