ԱԳՆ-ի ծախսերի հիմնական կշիռը 2020-ին եղել է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպումը |armenpress.am|
16:57 - 03 հունիսի, 2021

ԱԳՆ-ի ծախսերի հիմնական կշիռը 2020-ին եղել է այլ երկրներում ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից 2020 թվականին սկզբնական ծրագրով ենթակա էր օգտագործման 15.5 մլրդ դրամ հատկացում: Նախատեսվում էր, որ այս միջոցները կօգտագործվեն 6 ծրագրերի, 18 միջոցառումների ֆինանսավորման համար: Տարվա ընթացքում արդեն ճշտված ծրագիրը կառավարության լիազորությունների շրջանակում կազմել է 17.1 մլրդ դրամ: Փաստացի օգտագործումը կազմել է  98.5 տոկոս կամ 16.85 մլրդ դրամ: Այս մասին Ազգային ժողովում բյուջետային քննարկումների ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

«Բոլոր միջոցառումներին չեմ անդրադառնա, սակայն կնշեմ, որ ծախսերի մեջ հիմնական կշիռը եղել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ծառայության գործունեության կազմակերպումը: Հաջորդն իր մեծությամբ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ծրագիրն է եղել: Կուզենայի այստեղ նաև անդրադառնալ այն հարցին, որ 2020 թվականի բյուջեում, բացի ԱԳՆ-ից, անդամակցության համար պատասխանատու են եղել նաև այլ մարմիններ: Հետևաբար` միջազգային կազմակերպություններին անդամակցելու համար, ընդհանուր առմամբ, տարեկան ճշտված ծրագիրը կազմել է 3 մլրդ 396 մլն դրամ, որի փաստացի օգտագործումը կազմել է 3 մլրդ 324 մլն դրամ»,-ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ, ընդհանուր առմամբ, հատկացված միջոցներով հնարավոր է եղել կազմակերպել ԱԳՆ-ին վերապահված գործառույթների իրականացումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել