Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
17:12 - 20 մայիսի, 2021

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր միայն ԼՂ-ին և ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվայի համար նշանակություն չունի, թե կմասնակցի արդյոք Ռուսաստանը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի հստակեցման գործընթացին, թե ոչ:

Այս մասին պաշտոնյան հայտարարել է այսօր Կազանում անցկացվող «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիային նվիրված համաժողովի շրջանակում, գրում է «Կոմերսանտ»-ը:

«Մեզ համար գլխավորն այն չէ, թե քանի մասնակից կա այս գործընթացում, այլ այն է, որ հարցը լուծվի հնարավորինս արագ և խաղաղ ճանապարհով: Մեր խնդիրն է կողմերին միմյանց հետ շփման մեջ դնել: Եթե նրանք կարողանան հարցը լուծել երկկողմ ձևաչափով, մենք միայն կողմ ենք»,- մանրամասնել է Ռուդենկոն՝ պատասխանելով Բաքվից հնչող հայտարարություններին վերաբերող հարցին այն մասին, թե սահմանի հստակեցումը պետք է տեղի ունենա երկկողմ ձևաչափով:

Բացի այդ, պաշտոնյան շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, «վերաբերում էր միայն Լեռնային Ղարաբաղին և չէր վերաբերում Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը»:

«Այժմ տեղի ունեցող միջադեպը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ: Հետևաբար, ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող որևէ դեր ունենալ այս հարցում»,- վստահեցրել է Ռուդենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել