ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը և Տաթեւիկ Գասպարյանը մարտի 31-ին հանդիպել են Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:
Քննարկվել են անհայտ կորած անձանց կարգավիճակը կարգավորող օրենսդրությունը, մասնավորապես՝ «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունմանը վերաբերող հարցեր: Նազելի Բաղդասարյանը հյուրերին նախ ներկայացրեց այդ հարցում մեր երկրում առկա վիճակը, ձեռնարկված քայլերը: Պատգամավորի համոզմամբ՝ 44-օրյա պատերազմը մեզ կանգնեցրեց այլ իրողության առջև. եթե նախկինում որոշ գերատեսչությունների կողմից օրենքի ընդունումը համարվում էր ժամանակավրեպ, ապա ստեղծված իրավիճակում նման իրավական ակտի ընդունումն անհրաժեշտություն է: Նշվեց, որ խնդրին միջանկյալ լուծումներ են տրվել օրենսդրական փոփոխությունների, Կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի տեսքով, սակայն ամբողջական և համակողմանի կարգավորում է անհրաժեշտ:
Անդրադարձ կատարվեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մոդելային օրենքին, որը կիրառվել է մի շարք երկրներում:
«Մենք հույս հայտնեցինք, որ այն փորձը և մոտեցումները, որոնք որդեգրվել են այդ երկրներում, հնարավոր կլինի կիրառել նաև Հայաստանում»,- ասել է Բաղդասարյանը:
Քննարկվել են մոդելային օրենքի այն տարբերակները և մոտեցումները, որոնք կարող են համահունչ լինել ՀՀ օրենսդրությանը: Երկուստեք կարևորվել է անհետ կորած անձանց իրավական պաշտպանության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:
comment.count (0)