azatutyun.am: Ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել, այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմի Պուտինն՝ ընդունելով Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին։
«Բարձր ենք գնահատում, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը մնում է առաջնահերթություն նոր նախագահ Մասուդ Փեզեշքիան համար», - ասել է Պուտինը՝ շեշտելով, որ Իրանի նախագահին սպասում են Կազանում հոկտեմբերի 22-24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
«Կարծում եմ՝ մենք ժամանակ կգտնենք առանձին երկկող զրույցի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Ըստ Կրեմլի՝ Պուտինը նաև նշել է, որ ուրախ կլիներ Փեզեշքիանին Ռուսաստանում տեսնել պաշտոնական առանձին այցով, որի շրջանակներում ակնկալում են ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր, որն էլ ռուս-իրանական հարաբերությունը կհասցնի ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։
«Մենք ունենք բազմաթիվ այլ թեմաներ, որոնք, անշուշտ, հետաքրքիր են և կարևոր թե՛ Իրանի, թե՛ Ռուսաստանի համար», - ասել է Ռուսաստանի նախագահը։
comment.count (0)