Հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ. նախարար

 |armenpress.am|
14:12 - 09 փետրվարի, 2021

Հայկական հարվածային ԱԹՍ-ներն անցնում են պետական փորձարկումներ. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայկական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքերն անցնում են պետական փորձարկումներ, այնուհետև կանցնեն ռազմական փորձարկումների փուլը, որին կհաջորդի սերիական արտադրությունը: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:

Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ նախագծեր: «Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին են հասցվում: Թե հարվածային, թե  հետախուզական տեսանկյունից, արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում»,-ասաց Արշակյանն ու հավելեց, որ դրանք լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում ԶՈՒ-ի կողմից:

Այսպիսով, հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ների արտադրական հնարավորություններ արդեն կան, նախարարի խոսքով՝ նաև պատշաճ կիրառվել են: «Հարվածայինի մասով, պետական փորձարկումները որոշ դեպքերում արդեն անցնում են, կանցնեն ռազմական փորձարկումներ և կգնան սերիական»,-ասաց Արշակյանը:

Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ՝ նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են: Այդ ուղղությունը կառավարության համար նույնպես բարձր առաջնահերթություն ունի: «Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները. ռադարային համակարգեր, կապի համակարգեր, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր: Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով մենք նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից և թե արտահանման տեսանկյունից»,-ասաց Արշակյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել