Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում
19:17 - 17 մարտի, 2021

Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 17-ին աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել է Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ հանգամանալից անդրադառնալով առանձին ոլորտներում արձանագրված փոփոխություններին, այդ թվում՝ չափագրման փաթեթների կազմման, սպասարկման որակը բարձրացնելու և ժամանակ խնայելու մեխանիզմների ներդրման, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղություններով: Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնացրել է հաշվետվողականության գործիքների, առցանց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման հարցերը՝ հայտնելով, որ 7 ամսվա ընթացքում 260 համայնք արդեն տեղափոխվել է առցանց վարման: Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նաև քարտեզների ճշգրտման գործընթացն ու ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ առկա գործիքակազմով հնարավորություն է ստեղծվում բացահայտել առկա խնդիրներն ու շեղումները և ուղղումներ կատարել համայնքների սահմանների, հասցեների ճշգրտման գործընթացներում:

Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև Կադաստրի արխիվային հատվածին՝ կարևորելով ինչպես պատշաճ արխիվացումը, այնպես էլ ծառայությունների և թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությանը: Փոխվարչապետը նշել է, որ էլեկտրոնային ստորագրության պարզեցված տարբերակի ներդրումը, որը պիտի տեղի ունենա մինչև 2021թ. ավարտը, խոշոր նշանակություն կունենա թվայնացման գործընթացում էական առաջընթաց արձանագրելու հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել