Իհարկե, Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, և մենք այն լրջորեն փաստարկել ենք․ Նիկոլ Փաշինյան
08:32 - 01 ապրիլի, 2019

Իհարկե, Վիեննայում քննարկվել է Ղարաբաղի մասնակցության հարցը, և մենք այն լրջորեն փաստարկել ենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան «ուղիղ եթեր»-ով անդրադարձել է Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած իր առաջին պաշտոնական հանդիպմանը։

«Ես Վիեննայի հայ համայնքի հանդիպման ընթացքում անդրադարձել եմ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, այն որակել եմ դրական՝  ասելով, որ այդ քննարկման ընթացքում բանակցային գործընթացում հեղափոխություն չի եղել, ինչ-որ դարակազմիկ շրջադարձեր չեն եղել, բայց դրական եմ գնահատում, քանի որ կարողացել ենք քննարկել մեր օրակարգերը։

Կարևոր է՝ այս հանդիպումների տրամաբանության մեջ նոր կուլտուրա մտցնենք, երբ հանդիպումներից հետո չենք փնտրում հաղթողներ և պարտվեղներ։ Կարևոր է, որ հանդիպումկից հետո կողմերն իրենց հայտարարություններում հնարավորինս առաջնորդվեն այն տրամաբանությամբ, որ ոչ թե վատ վիճակի մեջ դնեն, այլ հարյուր տոկոսով հավատարիմ մնան ճշմարտությանն ու բանակցային գործընթացի ոգուն։ Մեր հանդիպման ընթացքում բարձրացրել եմ այս հարցը։ Պատկերացրեք՝ երկու երկրների ղեկավարներ, ենթադրաբար լուրջ մարդիկ, հանդիպում են, մի քանի ժամ քննարկում, և հանդիպումից հետո հնչում են մեկնաբանություններ, որոնք տրամագծորեն իրարից տարբերվում են։ Սա լուրջ խնդիր է։ 

Հանդիպմանը հաջորդում են համատեղ հայտարարություններ, այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների և երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը, որն ընդհանուր առմամբ ընդգծում է հանդիպման տրամաբանությունը, այն ինչ կողմերը կարողացել են համաձայնեցնել որպես տեքստ։ Եվ քանի որ ադրբեջանական կողմից վերջին օրերին հնչում են մեկնաբանություններ, որոնք դուրս են համատեղ հայատարարության շրջանաակից, կարևոր եմ համարում մի քանի պարզաբանում անել։

Մեկ հիմնական հարցի եմ ուզում անդրադառնալ․ վերահաստատել, որ մենք Վիեննայի բանակցություններին գնացել էինք Ստեփանակերտի օրակարգով, որը մենք նախանշել էինք մարտի 12-ին՝ Անվտանգության խորհրդի համատեղ նիստի ընթացքում։ Ես ասել էի, որ շատ կարևոր է Արցախի ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացում։ Սա բանակցային ֆորմատի փոփոխության պահանջ, ակնկալիք, քմահաճույք չէ։

Հիմա, երբ ադրբեջանական կողմ ասում է՝ կարևորը՝ բանակցությունների ֆորմատը մնացել է անփոփոխ, դրանով ուզում են ասել, որ այս քննարկումներից իրենք հաղթող են դուրս եկել։ Սա կոռեկտ չէ այն տրամաբանության շրջանակում, ինչը մենք արդեն պայմանավորվել ենք։ Ղարաբաղի մասնակցության հարց դնելով՝ մենք բանակցային ֆորմատի փոփոխության հարց չենք դրել, ԵԱՀԿ Մինսի համանախագահության ներքո բանակցությունների ձևաչափը կասկածի տակ չի դրվել երբևէ։  

Հարցն այն է, թե ինչ է նշանակում այդ ֆորմատը։ Լեռնային Ղարաբաղը շատ երկար ժամանակ եղել է բանակցությունների կողմ, և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևավորման հենց առաջին փուլում Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը եղել է բանակցային ֆորմատի տրամաբանության հիմքում։

Վիեննայում արդյոք քննարկվե՞լ է Ղարաբաղի մասնակցության հարցը, իհարկե, քննարկվել է։ Արդյո՞ք մենք լրջորեն փաստարկել ենք այդ տեսակետը, իհարկե, լրջորեն փաստարկել ենք։ Արդյո՞ք կողմերը եկել են համաձայնության։ Իհարկե, չեն եկել համաձայնության։ Արդյոք սա նշանակում է, որ հարցը դուրս եկավ քննարկումներից, իհարկե, ոչ։

1998-2018թթ. Հայաստանը ղեկավարել են մարդիկ, ովքեր կյանքի տարբեր փուլերում եղել են Ղարաբաղի լիդերներ ու Ղարաբաղի ժողովուրդը կարող էր համարել, որ ինքը ներկայացված էր բանակցություններում։  Մեր փաստարկն այն է, 1998 թվականից հետո էլ Ղարաբաղը ներկա է եղել բանակցային գործընթացին։ Եվ հիմա, այն փաստի բերումով, որ ես ծնունդով Ղարաբաղից չեմ և Ղարաբաղի լիդեր չեմ եղել, ստացվում է, որ ահա այժմ Ղարաբաղը դուրս է եկել բանակցային գործընթացից։ Այն, ինչ ասվել է նախկինում, ասվել է նաև Վիեննայում և շատ ավելին է ասվել։ Մենք ունենք շատ լուրջ փաստարկների բազա, բայց այժմ ընդամենը ուզում եմ ասել, որ օրակարգի այդ կետը արձանագրվել է և ամբողջ ծավալով քննարկվել Վիեննայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել