1lurer.am: Ցավոք, 2019 թ. ամռանը մեր ծրագրածները կարողացանք իրականացնել մասամբ՝ հայտարարեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ժամանակ:
«Ընդամենը 10 ամիս առաջ այս նույն դահլիճում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մեծ փաթեթ ընդունվեց, բայց դա նվիրված էր ՏԻՄ ընտրություններին: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ բոլոր խմբակցությունները համահեղինակեցին: Չեմ հիշում այն ժամանակ որևէ մեկին, որ հանդիմաներ, թե ռեյտինգային ընտրակարգն ինչու եք հանում: Մենք ծրագրել էինք՝ ռեյտինգայինը փոխվելու է 2020-ի աշնանը կամ 2021-ի գարնանը, որից հետո մենք արդեն համալիր փոփոխություններ կունենայինք: Ցավոք չեղավ: Հիմա գործում ենք հնարավորինս անելու տրամաբանության մեջ»,- նշեց Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ արտահերթ նիստում ներկայացված նախագծից բացի, ունենալու են Ընտրական օրենսգրքի խորքային, բովանդակային փոփոխությունների առանձին նախագիծ: «Մեր հաջորդ նիստերին գալու է այն նախագիծը, որն ուզում եմ մեր «Լուսավոր Հայաստանի» գործընկերներին հիշեցնել՝ շրջանառության մեջ է դրվել շատ ավելի վաղ, քան արտահերթ ընտրությունների պայմանավորվածությունը»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ այս պահին անհրաժեշտություն է՝ օրենսդրությամբ օր առաջ ամրագրել, որ 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին չի լինելու ռեյտինգային ընտրակարգ:
comment.count (0)