2020 թվականի մայիսի 8-ից Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի՝ աշխատավայրում իրավիճակի ստուգումները ցույց են տալիս, որ գործատուների եւ աշխատողների շրջանում աշխատատեղերի անվտանգության եւ աշխատանքային պայմանների վերաբերյալ տեղեկատվության պակասն ահռելի է։ Այս մասին Infocom.am-ի հետ զրույցում փաստեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական կենտրոնի ղեկավար, իրավաբան Էլեն Մանասերյանը։
COVID-19-ի կանխարգելման միջոցառումների արդյունավետության գնահատման նպատակով Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Մոսկվայի գրասենյակի աջակցությամբ աշխատավայրում աշխատողների առողջության եւ անվտանգության միջոցների ապահովման կապակցությամբ իրականացրել է աշխատանքի ոլորտում վարչարարության վերաբերյալ վերլուծություն:
Այն իրականացրել է անկախ փորձագետը՝ օգոստոսի 1-ի դրությամբ Հայաստանում եղած իրավիճակում, երբ մեր պետությունը դեռ առաջատարն էր տարածաշրջանում եւ 10-րդն էր աշխարհում՝ 1 միլիոն բնակչի հաշվարկով։
Այս վերլուծությունը նպատակ ունի տնտեսության տարբեր ոլորտներում աշխատատեղերը դարձնել ավելի անվտանգ եւ կառավարության ու գործատուների հետ մտնել բովանդակալից ու արդյունավետ սոցիալական երկխոսության մեջ՝ ներկայացնելով առաջարկներ ուղղված քաղաքականության եւ կարգավորման ոլորտներում հնարավոր բացթողումներին, որոնց պատճառով եւ, Մանասերյանի համոզմամբ, չհաջողվեց դանդաղեցնել համավարակի տարածումը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք նորմատիվ իրավական փաստաթղթերը, այդ թվում՝ Աշխատանքային օրենսգրքում լրացումները եւ փոփոխություններն այնքան էլ համապարփակ չէին։
«Աշխատողների իրավունքներն էլ խախտվեցին այդ ընթացքում, գործատուների համար էլ եղան անելանելի իրավիճակներ։ Օրենքը չէր կարգավորում մի շարք հարցեր, որոնք ի հայտ եկան իրավակիրառ պրակտիկայում։ Դրանք շատ արագ ընդունված որոշումներ էին: Իհարկե, ինչ-որ չափով փորձեցին լուծումներ տալ, բայց մեզ եկած դիմումները, բողոքները, զանգերը ցույց են տալիս, որ ամբողջությամբ չեն լուծվել այս ընթացքում առաջացած բոլոր խնդիրները: Օրինակ՝ մենք այդպես էլ չունեցանք հեռավար աշխատանքի վերաբերյալ կարգավորումներ, մասնավորապես՝ աշխատաժամանակը հեռավարի դեպքում չափելի չդարձավ»։
Էլեն Մանասերյանը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում կառավարության ընդունած սոցիալական եւ տնտեսական հետեւանքների չեզոքացման ծրագրերը հիմնականում մեկանգամյա բնույթ ունեին, այնինչ արտակարգ դրությունը երկարաձգվեց հինգից ավելի անգամներ։
«Ծրագրերում ընդգրկվելու ժամկետներում խիստ սահմանափակումներ կային, օրինակ` մարտի 13-25, մարտի 13-30, 3 աշխատանքային օր եւ այլն: Բոլոր սահմանափակումները դժվարացնում էին մարդկանց ընդգրկումը ծրագրերում։ Ծրագրերից դուրս էին նաեւ որոշակի ոլորտներ, օրինակ` ֆինանասական, ապահովագրական։ Ճիշտ է՝ այնպես չեն տուժել, ինչպես գյուղատնտեսությունը կամ առեւտուրը, բայց դուրս են մնացել»,- ասաց Մանասերյանն՝ ընգծելով, որ որոշ ծրագրերում նախատեսված ֆինանսական աջակցության չափերը բավարար չէին եւ չէին համապատասխանում ծրագրերի նպատակին, դրանք շատ դեպքերում քիչ բարձր էին անգամ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։
Վերլուծության եզրահանգումների մեջ նշվել է նաեւ, որ սոցիալական գործընկերների՝ արհմիությունների եւ գործատուների հետ որեւէ ծրագիր եւ որեւէ միջոցառում չի քննարկվել։ Սա, Էլեն Մանասերյանի կարծիքով, բացթողում էր, եւ եթե քննարկումներ լինեին, ապա դրանք կօգնեին, որ ծրագրերն ավելի նպատակային եւ հասցեական լինեին։
Առաջարկվել է նաեւ ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն վերականգնել գործազրկության նպաստի տրամադրումը, օրենսդրությունը համապատասխանեցնել ՀՀ վավերացրած միջազգային որոշ պայմանագրերի դրույթներին։
«Մեզ մոտ 2014 թվականից վերացվել է գործազրկության նպաստը, հիմա ուղղակի ծրագրեր են իրականացվում գործազուրկների համար։ Փորձը ցույց է տալիս, որ դրանք այդքան էլ արդյունավետ չեն, եւ ոչ բոլորն են կարողանում այդ ծրագրերից օգտվել»։
Անդրադառնալով նաեւ շատ քաղծառայողների՝ արհմիության անդամ լինելու, բայց իրազեկ չլինելու խնդրին՝ մեր զրուցակիցը մեկնաբանեց․
«ՀՀ-ում գործում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որը բաղկացած է 19 ճյուղային հանրապետական միություններից: Ճյուղային հանրապետական միություններն ըստ ոլորտների են, քաղծառայողները համարվում են պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ հասարակական սպասարկման ծառայությունների ճյուղային հանրապետական միության անդամներ։ Իրազեկման հիմնական բեռը յուրաքանչյուր ճյուղային կառույց ինքն է կրում։ Կոնֆեդերացիան ուսումնական կենտրոնի ուժերով իրականացնում է իրազեկման ծրագրեր, սեմինարներ: Ես կհամաձայնեմ այն մտքի հետ, որ արհմիություններն իրենց քիչ են գովազդում, եւ շատ դեպքերում իրենց արած աշխատանքը գուցե այն չափով չի ներկայացվում, ինչ չափով արվում է: Արհմիությունները PR-ի խնդիր ունեն, եւ գուցե հենց սա է այն բացը, որ աշխատողները չգիտեն, որ իրենք արհմիության անդամ են կամ որ իրենց արհմիությունն ինչ-ինչ հաջողություն է ունեցել»։
Մանասերյանն ասաց, որ կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ արդեն 2 անիմացիոն եւ մեկ տեսահոլովակ են նկարել, որոնք տեղադրված են Յութուբում:
Ի դեպ՝ մեր զրուցակիցը համաձայն չէ քաղաքական գործիչների շրջանում ձեւավորված այն կարծիքի հետ, որ Հայաստանում արհմիությունները հաճախ ստեղծվում են ոչ թե ինչ-որ նպատակով, այլ իներցիոն գործընթացներով։
«Ինքնս ստեղծել եմ արհմիություն՝ առանց իներցիայի։ Հնարավոր է, որ մարդիկ, ելնելով Սովետական Միության իներցիայից, դարձել են արհմիության անդամ: Բայց անհրաժեշտ է, որ արհմիությունում անդամագրվելը լինի մարդու գիտակցական ընտրությունը, ինչպիսի դեպքերը քիչ են»:
Խոսելով նաեւ ուժային կառույցներում արհմիություն ունենալ-չունենալու հարցից՝ Էլեն Մանասերյանը հիշեցնում է, որ նախկինում ունեինք ուժային կառույցներում, այդ թվում՝ Ոստիկանությունում, Սահմնադրական դատարանում արհմիություն ստեղծելու իրավունք, բայց այնտեղ անդամ էին ոչ թե ծառայողները, այլ քաղաքացիական աշխատողները:
Դա, ամեն դեպքում, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ուսումնական կենտրոնի ղեկավարի, ինչպես նաեւ ԱՄԿ փորձագետների հանձնաժողովի պնդմամբ, ԱՄԿ Միավորման ազատության եւ կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին թիվ 87 հիմնարար կոնվենցիայի պահանջների խախտում է։
Սեդա Առաքելյան
comment.count (0)