armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուների ընտրության քվեարկությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը: Ավելի վաղ չմասնակցելու մասին հայտարարել էր «Լուսավոր Հայաստանը»:
««Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու այս քվեարկությանը: Մենք նաև չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու»,-ասաց Տոնոյանը:
Լրագրողը նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է Ջհանգիրյանի հետ, ո՞րն է չմասնակցելու պատճառը, Տոնոյանն ասաց, որ բովանդակային մանրամասների մեջ չի մտնելու: «Սակայն այս փուլում մենք այս քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ բնականաբար, մենք ինքներս էլ վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,-ասաց նա՝ ներկայացնելով քաղաքական որոշումը:
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը ևս ուներ թեկնածու առաջադրելու հնարավորություն, ինչո՞ւ ԲՀԿ-ն չառաջադրեց՝ Տոնոյանն ասաց, որ ըստ իրենց՝ երկրի, կառավարության օրակարգում պետք է լինեն միանգամայն այլ հարցեր: «Եվ այստեղ՝ դատական համակարգում տեղի ունեցող ինչ-որ կեղծ օրակարգով առաջ բերված հարցեր և բազմաթիվ այլ հարցեր, պարզապես տեղ չունեն մեր օրակարգում»,-ասաց նա ու մատնանշեց՝ զոհերի ընտանիքների, Արցախից տարհանվածների խնդիրների, գերիների հարցերը:
comment.count (0)