«Գործված աշխարհներ»․ շուշեցի Էլինա Գրիգորյանի և «ԱՄԻԱ» կազմակերպության նոր բրենդը
22:19 - 07 հունիսի, 2021

«Գործված աշխարհներ»․ շուշեցի Էլինա Գրիգորյանի և «ԱՄԻԱ» կազմակերպության նոր բրենդը

Շուշեցի Էլինա Գրիգորյանը, ով ձեռագործ իրեր պատրաստելով է զբաղվում, «ԱՄԻԱ» («Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիք») կազմակերպության հետ միասին նոր բրենդ ստեղծելու ճանապարհին է։

 

Ուսուցչությունն ու ձեռագործությունը

Շուշիի դպրոցում մաթեմատիկայի ուսուցչուհի աշխատած Էլինա Գրիգորյանը փոքր հասակում ասեղնագործությամբ է զբաղվել, ավելի ուշ նաև շյուղագործություն է սովորել․ շյուղերով հագուստներ, գլխարկներ, շարֆեր է գործում և՛ երեխաների, և՛ մեծահասակների համար։ «Ասեղնագործությունն եմ վաղուց սովորել, հետո մայրս շյուղեր կարողանում էր գործել, սովորացնում էր։ Հետո ինտերնետով շատ սկսեցի նայել, ինտերնետից սովորեցի՝ ինչպես են անում։ Փոքր ուլունքներից ծառեր, ծաղիկներ, այդպիսի բաներ էլ էի պատրաստում, բայց այդ ամբողջը մենակ եմ սովորել, որ ինչ-որ տեղ գնամ, սովորեմ, այդպես չի եղել»։

Բացի այդ՝ նա հելյունագործ տիկնիկներ է պատրաստում, հաճախ էլ մարդիկ են դառնում Էլինայի գործած տիկնիկների նախատիպերը։ «Պատվիրատուները նկարները ուղարկում են, դրա հիման վրա եմ գործում։ Եղել է՝ երեխու նկար են ուղարկել, ասել են՝ եթե դեմքը չեք կարող նույնը անել, գոնե հագուստը այնպես արեք, որ նման լինի»։

Էլինան ասում է, որ Արցախում  իր պատրաստած իրերի համար շատ պատվերներ էր ունենում։ «Ստեփանակերտում խաղալիքների խանութ կար, որտեղ նաև երեխաների շորեր էին վաճառում, նրանց հետ աշխատում էի։ Իրենցից պատվերներ էի վերցնում, գործում էի, ուղարկում էի, իրենք վաճառում էին»։

Արցախում սեփական կրպակը հիմնելու նպատակ Էլինան ունեցել է, բայց սկզբում ֆինանսական խնդիրներ են եղել։ «Շուշիում թելերի խանութ չկար, ես միշտ իջնում, Ստեփանակերտից էի առնում, ամուսնուս ասեցի՝ որ գործերը լավ լինի, սեփական բիզնես դնեմ, համ թելեր վաճառեմ, համ էլ իմ մտահաղացումները՝ ինչ ֆանտազիա ունեմ, անեմ, հետո չստացվեց։ Սկզբնական պահին գումար չկար, որ ներդնեինք, բայց եթե նույնիսկ գումար հավաքած լինեինք, հիմա արդեն Շուշին չկա, մերը չի»։

Էլինա Գրիգորյանը

Մաթեմատիկայի ուսուցչուհին պատմում է, որ սիրով է համատեղել իր մասնագիտությունը ձեռագործության հետ։ «Ուսուցչությունը, աշակերտների հետ աշխատելը շատ  եմ սիրում, և ձեռագործ աշխատանքն էլ եմ շատ սիրում։ Ձեռագործ աշխատանքը ավելի հանգստացնող է։ Երբ մի քիչ ջղայնացած եմ լինում, սկսում եմ գործել, հանգստանում եմ։ Իսկ ուսոցչությունն էլ, գիտեք, երեխաների հետ աշխատելը ինչ ներվերի հետ կապված աշխատանք է, եթե իմ մասնագիտությունը չսիրեի, դժվար թե կարողանայի դպրոցում աշխատել»։

 

 Շուշիից՝ Ջերմուկ

Էլինա Գրիգորյանի ընտանիքը Շուշիից Ջերմուկ է տեղափոխվել պատերազմը սկսելուց հետո՝ անցած տարվա սեպտեմբերի վերջին։ Նրանք Ջերմուկում վաղուց են տուն ունեցել, ուստի որոշել են հենց այս քաղաքում բնակվել։ «Ջերմուկում եմ մեծացել, մեր ընտանիքը Սումգայիթից փախստական է եղել, Ջերմուկի հետ ենք տները փոխել։ Մենք ստեղ տուն ունեինք։ Ահագին ժամանակ էստեղ չէինք ապրում, մամաս, պապաս Արցախում էին ապրում, էս տունը դատարկ էր, մեջը մարդ չէր ապրում, դրա համար եկանք այստեղ»։

Նա ասում է՝ և՛ Շուշին, և՛ Ջերմուկը գեղեցիկ քաղաքներ են, բայց Շուշին  ավելի է «ձգում»։ «Շուշիում կյանքը եռում էր, այնտեղ տարվա ամեն եղանակը յուրովի գեղեցիկ էր։ Ջերմուկ կարելի է գալ, մի 10 օր հանգստանալ ու վերջ, ապրելու համար այդքան էլ լավ չի, իսկ Շուշիում լավ էր թե՛ ապրելու, թե՛ հանգստանալու առումով։ Շատ եմ կարոտում Շուշիս»,-ասում է նա։

Հնարավոր է, որ Էլինան Ջերմուկում շարունակի ուսուցչի իր աշխատանքը։ «Ճիշտն ասած, Ջերմուկում մի կին արդեն թոշակի պիտի գնա, ինձ ասացին՝ ժամեր է ավելանում, եթե ուզում ես՝ արի, դիմում գրի։ Դե, դիմումը գրել եմ, տեսնենք՝ կստացվի, եթե ստացվի, այստեղ կպարապեմ։ Մեր դպրոցը, որը Շուշիում էր, Ստեփանակերտում վերաբացվում է, բայց քանի որ այնտեղ տեղ չկա, տներն էլ զբաղված են, տուն չի ճարվում, երևի դեռ չկարողանանք գնալ այնտեղ, ու դեռ կմնամ էստեղ, մինչև հասկանամ՝ ինչ է որոշվում։ Այս պահին չեմ ուզում վերադառնալ, որովհետև մի քիչ վախենում եմ երեխաների համար»։

Էլինայի երկու որդիները հիմա Ջերմուկի դպրոցում են սովորում, իսկ աղջիկը դեռ 1 տարեկան է։ Ասում է, որ երեխաների համար նույնպես շատ տիկնիկներ է գործել, բայց դրանք Շուշիում են մնացել։ «Այստեղ որ եկել ենք, ասում եմ՝ գործեմ, մեծ որդիս ասում է՝ մամա, արդեն մեծ տղա եմ, ի՞նչ տիկնիկ»։

Էլինա Գրիգորյանի աշխատանքներից մի քանիսը

Էլինան հիմա նույնպես ձեռագործ իրերի պատվերներ է ունենում։ «Մինչև Անժելայի («ԱՄԻԱ» կազմակերպության հաղորդակցման մենեջերը) հետ ծանոթանալը ֆեյսբուքյան էջում տեղադրում էի նկարներ: Թե՛ Ստեփանակերտից, թե՛ Երևանից պատվերներ ունենում էի։ Իմ փոքրիկ տղան Կանադայում ապրող մի հայի հետ անգլերեն է պարապում, ինքն էլ է 40 խաղալիք պատվիրել, ես տարել եմ, ուղարկել եմ Կանադա, որ ինքը այնտեղ վաճառի»։

Էլինան կարծում է, որ զբոսաշրջային քաղաք համարվող Ջերմուկում միայն ամռանը կկարողանա իր աշխատանքները վաճառել։ «Այստեղ միայն ամռանն են շատ զբոսաշրջիկներ լինում, որովհետև ամառային սեզոնից դուրս ոչ մի բան համարյա չկա, ճահճացած պրոցես է ձմեռային շրջանում։ Հատկապես կորոնավիրուսը որ ընկել է, շատ քիչ հանգստացողներ են լինում»։

Շուշեցի կինը չգիտի՝ Հայաստանում կստեղծի՞ սեփական բիզնեսը, թե ոչ, որովհետև չգիտի նաև, թե վերջնականապես որտեղ է բնակվելու։ «Այս պահին Հայաստանում եմ, հետո կարող է վերադառնամ, եթե լավ լինի, կարող է Հայաստանում մնամ, կարող է Հայաստանից դուրս գամ, դա մենակ ինձնից չի կախված»։

 

 «Գործված աշխարհներ»-ը՝ ԱՄԻԱ կազմակերպության և Էլինա Գրիգորյանի համատեղ բրենդը

«ԱՄԻԱ» հասարակական կազմակերպությունը օգնում է մարդկանց սեփական բիզնեսը հիմնել։ Կազմակերպության հաղորդակցման մենեջեր Անժել Գասպարյանը ասում է, որ Էլինա Գրիգորյանին գտել է «Ավրորա» մարդասիրական կազմակերպության միջոցով։ «Ավրորայի հետ համագործակցում էինք, մեզ ցուցակ տվեցին, որ այնտեղից ավելի շատ մարդկանց փորձենք ներգրավվել, ու Էլինան այն մարդկանցից էր, որ պլանավորում էր Հայաստանում ինչ-որ բան անել։ Երբ Էլինային հարցրի, թե ինչով է զբաղվում, ասաց, որ բացի ուսուցչությունից նաև ձեռագործ տիկնիկներ է պատրաստում։ Խնդրեցինք փորձնական գործել ու շատ հավանեցինք (իհարկե նյութերը տվեցինք իրեն)։ Հետո էջումս գրեցի իր մասին, մի քանի պատվերներ ունեցավ, հետո Կանադայի մեծ պատվերը հետևեց»։

Հիմա արդեն Էլինան «ԱՄԻԱ» կազմակերպության հետ «Գործված աշխարհներ» բրենդի վրա է աշխատում։ Այս գաղափարը Էլինային առաջարկել են «ԱՄԻԱ» կազմակերպության հիմնադիր Գևորգ Բաբայանը և Անժել Գասպարյանը։ Գործվածքների միջոցով «աշխարհներ» պատկերելու առաջին փորձը Էլինայի մոտ լավ է ստացվել։  «Ես սենց բան գործած չկայի։ Ասեցի՝ եկեք սկզբից հիսունով հիսուն փոքր բան վերցնենք, որ տեսնենք՝ արդյոք իմ մոտ մի բան ստացվում է, թե չէ, որովհետև ես տենց փոքր բաների հետ չեմ աշխատել։ Հետո Գևորգը ասաց, որ առաջին անգամվա համար լավ է։ Փորձել եմ գործվածքների միջոցով գյուղական կյանք պատկերել, իսկ գործվածքի վրայի սարը Արարատի նախատիպն է»,-պատմում է Էլինան։

«Գործված աշխարհներ» բրենդի առաջին նմուշը

Անժել Գասպարյանն էլ նշում է, որ այս բրենդը նորույթ է հայկական շուկայում։ «Մենք նույնիսկ մի պահ մտածեցինք փայտի կամ գործվածքի խառնուրդ լինի, բայց հուսամ՝ դա հետագայում կկարողանանք իրագործել, որովհետև շատ ժամանակակից ու երեխաների համար անվտանգ խաղալիք է։ Սա պլաստիկ չի, թելերը շրջակա միջավայրին վնաս չեն տալիս՝ սովորական լեգոների նման, երեխաներին վնաս չեն տալիս։ Երբ Գևորգը այս գաղափարը տվեց, Էլինայի հետ միասին մտածեցինք, թե ինչպես կարելի է անել։ Հետո ինտերնետում գաղափարներ էինք փնտրում՝ Էլինան իր հերթին, հետո արդեն Էլինային կրեատիվ ազատություն տվեցինք»։

Նա նաև հավելում է, որ եթե շուկան ընդունի այս արտադրանքը, հետագայում նաև քաղաքային թեմաներով, հեքիաթների աշխարհների թեմաներով աշխատանքներ կպատրաստեն։ «Ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերով գովազդը միացրած է լինելու, մարկետինգը այդպես ենք տանելու, ու հուսանք՝ ինֆլուենսերներին էլ կհետաքրքրի, որովհետև շուկայում նորություն է»։

Անժել Գասպարյանի խոսքով՝ արտադրանքը «Գործված աշխարհներ» են անվանել, որ հետագայում զարգանալու տեղ ունենա։ «Հետագայում, օրինակ, կլինի «հեքիաթային աշխարհ», «կախարդական աշխարհ»։ Այդպես ենք դրել, որ ամեն ինչին կարողանանք աշխարհ ասել։ Անձրևանոցի էֆֆեկտն է, որ իր տակ շատ բաներ է պարունակում»։

 

«ԱՄԻԱ» հասարակական կազմակերպությունը

Անժելը պատմում է, որ «ԱՄԻԱ» հասարակական կազմակերպությունը սկիզբ է առել ֆեյսբուքյան խմբից։

«Վստահ եմ՝ շատերն են ճանաչում Աջակցման միասնական ինֆորմացիոն ալիք խումբը, որը երևի թե ստեղծվել է պատերազմի երկրորդ օրը։ Խմբի նպատակն էր, որ արագ արձագանքման հարթակ ստեղծվեր, որպեսզի մարդիկ, ովքեր ինչ որ բանի կարիք ունեին, (այդ պահի դրությամբ՝ Արցախի ժողովուրդը), ու այն մարդիկ, ովքեր ինչ-որ բան առաջարկում էին, կարող էին տալ, կապվեին իրար հետ։ Օրինակ, մեկը գրում էր՝ յոթ հոգանոց ընտանիք ենք, տրանսպորտ չունենք, սնունդ չունենք, մյուսը ասում էր՝ ես տրանսպորտը կբերեմ, կամ սնունդը կբերեմ։ Մինչև հիմա խումբը գործում է, իհարկե կարիքները փոխվել են։ Արդեն երբ պատերազմը ավարտին էր մոտենում, հասկացանք, որ մարդկանց անընդհատ սնունդ, հագուստ ինչ որ մեկը չի կարող տալ, որովհետև տնտեսական անկում ենք ապրելու։ Նաև կարևորում էինք, որ մարդիկ հասկանան, որ ինչ-որ պահից իրենք պետք է անկախանան, պետք է իրենցը ստեղծեն, աշխատեն իրենց ընտանիքի համար՝ ոչ միայն իրենց եկամուտը ապահովելու, այլ երկրի տնտեսությանը օգնելու, ավելի ինքնավստահ, կայացած լինելու համար։ Ու այդպես հասարակական կազմակերպությունը սկսվեց»։

Անժելն ասում է՝ ՀԿ-ի նպատակն է օգնել մարդկանց՝ հիմնելու սեփական բիզնեսը։ «Այն բիզնեսները, որոնք  հիմա կան Հայաստանում, հիմնականում վատ օրինակ են ծառայում շրջապատի համար, որովհետև անկանոն են, կազմակերպված չեն, շատ դեպքերում հարկերից են խուսափում, բայց մեր նպատակն է, որ այս բիզնեսները լինեն դիսցիպլինայով, զարգացած, անընդհատ նայեն առաջ»։

Նա նշում է նաև, որ նախաձեռնության կարևոր նպատակներից է Սփյուռքի փորձը ու միջոցները կապել տեղացիների հետ։ «Պլատֆորմը ձևավորել ենք, շուտով արդեն լույս կտեսնի։ Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր ինչ որ գաղափար ունեն, մտնում են, այդ իդեայի մասին գրում են, դրսից ֆինանսավորում է գալիս, ինչպես նաև փորձի, էքսպերտիզայի առաջարկ։ Օրինակ Բելգիայում աշխատող հայ ճարտարապետը պատրաստ է օգնել հրուշակագործի, որ այստեղ փուռ կառուցեն։ Փորձը ինքը անվճար տալիս է, ու այդ փորձից և՛ բիզնեսի տերն է օգտվում, և՛ տեղի ուսանողները, որովհետև դա իրենց համար փոքր պրակտիկա է լինում։ Ուզում ենք բոլոր կողմերին կապել իրար»։

Անժելը նաև պատմում է, որ Արցախից եկած 7-8 ընտանիքների օգնել են սեփական եկամտի աղբյուրը հիմնել։  «Ունենք մի կին, ով շատ համեղ թխվածքներ է պատրաստում, ունենք փուռ Մասիսում, ունենք մի ընտանիք, որի հայրը դարբնի աշխատանքով է զբաղվել, իրենք ժամանակակից դեկորներ են պատրաստելու տան համար, ունենք ընտանիք, որ շուտով մեղվաբուծությամբ է զբաղվելու, ունենք կին, ով փորձված դերձակ է, ինքը շորեր է պատրաստում»,-ասում է Անժելը՝ հավելով, որ ֆինանսավորման դեպքում ևս 7-8 ընտանիքի կկարողանան օգնել սեփական եկամտի աղբյուրը հիմնելու գործում։ 

 

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել