«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|
10:56 - 08 հունվարի, 2021

«10-15 տարի հետո մեր աշխարհաքաղաքական դերերից մեկը պիտի լինի գիտությունը» |hetq.am|

hetq.am:   3 հարց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանին։

-Օրեր առաջ սոցիալական ցանցի Ձեր էջում գրառում էիք արել, որ կյանքը հանգեցրեց այն ընկալմանը, որ գիտությունն ու քաղաքականությունը պիտի սկսեն «ընկերություն անել», թեւ ու թիկունք լինեն իրար։ Սա ի՞նչ է ենթադրում։ Արդյոք պատերազմական իրավիճակով պայմանավորված եք նման եզրահանգման եկել։

-Խոսքը ոչ թե անհատական, այլ լայն հանրային ընկալման մասին է, այսինքն՝ կա համաձայնություն, որ պետությունը պետք է նոր վերաբերմունք որդեգրի գիտության հարցում։ Ես հեռու եմ գիտությունը միայն որպես «ռազմական մեքենայի ուղեղ» դիտարկելու մտքից։ Գիտությունը նախեւառաջ կյանքի որակ է, որոշումներ կայացնելու արդյունավետ մեխանիզմ, հիմնավորված գործողություններ եւ կյանքի հոգեւոր բաղադրիչ։ Այն ընկալումը, որ գիտությունը սոսկ հարվածային ԱԹՍ-ներ ստեղծելու մասին է, թերի է եւ մանկամիտ։

Գիտությունը նաեւ պիտի վեր հանի մեր հանրային արատներն ու ուժեղ կողմերը, առաջարկի դրա լուծումները, գիտությունն ու փիլիսոփայությունը պիտի ուղենշեն, թե ուր պիտի գնանք մենք եւ այլն։ Այսինքն՝ գիտությունը շատ ավելին է, քան սոսկ փորձարարական մշակումներն ու պատրաստի արտադրանքը։ Եվ ապրել նորովի, փոխել մեր կյանքը, չկրկնել նախկինում արած սխալները հնարավոր է միայն գիտության զարգացման միջոցով։ Վերջինս իր հերթին նշանակում է, որ քաղաքական գործիչները պիտի գիտության հետ «ընկերություն անեն»՝ ծառայեն գիտության զարգացմանը եւ օգտվեն գիտության ձեռքբերումներից քաղաքական ծրագրեր մշակելիս։

-Պատերազմի ժամանակ եւ հետո շատերն սկսել են հայացքներն ուղղել դեպի գիտություն՝ ակնկալելով կիրառական արդյունք։ Ի՞նչ պետք է անել՝ հաշվի առնելով, որ գիտության ֆինանսավորումը տարեցտարի նվազում է, սերնդափոխություն չի կատարվում, այսինքն՝ բազմաթիվ խորքային խնդիրներ կան այս ոլորտում։

-Կրկին պիտի ասեմ, որ հեռու եմ գիտությունը «դրոն արտադրելու» արշինով չափելուց։ Դա գիտության մի փուլի մի ենթաոլորտ է ընդամենը, որը մեզ համար, իհարկե, կարեւոր է։ Գիտության զարգացման ռազմավարության մասին հիմա ակտիվ քննարկումներ կան, որոնցով նաեւ ես եմ հետաքրքրված։ Այն խնդիրները, որ ես եմ տեսնում այս պահին, հետեւյալն են.

Փող/փողի կառավարում - պատվեր/պատվերի կառավարում - միջազգայնացում. այսինքն՝ մենք պիտի ավելացնենք ֆինանսավորումը շեշտակիորեն եւ ներդնենք փողի կառավարման ու բաշխման արդարացի համակարգ։ Մենք պիտի կարողանանք տալ պետական պատվերներ մեր պետական խնդիրների լուծման ուղղությամբ ու ստացված արդյունքները կիրառել պետական կառավարման մեջ։ Այստեղ, ի դեպ, կարեւոր է մեծ ուշադրություն դարձնել հասարակագիտական ոլորտի գիտակարգերին ու գիտնականներին, որտեղ մեր գործերը այնքան էլ լավ չեն (մեղմ ասած)։

Մենք պիտի կարողանանք միջազգային կապեր ստեղծել պետական ողջ ռեսուրսի գործադրմամբ։ Այսինքն՝ ապահովենք բուհ-բուհ, ակադեմիա-ակադեմիա, լաբորատորիա-լաբորատորիա միջազգային կապեր, ստեղծել հնարավորություններ, որ հեղինակավոր համալսարանների պրոֆեսորները ղեկավարեն մեր ասպիրանտների թեկնածուական ատենախոսությունները, մեր գիտնականները պաշտպանություն անցնեն նաեւ օտարերկրյա գիտնականների մասնակցությամբ հանձնաժողովներում։ Պիտի մեծածավալ գրանտներ տրամադրվեն հիմնական գրականության թարգմանության եւ հրատարակության համար։

Այսինքն՝ քայլեր ձեռնարկվեն, որոնք մեզ կդարձնեն միջազգային գիտական համայնքի եւ նրա այսօրվա օրախնդիրների մի մաս։ Ահա այս համակարգային ամբողջությունն է ունակ լուծելու մեր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները։ Իսկ դրոն կարտադրեն Պոլիտեխնիկի ուսանողները, որոնք, ամենայն հավանականությամբ, չեն լինի գիտնականներ, այլ լավ սերտած կլինեն գիտական մտավոր պրոդուկտները ու կունենան մի ղեկավար, ով կարողանում է բիզնես վարել ու իր կողքին հավաքել մի քանի գիտնականների։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել