Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ
12:41 - 27 հունիսի, 2021

Վերահաշվարկներ են եղել 82 տեղամասերում, 51-ում արձանագրվել են ոչ էական փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ․ ԿԸՀ նախագահ

Ասյօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ամփոփ տվյալներ է ներկայացնում։

Մուկուչյանը հայտնեց, որ երեք տարածքային ընտրական հանձնաժողովներում՝ թիվ 2, 3, 9, ներկայացվել են չորս տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմումներ։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձինք։ ԿԸՀ-ում ստացվել են դիմումներ նաև «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության լիազոր ներկայացուցչից և  ՀՔԱՎ-ից։ Վերջիններիս դիմումները վերաբերել են տարբեր տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ անճշտություններին։ Ներկայացված դիմումները վերաբերել են ընդհանուր 24 տեղմասերի տվյալների․ «Տարածքային ընտրական հանձնաժողովներն իրականացրել են վերահաշվարկ ինչպես վստահված անձանց ներկայացրած դիմումներով, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ են իրականացրել վերահաշվարկ՝ հաշվի առնելով «Ինքնիշխան Հայաստան կուսակցության լիազոր ներկայացուցչի և ՀՔԱՎ-ի նշած ընտրական տեղամասերը»։ 

ԿԸՀ նախագահն ասաց, որ թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34, 35 տարածքային ընտրական հանձնաժողովները սեփական նախաձեռնությամբ իրականացրել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ։ Ընդհանուր առմամբ, վերահաշվարկներ են եղել 82 ընտրական տեղամասերում․ «16 տեղամասում նախապես արձանագրված քվեարկության արդյունքները որևէ փոփոխություն չեն կրել։ 31 տեղամասերում թեկնածուներին տրված կողմ ձայների որևէ փոփոխություն չի արձանագրվել, մնացած 51 տեղամասերում արձանագրվել են ոչ էական բնույթի փոփոխություններ՝ պայմանավորված վավեր կամ անվավեր քվեաթերթիկների ճանաչման հետ»։ 

Մուկուչյանի փոխանցմամբ՝ վերահաշվարկների արդյունքում համապատասխան հաղորդումներ են ներկայացվել իրավապահ մարմիններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել