Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը

 |armenpress.am|
18:44 - 07 ապրիլի, 2021

Պետությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը հակված է վերանայել բնակարանների ձեռքբերման համար հիփոթեքային վարկի սպասարկման մասով եկամտային հարկի վերադարձի համակարգը՝ կամ դադարեցնելով դրա գործունեությունը կամ պարզապես ձևափոխելով այն: Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում մեկ այլ նախագծի քննարկմանը:

«Ժամանակին, երբ համակարգը ներդրվել է, ներկայացվել են հիմնավորումները, սակայն  անցել է որոշակի ժամանակահատված, և  հետահայաց վերլուծությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ համակարգի վերաբաշխողական էֆեկտը չի գոհացնում՝ այն իմաստով, որ այն առաջնային նպատակը, որը հետապնդվում էր այս օրենսդրական նախաձեռնությամբ, ըստ էության ամբողջությամբ չի իրագործվում: Իսկ դա բնակարանային ապահովման խնդիր ունեցող անձանց պետական աջակցությունն էր»,-ասաց Պողոսյանը:

Կառավարությունը կարևորում է, որ այս համակարգն ընկալվի ոչ թե որպես հարկային արտոնություն, այլ որպես բյուջետային աջակցության գործիք: «Մենք ունենք համոզմունք, որ այս ծախսը բնույթով սոցիալական  չէ: Եվ այսօր՝ հատկապես հետպատերազմյան և համավարակային այս ժամանակաշրջանում ունենք շատ ավելի այլ առաջնահերթություններ»,-ասաց փոխնախարարը:

Համակարգի շահառուների թիվը և ըստ այդմ՝ հետ վերադարձվող եկամտային հարկի գումարներն աճում են սրընթաց: Եթե համակարգի ներդրման առաջին տարում ընդամենը 253 մլն դրամ է վերադարձվել, ապա 2019-ին այդ գումարը հասել է 7.9 մլրդ դրամի: Իսկ 2020 թվականը ամփոփվել է 13.3 մլրդ դրամով: Պետության կանխատեսումների համաձայն՝ առաջիկա 3-4 տարիներին այս սրընթաց աճի տեմպը պահպանվելու է, սա հարում են ռիսկ:

«Այս ամենը հաշի առնելով՝ կառավարությունը չի թաքցել և բոլոր պատեհ առիթներով հայտարարել է, որ փորձելու է գտնել հարմար պահ և համակարգը վերանայել այն տրամաբանությամբ, որ կամ դրա գործունեությունը դադարեցվի, (իհարկե բոլոր նրանք, որոնք հասցրել են մաս կազմել այս համակարգի, կշարունակեն մինչև իրենց վարկային պայմանագրերի ավարտը) կամ ձևափոխվի՝ որոշակի սահմանափակումներով: Այդ պահը կարծես չի գտնվել՝ հայտնի իրողություններով պայմանավորված: Երբ երկրում տնտեսական ակտիվության անկում նկատվեց, գուցե այո, դա ամենահարմար պահը չէր այս համակարգի կիրառությունը վերացնելու կամ ձևափոխելու առումով, բայց այդ հարցը շարունակում է մնալ մեր օրակարգում»,-ասաց Պողոսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել