2020 թվականի մայիս-հունիս ամիսներին հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի բարեփոխումների հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Սրա վերաբերյալ փորձագետներն առաջարկել են լրացուցիչ հայեցակարգային կետեր։ Փորձագիտական շրջանների առաջարկած լրացուցիչ կետերից մեկն այն էր, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ամրագրվի աշխատանքի իրավունքը։
Ազգային ժողովի Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, սակայն, Infocom.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ աշխատանքի իրավունքը օրենքի մակարդակ բերելը խնդրահարույց է:
«Մեր պետությունն անկախությունից ի վեր որդեգրել է ազատ տնտեսական եւ շուկայական հարաբերությունների վրա հիմնված օրենսդրություն: Մենք խորհրդային ժամանակներում չենք ապրում, որ մարդուն ստիպողաբար աշխատեցնենք։ Մյուս հանգամանքը՝ օրենքի ընդունումը կհանգեցնի դրա կիրառման դժվարությունների: Ինչպե՞ս է այն վերահսկվելու, ո՞վ է խախտումներն արձանագրելու, արդյոք պետությունն ի վիճակի՞ է չաշխատող քաղաքացիներին աշխատանքով ապահովելու»։
Պատգամավորի խոսքով՝ եթե այս հարցը դրվում է մասնավորի ուսերին, ապա այստեղ խախտվում է տնտեսվարողի իրավունքը՝ պարտադրել մասնավորին ընդունել իր համար արժեք չստեղծող աշխատող, որից ինքը վնասով է դուրս գալու եւ փակվելու վտանգի առաջ է կանգնելու։ Այստեղ, ըստ Ալեքսանյանի, մասնագիտական հմտությունները կատարելագործելու եւ հավասար մրցակցության մեխանիզմների բացակայությունը կբերի ընդհանուր աշխատաշուկայի որակի վատացման:
Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցն ընգդծեց, որ սա չի նշանակում, թե պետությունն անելիք չունի, եւ գործազրկության բարձր մակարդակը իջեցնելու ուղղությամբ հայեցակարգ մշակելու ու նմանօրինակ լրջագույն խնդիրներին միտված գործողություններ անելու կարիք չկա։
«Անհրաժեշտ է կրթության մակարդակը բարձրացնել եւ համապատասխանեցնել շուկայի պահանջներին, ապահովել նպաստավոր միջավայր՝ նոր ձեռնարկությունների բացման համար, տարածաշրջանում եւ աշխարում նոր տնտեսական կապեր ստեղծել, եղածը պահպանել, բարեփոխել Աշխատանքային եւ Հարկային օրենսգրքերը, որ աշխատողի եւ գործատուի իրավունքները լիարժեք ապահովվեն, արհմիություններ ստեղծվեն եւ օրենքով պաշտպանված գործեն»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ չի կարելի մարդուն ստիպել աշխատել, նա ինքը պետք է զգա դրա անհրաժեշտությունը, իսկ պետությունը նպաստներ նշանակելու փոխարեն պարտավոր է ստեղծել այդ միջավայրը:
Անդրադառնալով այն առաջարկին, որ արհմիություններին իրավունք վերապահվի աշխատանքային վեճերի դեպքում դատական կարգով ներկայացնել աշխատողների կոլեկտիվ եւ անհատական շահերը, սրա շրջանակում նաեւ ընդլայնվի արհեստակցական միություններ ստեղծելու իրավունք ունեցող անձանց շրջանակը՝ Սարգիս Ալեքսանյանն արձագանքեց, որ հենց հարցը հասնի խորհրդարան, նաեւ իրենք կանեն առաջարկություններ՝ դատական կարգով վեճերի լուծման համար պարզեցված եւ արագացված հնարավորություն ստեղծելու համար։
Նա հավելեց, որ լուծումներից մեկն էլ կարող է լինել փաստաբանական ծառայությունների անվճար մատուցման հնարավորության ընձեռումը՝ ոչ վճարունակ արհեստակցական միություններին: Ալեքսանյանի խոսքով՝ պետությունը պետք է «արբիտրաժ» լինի կողմերի միջեւ:
Ինչ վերաբերում է գործատուի անվճարունակության դեպքում հայցերի պաշտպանվածության երաշխիքային համակարգ ստեղծելու առաջարկին՝ ԼՀԿ-ական պատգամավորը կարծիք հայտնեց, որ պետությունը պետք է պարտավորություն ունենա՝ անվճարունակ հատվածի բեռը վերցնել իր վրա՝ թե՛ առանձին երաշխիքային համակարգ ստեղծելով, թե՛ փաստաբանական ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությամբ:
«Բայց այստեղ չարաշահումները բացառելու համար էլ անհրաժեշտ է համապատասխան գործիքակազմ՝ պարզելու՝ ով է վճարունակ, ով ոչ»,- հավելեց նա:
Մեր զրուցակիցը համաձայն է փորձագետների՝ մասնագիտացված դատարաններ ստեղծելու գաղափարին։ Նա հիշեցրեց, որ ժամանակին կար տնտեսական դատարան, որը լուծարվեց, եւ նմանատիպ դատական գործերը տրվեցին ընդհանուր իրավասության դատարաններին, ինչը բերեց կոլապսի։
«Այսօր նմանատիպ դատական գործընթացներն այնքան են կուտակվել, որ ներկա համակարգը ի վիճակի չէ սպասարկել այդ հոսքերը, եւ շատ դեպքերում ունենում ենք ժամկետների խախտումներ: Կարծում եմ՝ իրավիճակի թելադրանքով պետք է վերականգնել տնտեսական դատարանը կամ այս խնդիրները լուծել մասնագիտական դատարանի ստեղծումով»:
Հայաստանում աշխատողները հաճախ չեն պաշտպանում իրենց աշխատանքային իրավունքները՝ վախենալով կորցնել աշխատանքը։ Պատգամավորի համոզմամաբ՝ սա կապ ունի այսօրվա օբեկտիվ իրողությունների հետ․
«Մի դեպքում ունենք աշխատողների զգալի ցածր իրավագիտակցություն, մեկ այլ դեպքում՝ աշխատատեղերի սակավություն, մեկ ուրիշ դեպքում՝ օրենսդրական բացեր, օրենքների անկատարություն եւ դատական համակարգի ներկա վիճակ»:
Իսկ թե ինչ քայլեր են ձեռնարկվում աշխատողների շրջանում իրավունքների խախտման դեմ բողոքելու մշակույթ ձեւավորելու համար՝ պատգամավորն օրինակ բերեց՝ աշխատողի իրավունքների խախտման հարցերով իրեն դիմած քաղաքացիներին առաջարկել է խնդրի լուծմանը հասնել դատական կարգով։
«Ես լրացուցիչ դիմումներ եմ ներկայացրել համապատասխան պետական մարմիններին, որոնք որոշ դեպքերում դրական արդյունք են տվել։ Բայց այստեղ էլ խնդիր ունենք․ դիմում եմ Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնին, ասում են՝ մենք չունենք նման գործիքակազմ եւ հնարավորություն, դիմե՛ք Պետական եկամուտների կոմիտեին։ ՊԵԿ-ը միայն գրանցված լինել-չլինելն է քննության առարկա վերցնում, եւ խնդիրը հասնում է դատարաններին ու առկախվում ամիսներով: Իսկ եթե կայացած համակարգ ունենանք, ես է՛լ ավելի համարաձակ կարող եմ մարդկանց ուղղորդել բողոքի միջոցով հասնել խնդիրների լուծմանը: Նաեւ հետեւողական բողոքները իրենց հերթին կբերեն համակարգի առողջացման: Ամեն դեպքում պետական ռազմավարության եւ հայեցակարգի մշակումը պետք է հասու լինի հասարակության լայն շերտերին եւ փորձագիտական շրջանակներին, ինչն ավելի կմոտեցնի իրական խնդիրների վերհանմանը եւ դրանց լուծման արդյունավետությանը»,- եզրափակեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Սարգիս Ալեքսանյանը։
Սեդա Առաքելյան
comment.count (0)