tert.am: Գերմանիան Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին հակասեմական ցույցեր չի հանդուրժի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ Զայբերտը հայտարարել է, որ «ցանկացած ոք, ով նման բողոքներն օգտագործում է հրեաների հանդեպ իր ատելությունն արտահայտելու համար, չարաշահում է ցույցերի իրավունքը»:
«Մեր ժողովրդավարությունը չի հանդուրժի հակասեմական ցույցեր»,- հայտնել նա։
Նա նաև ընդգծել է՝ Մերկելը դատապարտում է ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի քաղաքների վրա շարունակվող հրթիռակոծությունները, և «ոչինչ չի կարող արդարացնել նման ահաբեկչությունը»:
«Հրթիռակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Գերմանիայում, պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին, հակաիսրայելական գործողությունների ալիք է բարձրացել։
Մայիսի 12-ի երեկոյան Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա նահանգի Գելզենկիրխեն քաղաքում շուրջ 180 ցուցարար փորձել է քաղաքի կենտրոնով շարժվել դեպի սինագոգ: Միևնույն ժամանակ, ցուցարարներից ոմանք հակասեմական բովանդակությամբ կարգախոսներ են բղավել: Ոստիկանությունը մահակներ է օգտագործել, տուժածների մասին չի հաղորդվում:
comment.count (0)