Պատերազմական ու հետպատերազմական շրջանում Հայաստանում արձանագրվեցին քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտումների դեպքեր։
Այնուհանդերձ, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ), որը, ըստ էության, զբաղվում է աշխատանքային իրավունքի ոլորտներում ռիսկերի կառավարմամբ ու կանխարգելիչ միջոցառումների իրականացմամբ, արցախա-ադրբեջնական պատերազմի ընթացքում եւ ավարտից հետո ստացել է մի քանի դիմումներ ու մի շարք ահազանգեր։
Մեր հարցմանն ի պատասխան՝ Տեսչական մարմնից հայտնել են, որ պատերազմի ամենաթեժ ամսից՝ հոկտեմբերից, մինչ օրս ԱԱՏՄ «թեժ գիծ» ծառայությունը կոնկրետ ռազմական դրությամբ պայմանավորված աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 2 ահազանգ է ստացել։
Մասնավորապես՝ առաջին դեպքով քաղաքացին հայտնել է, որ կամավորական հիմունքներով մեկնել է ռազմաճակատ, իր բացակայությունը համարվել է անհարգելի, արդյունքում հեռացվել է աշխատանքից։ Ահազանգած մյուս քաղաքացին բողոքել է, որ պատերազմում վիրավորվելու հետեւանքով ստացել է 3-րդ կարգի հաշմանդամություն, իսկ իրեն զինվորական կենսաթոշակի փոխարեն նշանակվել է քաղաքացիական կենսաթոշակ։
Վերոբերյալ երկու դեպքերն էլ լուծում չեն ստացել այն պատճառով, որ քաղաքացիները դիմումը գրավոր չեն ներկայացրել։
Իսկ հրադադարից հետո՝ նոյեմբերի 10-ից մինչ այսօր, ԱԱՏՄ-ում աշխատանքային իրավունքին առնչվող 65 զանգ է գրանցվել․ դրանցից 14-ը բողոք են, իսկ մյուսները ենթադրել են խորհրդատվություն։
Հետպատերազմյան շրջանում Տեսչական մարմնի ստացած դիմումները աշխատանքային իրավունքների տարբեր խախտումների են վերաբերել, մասնավորապես՝
Հետպատերազմական շրջանում ահազանգերը, որոնք վերաբերել են քաղաքական հայացքների պատճառով աշխատանքից ազատմանը կամ աշխատանքային իրավունքների ոտնահարմանը, 2-ն են եղել։ Այս դեպքերը եւս մնացել են օդում կախված, իսկ քաղաքացիներին տեղեկացվել է, որ ԱԱՏՄ կարող են դիմել աշխատանքային իրավունքների արդեն կայացած խախտման դեպքում եւ միայն գրավոր։
Ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում զորահավաքով ռազմաճակատ մեկնած կամավորների՝ մարտական գործողություններին մասնակցելու համար նախատեսված վճարը չստանալու դեպքերին, որոնց մասին մամուլի հրապարակումներ են եղել, ԱԱՏՄ-ից հայտնել են, որ ահազանգեր չեն ստացել։
Փաստացի՝ ԱԱՏՄ-ն իր գործառույթների շրջանակներում աշխատանքային իրավունքների խախտումների վերաբերյալ քաղաքացիների բողոքներին կարող է ընթացք տալ միայն գրավոր դիմում-բողոքների առկայության դեպքում, ուստի բանավոր ահազանգերը լուծում չեն ստանում։
ԱԱՏՄ-ից խնդրեցինք մեզ տրամադրել բանավոր ահազանգեր ներկայացրած քաղաքացիների տվյալները՝ իրենց առնչվող խնդիրների շուրջ զրուցելու նպատակով։ Տեսչական մարմնից մերժեցին՝ մեկնաբանելով, որ իրենք իրավասու չեն տրամադրել քաղաքացիների կոնտակտները, իսկ նրանց տվյալները գրանցում են այն պարագայում, եթե զանգահարողը համաձայնություն է տալիս։
Մեր հարցին՝ եթե ԱԱՏՄ-ն լիազորություն չունի բանավոր դիմումներին ընթացք տալ, ապա այդ դեպքում քաղաքացիների տվյալները փոխանցո՞ւմ են կոմպետենտ այլ կառույցի, օրինակ՝ ՊՆ-ին կամ Աշխատանքի եւ սոցհարցերի նախարարությանը, կառույցից բացասական պատասխան տվեցին՝ դարձյալ նշելով, որ բանավոր ահազանգերն առհասարակ ընթացք չեն ստանում։
Տեսչական մարմինների մասին ՀՀ օրենքի համաձայն` հանրությունից ստացվող բողոքների ընդունման ընդհանուր կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը, որի հիման վրա Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը սահմանում է բողոքների ընդունման եւ դրանց հետագա ընթացքը տալու կարգը։
Հավելենք, որ ԱԱՏՄ-ն վերջերս ներդրել է անանուն դիմումների EmployeeProtect.am համակարգ: Կայքը հնարավորություն է տալիս գրանցել աշխատանքային իրավունքին առնչվող բողոքները, քննել աշխատողների ներկայացրած անանուն բողոք-հայտերը եւ ապահովել դրանց ընթացքը։ Համակարգը թույլ է տալիս դիմում-բողոքին կցել նաեւ աշխատանքային իրավունքի խախտումը հավաստող լուսանկարներ, տեսագրություններ եւ ձայնագրություններ։
Իսկ մինչ վերոնշյալ համակարգի ներդրումը՝ ԱԱՏՄ-ն աշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ վարույթներ հարուցում էր քաղաքացիներից ստացված գրավոր դիմում-բողոքների հիման վրա՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, համաձայն որի՝ դիմումը ներկայացվում է գրավոր, եւ պետք է պարունակի դիմողի անունը, ազգանունը, հասցեն, ստորագրությունը։
Սեդա Առաքելյան
comment.count (0)