Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին. ՀԱԿ փոխնախագահ |shantnews.am|

17:58 - 10 հուլիսի, 2019

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը կարծում է, որ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի նամակը, ըստ էության, հայտարարություն է հանցագործության մասին:

Հիշեցնենք, որ իր նամակում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ և առաջարկել էր այդ ճգնաժամից դուրս գալու երեք տարբերակ՝ պահպանվում է ներկա իրավիճակը, 7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ են ներկայացնում կամ օրենսդիր իշխանությունը պետք է նախատեսի վաղ կենսաթոշակային սխեմայի գործարկումը Դատարանի անդամների համար բոլոր երաշխիքներով (ըստ էության ակնարկվում է ՍԴ դատավորների հրաժարականի մասին):

«Պարզվում է և դեպքերի շարադրանքը հստակ ցույց է տալիս, որ եղել է կոնկրետ դավադրություն, այն առումով, որ Հրայր Թովմասյանը դառնա ցմահ ՍԴ նախագահ: Բանն այն է, որ եթե այդ գաղափարի հեղինակները, այսինքն՝ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ դարձնելու գաղափարի հեղինակները, շարժվեին ըստ օրենքի, նրանք պետք է օրինական ընթացակարգով հասնեին նրան, որ Հրայր Թովմասյանը դադարեր լինել պատգամավոր, սակայն, եթե այդպես շարժվեին, կստացվեր, որ նա պետք է ընտրվի ՍԴ նախագահ ընդամենը 6 տարվա ժամկետով: Պետք էր արագացնել այդ ժամկետը, որպեսզի գործեին հին լիազորություններով՝ մինչև ցմահ այդ պաշտոնում մնալու Սահմանադրության անցումային դրույթներով: Ապօրինաբար կրճատելով ԱԺ պատգամավորի մանդատից ազատելու ընթացակարգը՝ կատարվել է հանցագործություն»,- ասում է ՀԱԿ փոխնախագահը:

Լևոն Զուրաբյանը համակարծիք է Վահե Գրիգորյանի հետ, որ ՍԴ-ում կա ճգնաժամ: Դրանից դուրս գալու Վահե Գրիգորյանի առաջարկած ելքերից երրորդի հետ է համաձայն, այն է՝ ՍԴ դատավորները պետք է հրաժարական տան:

«Ելքը միակ, որը ընդհանրապես չեղարկում է որևէ խնդիր և մեկնաբանությունների պատերազմը դարձնում է անտեղի, դա այն է, որ ՍԴ բոլոր անդամները հրաժարական տան, սա միակ ելքն է»,- կարծում է Լևոն Զուրաբյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել