Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով  |news.am|
10:58 - 03 հուլիսի, 2019

Իրանը մտադիր է հուլիսի 7-ից ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսվածից ավելի բարձր մակարդակով |news.am|

news.am։ Հուլիսի 7-ից Իրանը մտադիր է ուրանը հարստացնել միջուկային գործարքով նախատեսված 3,67 տոկոս մակարդակից ավելի բարձր, եւ դա կանի այն մակարդակով, որը հարկավոր է համարում, ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Հուլիսի 7-ին (ուրանի) հարստացումը այլեւս չի գտնվի 3,67 տոկոսի մակարդակում։ Մենք մի կողմ կդնենք այդ պարտավորության կատարումը, մենք այդ 3,67 տոկոսը կբարձրացնենք այն մակարդակի, որը ցանկանում ենք, որը մեզ անհրաժեշտ է»,- ասել է Ռոհանին, որի ելույթի մի հատվածը հրապարակվել է Իրանական պետական հեռուստատեսության Telegram-ալիքում։

Ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել էր, որ Իրանը բարձրացրել է ցածրամակարդակ հարստացված ուրանի պաշարների շեմը 300 կիլոգրամից։ Իրանն ասում է, որ չի կաշկանդի իրեն պարտավորություններով։ ՌԴ ԱԳՆ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, մեկնաբանելով սա, ասել է, որ Իրանի այս քայլն անսպասելի չէր, քանի որ երեք հարյուր կիլոգրամանոց «շեմը» վերաբերում է կամավոր պարտավորությունների կարգին, որոնք Իրանն ընդունել էր միջուկային գործարքի շրջանակում։

ԱՄՆ միջուկային գործարքից դուրս գալուց մեկ տարի հետո, մայիսի 8-ին, Իրանը հայտարարեց, որի չի կատարելու Գործողությունների համապարփակ համատեղ ծրագրի մի շարք կետեր այն մասով, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանն ու ծանր ջրին։
Իրանում ընդունված միջոցները բացատրել են ԱՄՆ-ի կողմից միջուկային գործարքի խախտմամբ եւ Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցներ մտցնելով, ինչպես նաեւ ԳՀՀԾ-ում մնացած անդամների (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան եւ Ռուսաստան) անկարողությամբ՝ պատշաճ ձեւով լուծելու առաջացած խնդիրները։ Այս առնչությամբ Իրանը նշված երկրներին 60 օր է տվել՝ խոստանալով միեւնույն ժամանակ վերադառնալ դադարեցված պարտավորությունների կատարմանը, եթե նրանց հաջողվի լուծել առաջացած խնդիրները ԱՄՆ գործողությունների հետ կապված։

Ընդ որում՝ հաջորդ փուլում (հուլիսի 7-ից հետո), եթե միջուկային գործարքի անդամ երկրները չապահովեն Իրանի շահերը նշված ժամկետում, Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել Արաքի ռեակտորի արդիականացումը, ինչը ԳՀՀԾ մի մասն էր, հրաժարվել ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել