Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|
15:40 - 02 հուլիսի, 2021

Չինաստանն ակնկալում է հայկական բիզնեսի ակտիվացում չինական շուկայում |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը Հայաստանի հետ քննարկում է ավելի սերտ համագործակցության քայլեր։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը։

«Մենք աշխատում ենք, որպեսզի չինացի ներդրողներ ներգրավենք Հայաստանում։ Ներկա պահին մենք քննարկում ենք համագործակցությունը տարբեր ուղղություններով. աշխատում ենք, որպեսզի ավելացնենք զբոսաշրջային հոսքը Չինաստանից Հայաստան։ Հույս ունենք նաև, որ հայկական բիզնեսի ակտիվություն կնկատվի չինական շուկայում։ Հայկական արտադրության ապրանքները շատ են դուր գալիս չինացի ժողովրդին, այդ թվում ալկոհոլային խմիչքները։ Մեր երկրում շատ են սիրում հայկական կոնյակն ու գինին, ինչպես նաև մեզ հետաքրքրում է այստեղ արտադրվող պղինձն ու շատ այլ բաներ»,- նշեց դեսպանը։

Դեսպանի խոսքով՝ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև նախատեսված բազմաթիվ նախաձեռնություններ չեն կայացել, քանի որ նախորդ տարվանից ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակ սկսվեց, ինչպես նաև տեղի ունեցավ Արցախյան պատերազմը։

Ֆան Յոնն ընդգծեց, որ հաջորդ տարի նշվում է Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այդ ժամանակահատվածում երկրները կաջակցեն և կօգնեն միմյանց։

«Հայաստանի և Չինաստանի միջև  հաստատվել են բարեկամական հարաբերություններ, համագործակցության մակարդակը բարձր է։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման սկզբին ապրանքաշրջանառությունը եղել է 200 հազար դոլար, իսկ անցած տարի այն մոտեցել է 1 մլրդ դոլարի։ Մեզ համար բարեկամական երկրի հետ համագործակցության նպատակը երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացմանը և զարգացմանը նպաստելն է։ Մենք պատրաստ ենք կիսել զարգացման մեր փորձը Հայաստանի հետ»,- ընդգծեց Ֆան Յոնը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել