Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։
Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։
«Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
comment.count (0)