1lurer.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացատրել է, թե ինչու են ռուսական զորքերը կենտրոնացած Ուկրաինայի սահմանի մոտ՝ Դոնբասի մոտակայքում: Նրա խոսքը մեջբերում է Интерфакс-ը:
«Հարց են տալիս, թե ի՛նչ է անում Ռուսաստանը Ուկրաինայի հետ սահմանին: Պատասխանը շատ պարզ է. մենք այնտեղ ենք ապրում, սա մեր երկիրն է»,- ասել է Լավրովը:
Միևնույն ժամանակ, Լավրովը հետաքրքրվել է, թե ինչ են անում Սև ծովում ամերիկյան նավերը: Նրա խոսքով՝ պարբերաբար արձանագրվում է նրանց ներկայությունն այդ շրջանում: «Հիմա նրանք ավելի ակտիվ են՝ ավելի ագրեսիվ հռետորաբանությամբ»,- ավելացրել է նա:
Լավրովն ասել է, որ ԱՄՆ-ն անընդհատ կազմակերպում է ՆԱՏՕ-ի ինչ-որ գործողություններ Ուկրաինայում` իր իսկ տարածքից հազարավոր կիլոմետրեր հեռու: «Ինչու» հարցն այժմ անպատասխան է՝ հավելել է դիվանագետը:
Դոնբասում մարտի վերջին սկսվեց իրավիճակի հերթական սրումը: Ուկրաինան և Դոնեցկն ու Լուգանսկը միմյանց մեղադրում են հրետակոծությունն ուժեղացնելու, հետախուզական գործողություններ իրականացնելու և շփման գծի երկայնքով ռազմական տեխնիկա տեղակայելու համար:
Այս ֆոնին Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանին մեղադրել է պետության սահմանների մոտ իր ռազմական ներկայությունն ուժեղացնելու համար: Ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ ռուսական զորքերը տեղակայվել են երկրի այն շրջաններում, որտեղ նպատակահարմար են համարել:
comment.count (0)