2018-2020թթ․ համար նախատեսված էր ձեռք բերել հազարից ավելի հետախուզական և հարվածային ԱԹՍ, բայց նոր իշխանությունները սպառազինության պլանը փոխեցին. Սերժ Սարգսյան |tert.am|
21:27 - 16 փետրվարի, 2021

2018-2020թթ․ համար նախատեսված էր ձեռք բերել հազարից ավելի հետախուզական և հարվածային ԱԹՍ, բայց նոր իշխանությունները սպառազինության պլանը փոխեցին. Սերժ Սարգսյան |tert.am|

tert.am: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Պարո՛ն նախագահ, սպառազինության հարցը քննարկենք, այդ մասին շատ է խոսվում: Իշխանությունը շատ է խոսում այդ մասին: Երբ պատերազմը սկսվեց, այս իշխանությունը 2,5 տարի պաշտոնավարում էր և օբյեկտիվորեն չէր կարող սպառազինության մեծ ծավալներ ձեռք բերել, դրանք գործարկել, շահագործել, սպասարկել: Դուք ընդունո՞ւմ եք, որ Ձեր ժամանակ մենք կարող էինք շատ ավելի տեխնոլոգիական զենքերով սպառազինվել և ավելի պատրաստ լինել այս պատերազմին:

-Ոչ, ես դա չեմ կարող հերքել, որովհետև ինչքան շատ ունենայինք,  այդքան լավ, բայց ես հերքում եմ այն տխմար թեզը, թե իբր մինչև 2018 թվականը մեր բանակը  մարտունակ չէր, սպառազինություն չուներ և այլն, զինվորը ելակ չէր ուտում: Բա եթե մենք բանակ չունեինք, ապա ինչպես 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, կարելի է ասել, պարտադրեցինք Ադրբեջանին, որ հրադադար հաստատի, բա եթե մենք ընդհանրապես բանակ չունեինք, ոչինչ չունեինք, ինչո՞ւ մինչ 2016-ը, 2017-ին, 2018-ին Ադրբեջանը պատերազմ չէր սկսում: Դրանք իրականությանը չեն համապատասխանում, իրականությանը համապատասխանում է հետևյալը, որ մենք երբեք Ադրբեջանից շատ և ավելի ժամանակակից զինատեսակներ չենք ունեցել. սա իրականություն է: Ոչ 1992-94 թվականներին, ոչ 2016-ին, ոչ էլ 2020-ին, բայց առաջին երկու դեպքերում դա մեզ չի խանգարել հաղթել, որովհետև... չասեմ պատճառները: Որովհետև խնդրով զբաղվել են նվիրված, գիտակ մարդիկ, և մարդիկ, որոնք անմնացորդ  նվիրված են եղել այդ գործին:

-Պարո՛ն նախագահ, ես հիմա պետք է ասեմ Ձեր ասածի հակառակ մեկնաբանությունը, որը բավական լայնորեն տարածված է: Այն, որ վերջին երկու տասնամյակում բանակը թալանվել է, ինչպես և մենք բոլորս ենք թալանվել, զինվորի հացը թալանվել է. զինվորը  եղել է կիսասոված, և այն փողերը, որոնք պետք է ծախսվեին սպառազինության վրա, ասենք Մոնումենտում դղյակներ են կառուցվել, հավանաբար լսել եք «Մոնումենտի դղյակները մեր անօդաչուները պետք է լինեին» արտահայտությունը: Ի դեպ, անօդաչուների մասին, սա շատ կարևոր դրվագ է: Այս պատերազմի կարևորագույն զինատեսակներն էին անօդաչուները, Ձեր նախագահության օրոք ինչո՞ւ չարտադրվեցին  կամ ինչու չգնվեցին բավարար չափով անօդաչուներ:

-Ես այդ հարցին մի քիչ այլ կերպ պատասխանեմ: Դեռևս թալանը դնենք մի կողմ, բուն հարցին անդրադառնանք: Մամուլում էլ տարբեր նախկին պաշտոնյաներ խոսել են այդ մասին: Ուրեմն, Ապրիլյան պատերազմից հետո մենք տևական ժամանակ զբաղված էինք հետաքննություն անցկացնելով, Ապրիլյան պատերազմի դասերն ուսումնասիրելով, որովհետև ցանկացած բարեփոխում բանակում, ցանկացած նոր սպառազինությունների ձեռքբերում պետք է պայմանավորված լինի ռազմական գործողությունների արդյունքով և քո հակառակորդի կողմից կիրառված զինամթերքով ու նորարարությամբ: Եվ մենք հաստատեցինք 2018-2024 թվականների համար երկու փաստաթուղթ. փաստաթուղթ համար մեկ՝ զինված ուժերի զարգացման պլան, բաղկացած 169 կետից, թե մենք ինչ պետք անենք, ինչ փոփոխություն պետք է մտցնենք  զինված ուժերում և որ զինատեսակները պետք է զարգացնենք, ու արդյունքում ինչ պետք է ստանայինք, և այդ փաստաթղթի հիման վրա կազմվեց  ռազմական տեխնիկայի և սպառազինության ձեռքբերման պլան:

Այդ պլանի համար նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, և այդ միջոցների աղբյուրները հստակորեն կային, 100 մլն-ը վարկային միջոցներով էին՝ յուրաքանչյուր  տարի, 100 մլն-ը՝ այլ բյուջետային միջոցներ: 2018-2020 թվականների համար նախատեսված էր կեսից ավելին, ընդ որում՝ 1 մլրդ 300 մլն դոլարից 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Մի թիվ ասեմ. նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք:

-Ումի՞ց, երկրնե՞րը կարող եք ասել, պարո՛ն նախագահ:

-Նպատակահարմար չեմ համարում, բայց եթե ծայրահեղ անհրաժեշտություն լինի՝ մի անգամ կասեմ:

-Այդ գործարքները հետո չարվեցի՞ն:

-Ոչ: Ընդ որում, 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝  5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու:

Բայց, ցավոք, չգիտես ինչից ելնելով, միգուցե հայ պաշտոնյայի բնավորությունից, որ ես եկել եմ ինչ-որ բան պետք է փոխեմ, որովհետև նախկինները լավ չէին հասկանում, փոխեցին այդ ամբողջ պլանը: Ես անկեղծ պետք է խոստովանեմ, որ ես տեղյակ չեմ, թե ինչ փոփոխություններ են մտցրել, բայց ասում եմ՝ հաստատապես փոխվեց «ՏՈՌ» համալիրներ ձեռք բերելու պլանը, որը նախատեսված էր երեք խմբաքանակով, ՀՀ-ն ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ մեր ստորագրած պայմանագրով:

-Բայց ՍՈՒ-30 հո գնեցինք, պարո՛ն նախագահ, մենք կործանիչ ավիացիա չէինք ունեցել:

-Բա որ գնեցիք, հետո օգտագործեցի՞ք: Սպառազինությունը գնելն էլ է արվեստ, հասկանում եք: Հենց այնպես չես կարող նպատակ ունենալ դրանով PR անել, քաղաքական հարցեր լուծել, մտածելով, որ տեսեք-տեսեք՝ նախկինները Իսկանդեր էին բերել , մենք էլ ՍՈՒ-30 ենք  բերում, նախկինները 80-ականների զենք են բերում, մենք էլ նոր ՍՈՒ-30 ենք բերում: Քանի՞ անգամ թռավ ՍՈՒ-30-ը: Այո, այն թռավ մեկ անգամ  Տավուշի սահմանային միջադեպի ժամանակ, այն էլ... ուղղակի ամեն ինչ ասել են տալիս, թռավ այնպիսի ապաշնորհ ձևով, որ ստիպված եմ եղել խնդրել իմ գործընկերներից մեկին, որպեսզի զանգի ՊՆ և ասի՝ այդ հիմարությունը մի արեք, մենք տեսնում ենք, որ այդ ինքնաթիռը առանց սպառազինության է թռնում, առանց սպառազինության ո՞ւր եք թռնում: Ես ինքնաթիռի վրա սպառազինություն չեմ տեսել, այնուհետև իրենք, զինվորականներն ասացին, որ սպառազինություն չկար: Մեկ փորձում էին արդարացնել, որ սա շատ բարդ բան է, և այդ բարդ բանն օգտագործելու համար շատ տևական ժամանակ է պետք և այլն, բա գնելուց դա չէի՞ք հասկանում: Ես վստահությամբ ասում եմ, որովհետև ես այդպես էլ տեղեկություն չունեցա, թե մենք անօդաչու թռչող սարքեր օգտագործե՞լ ենք, թե՞ ոչ, և արդյո՞ք արդյունավետ ենք օգտագործել:

-Այսինքն՝ քաղաքական որոշման արդյունքո՞ւմ է փոխվել նախագիծը:

-Ես չեմ կարող ասել, միգուցե նախաձեռնությունը գլխավոր շտաբից է եղել այն ժամանակ, երբ արդեն փոփոխություն է տեղի ունեցել:

-Բայց զինվորականները հո հասկանում էին, թե մեզ ինչ է պետք:

-Իհարկե, զինվորականները հասկանում էին, բայց շատ դեպքերում զինվորականների միջև էլ է, լավ առումով ասեմ, պայքար գնում, թե  որ սպառազինությունն է պետք ավելացնել: Մրցակցություն է, այսինքն՝ հրետանավորը ուզում է ժամանակակից հրետանային միջոցներ ունենալ, օդաչուն ուզում է նոր ժամանակակից ինքնաթիռներ ունենալ և այլն: Միշտ ցանկություն լինում է, բայց պետք է շատ սթափ վիճակը գնահատել և պահպանել զենք-զինամթերք ձեռք բերելու տարրական կանոնները: Նախաձեռնությունը պետք է գա ամենաներքևից՝ գլխավոր շտաբի վարչություններից, որը հաշվի կառնի զորքերի պահանջը, ռազմական թատերաբեմին ավելի հարմար ու հակառակորդին զսպող միջոցների ամբողջականությունը, այնուհետև դա գլխավոր շտաբում պետք է միս ու արյուն ստանա,  այնուհետև քննարկվի պաշտպանության նախարարի մասնակցությամբ, այնուհետև, խոշոր զինամթերքի դեպքում՝ համաձայնեցվի գերագույն հրամանատարի հետ:

Շարունակությունը կարդացեք tert.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել