1lurer.am: Մարտի 18-ից, երբ արտահերթ ընտրությունների գնալու պայմանավորվածություն ձեռք բերվեց, մեր երկրում ներքաղաքական կյանքը խաղաղվել է: Այդ մասին ԱԺ հատուկ նիստում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա նշեց, որ ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու այլ տարբերակ չի գործել, ուստի ստիպված են եղել մեկնարկել խորհրդարանն արձակելու գործընթացը: «Ես համոզված եմ, որ ճիշտ ենք արել, և սա անայլընտրանք գործընթաց է»,- ընդգծեց Մարուքյանը:
ԱԺ պատգամավորի խոսքով՝ ընտրությունների թափանցիկությունն ապահովելու, ընտրակեղծիքներ թույլ չտալու համար առաջին պատասխանատուն իշխանությունն է, ընդդիմությունը, ըստ նրա, ամեն ինչ անելու է, որ իր ունեցած մեխանիզմներով թույլ չտա, որ ընտրությունների գործընթացը խաթարվի:
«Խորհրդարանի արձակման պայմանավորվածությունը գործում է, շեղում չի եղել»,- վստահեցրեց նա:
Մարուքյանը հայտնեց, որ մշակել են տեքստ և քաղաքական ուժերին կոչ են անում միանալ՝ արձանագրելու և պարտավորություն ստանձնելու, որ քարոզարշավի ժամանակ ատելության խոսք չեն հնչեցնելու:
comment.count (0)