armtimes.com: Հայկական գրանցմամբ եւ համարանիշով Բոինգ-737 ինքնաթիռի չարտոնված վայրէջքի ու հնարավոր առեւանգման մասին առաջինը բարձրաձայնել է օդաչու, ՀՀ առաջին մասնավոր «Ֆենիքս Ավիա» ավիաընկերության հիմնադիր, վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։ «Հայկական ժամանակի» հետ զրույցում Ճաղարյանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռը շահագործող նորաստեղծ ավիաընկերության մասին, զրուցել ենք նաեւ թեմային առընչվող այլ հարցերի շուրջ․
- Պարոն Ճաղարյան, կխնդրեի ասել, թե ե՞րբ եք տեղեկացել օդանավի հետ կապված խնդրի մասին, եւ եթե գաղտնքի չէ ինչպե՞ս եք իմացել։
- Խնդրի մասին իմացել եմ կիրակի երեկոյան Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատող գործընկերներիցս մեկից։ Քանի որ ես Էմիրաթներում եմ աշխատել՝ ավիացիոն շուկայում բազմաթիվ գործընկերներ ունեմ։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ Էմիրաթներում լուրեր են տարածվել, թե հայկական օդանավ են առեւանգել, հարցրեց՝ ես ի՞նչ գիտեմ այդ մասին։ Հարցրեցի ե՞րբ են առեւնագել, ասաց՝ այսօր (հեղ․՝ կիրակի)։ Ուսումնասիրելուց հետո հասկացա, որ խոսքը Fly Armenia ավիաընկերության տեխնիկական թռիչքի մասին է, որը Տալլինից պիտի գար Երեւան եւ հայտնվել է Թեհրանի օդանավակայանում։ Մինչեւ երկուշաբթի ես ձայն չէի հանում, սպասում էի․ Հայաստանի ավիացիոն իշխանությունները մի ռեակցիա պիտի տայի՞ն չէ։ Սա համաշխարհային ավիացիայում արտառոց դեպք է․ Կան հատուկ կարգավորումներ, որ եթե օդանավը նախանշված օդանավակայան չի հասնում պլանավորված ժամանակից 30 րոպե հետո սկսվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Չի կատարվել ո՛չ որոնողափրկարարական աշխատանքներ, ո՛չ էլ հայտարարություն է տարածվել օդանավի առեւանգման մասին։ Այսինքն՝ այստեղ (ՔԱԿ-ում) այնպիսի տպավորություն էր, որ ոչինչ չի եղել։
- Երբ հայտարարեցիք ինքնաթիռի հնարավոր առեւանգման մասին, դուք ֆեյսբուքյան ձեր էջում գրել էիք, որ ՀՀ քաղաքացիական ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների (Աբու Դաբի) Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին: Այդ գրության մասին կոմիտեի՞ց էիք տեղեկացել։
- Այդ մասին Էմիրաթների իմ գործընկերներից էի իմացել, ու գիտեմ, որ իրենք այդ առընչությամբ գրություն են ուղարկել կոմիտե։
- Այսինքն հնարավո՞ր է, որ ՀՀ քաղավիացիայում իսկապես խնդրի մասին տեղյակ չե՞ն եղել, թե դա անհնար է, պարզապես հարկ են համարել լռել։
- Այ հենց սա է հարցը՝ օդանավը առեւանգվե՞լ է, թե գնացել է ավիանընկերության նախատեսված պլանով։ Լավ, եթե գնացել է ավիանընկերության նախատեսված պլանով, ինչո՞ւ ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ չեն եղել։ Եթե ավիացիոն իշխանությունները դրանից տեղյակ են եղել, ապա ինչո՞ւ իրենք առաջինը չեն զանգել միջազգային ավիացիոն ստրուկտուրաներին։ Ինչո՞ւ են հիմա անմեղսունակ հայտարարություններ անում, թե համապատասխան իրավասու մարմիններից այդպիսի տեղեկություն չեն ստացել։ Թող հիմա ասեն, թե ովքե՞ր են այդ իրավասու մարմինները։ Իրավասու մարմինները հենց իրենք են՝ Հայաստանի ավիացիոն իշանությունները։ Հենց իրենք պիտի մեզ հայտնեին, հայտարարեին առեւանգման մասին, կամ ժխտեին այդ փաստը։
- Իսկ տեղյա՞կ եք դեպի Տալլին թռիչքի նպատակների մասին։
- Օդանավը կատարել է տեխնիկական թռիչք։ Իմ տեղեկություններով՝ օդանավաը վարձակալվել է լիտվական ընկերության կողմից, բայց գտնվել է (Էստոնիա) Տալինում: Այստեղ իրավական որեւէ խախտում չկա, սա չէ խնդիրը։
Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
comment.count (0)