Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները
17:55 - 12 հունիսի, 2021

Ինչպե՞ս է լուծվելու Արցախյան հիմնախնդիրը․ ՔՊ-ի, ԼՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները ներկայացրին իրենց տեսակետները

Մենք, ի վերջո, պիտի ընդունենք փաստը, որ խաղաղությունը չեն մուրում, չեն խնդրում, այն պարտադրում են։ Ե՛վ նախկին իշխանությունները, և՛ այսօրվա իշխանությունները ձախողել են իրենց պետականաշինության գործը, և դրա արդյունքում երկուսն էլ հրաժարվում են ստեղծել պարիտետային քննիչ հանձնաժողով, որը կքններ բացթողումները։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ Ազատություն ՌԿ-ի՝ «Արցախյան հիմնախնդիր, անվտանգություն» թեմայով բանավեճի ժամանակ։

Թեմայի շուրջ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության պատգամավորի թեկնածու Արման Մուսինյանը նշեց, որ Հայաստանը ծնկած, ջարդված, կազմալուծված, կազմաքանդված վիճակում է այս իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ։

«Մի օրինակ բերեմ․ խոսում ենք Արցախի հարցի կարգավորման մասին, Հայաստանում այսօր ԱԳՆ գոյություն չունի։ Ինչ պետք է անի նոր իշխանությունը։ Առաջինը՝ պետք է լուծի պետական համակարգի կառավարելիության հարցը և պետական ինստիտուտների անխափան աշխատանքի հարցը, ապահովի ներքաղաքական կայունությունը, որպեսզի ունենա ուժեղ թիկունք բանակցություններում, երրորդը նաև բանակի վերականգնումը և ակտիվորեն ներգրավի Արցախի հարցով արտաքին դիվանագիտական հարաբերությունների մեջ և՛ գործընկերների, դաշնակիցների, դաշնակից կազմակերպությունների, և՛ նաև հակառակորդների՝ այդ թվում Ադրբեջանին»,- հավելեց Մուսինյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում պիտի լուծվի հարցը, որը լուծված չէ, այսինքն՝ Արցախի կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա։ 

«Եթե նկատել եք, վերջին շրջանում միջազգային հանրությունը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակտիվորեն խոսում են սրա մասին, և անհրաժեշտ է վերաակտիվացնել ՄԽ գործունեությունը, միաժամանակ սրանից անհնար է տարանջատել մեր անվտանգային համակարգը, մեր բանակի արդիականացումը պիտի սրան զուգահեռ ընթանա»։

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Հայկ Մամիջանյանն էլ հայտնեց, որ իրենք հաստատ չեն կրկնի նախորդների սխալը, որը հետևյալն էր․ իրենք չգիտես ինչու փորձ էին կատարում բանակցել Ադրբեջանի հետ․ «Աշխարհում չկա ազգերի ինքնորոշման խնդիր, որը լուծվել է ուղիղ մետրոպոլիայի հետ բանակցություններով։ Դու չես կարող Ալիևի հետ բանակցել, որ էդ խնդիրը լուծես։ Դու պիտի բանակցես ամբողջ աշխարհի հետ, որ, ամբողջ աշխարհի մեծամեծներ անվանենք, գերտերություն անվանենք, ՄԽ համանախագահ երկրներ անվանենք, ճնշում գործադրեն մետրոպոլիայի վրա, որ դու կարողանաս ստանալ խնդրի լուծում։ Այլ կերպ ասած, լուծման տրամաբանությունը կարող է լինել միայն միջազգային շփումների և ոչ մի դեպքում Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների մեջ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել