Պայթյունավտանգ տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության համակարգը [մաս 1]․ Նարեկ Ներսիսյան
15:54 - 08 հուլիսի, 2021

Պայթյունավտանգ տարածաշրջանը և Հայաստանի անվտանգության համակարգը [մաս 1]․ Նարեկ Ներսիսյան

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնեց, որ բանակի ռեֆորմներն առաջիկայում ենթադրում են ժամկետային զինծառայության ժամկետի կրճատում՝ մինչև մեկ տարի վեց ամիս, և այնուհետև անցում դեպի արհեստավարժ  բանակի։ Այս հայտարարությունը համընկնում է ՔՊ նախընտրական ծրագրի դրույթների հետ, որում, մասնավորապես, ասված է․

«Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը:

Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության բարձրացման հարցերով»։

Այսօրվա աշխարհակարգը թելադրում է անվտանգության այլ կանոններ, եթե նախկինում աշխարհաքաղաքական տեկտոնական շարժումները տեղի էին ունենում մեծ մասշտաբի ռազմական հակամարտությունների արդյունքում, ապա հիմա այլ իրավիճակ է։ Այսպիսի ծավալի ռազմաքաղաքական փոփոխություններ կարելի էր դիտարկել միայն աշխարհամարտերի արդյունքում, և չէր կարելի պատկերացնել անգամ 20-30 տարի առաջ։ Նայե՛ք քարտեզը․ Ղրիմը՝ մի ամբողջ կղզի, առանց մի կրակոցի անցավ Ռուսաստանի վերահսկողության տակ։  Ինքնիշխան պետությունները մաս-մաս են լինում, բաժանվում ազդեցության գոտիների, և սա՝ առանց խոշոր պատերազմների։ Այս պահի դրությամբ տարածաշրջանի առումով, կարծես թե, ունենք երկու հիմնական գործոն խաղացողներ․ մեկը՝ Թուրքիան, մյուսը՝ ՌԴ-ն։ Այս պետությունները երևացող խաղացողներն են, և առաջին հայացքից Հայաստանն այս երկու պետությունների անմիջական ազդեցության գոտում է։ Սակայն ավելի ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ տարածքում իրական խաղացողներն այլք են՝ ԱՄՆ-ի և Չինաստանի տեսքով։ Բանն այն է, որ Չինաստանը գործարկել է «Մետաքսի ճանապարը», որն այսպես կոչված փափուկ ուժի ազդեցության շնորհիվ իր տնտեսական ազդեցության տակ է վերցնում ամբողջ Ասիան՝ մինչև Եվրոպայի սահմաններ։ Սա հստակ ազդակ էր Միացյալ Նահանգների տնտեսական հեգեմոնիայի կողմնակիցների համար, որի ճնշման ներքո Եվրոպական Միությունը  դադարեցրեց Չինաստանի հետ իր տնտեսական համագործակցության վերաբերյալ բոլոր խոշոր պայմանագրերի արդեն նախագծված պայմանավորվածությունները, իսկ G7-ի երկրները 40 միլիարդ դոլար հատկացրին չինական էքսպասնիային դիմագրավելու համար։

Ահա այս չինական պրոյեկտն էր, որը արդեն 2014 թվականից սկսել էր նաև ջղաձգումներ առաջացնել թուրքական և ադրբեջանական կողմի մոտ։ Այ այստեղ էր, որ տարբեր տնտեսական ծրագրերից հետո նշված երկրների մոտ ագրեսիվ դրսևորումները բազմապատկվեցին, երբ հասկանալի դարձավ, որ, օրինակ,  բազմամիլիոնանոց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին չինական կողմի համար հետաքրքրություն չի ներկայացնում (մանրամասն՝ տե՛ս այստեղ

Այս պահին կարելի է թվարկել մի շարք փաստացի հանգամանքներ, որոնք բացահայտ խոսում են այն մասին, որ մեր տարածաշրջանը պայթյունավտանգ գոտում է։ Դրա մասին են խոսում ինչպես Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի ռազմական գերատեսչությունների սինխրոնացումը, այնպես էլ ԱՄՆ կողմից Թալիբան շարժման համար կանաչ լույս վառելը, որը ապագայում էլ կարող է օգտագործվել թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ Իրանի, թե՛ Չինաստանի սահմանների մոտ հրավառուն կետեր ստեղծելու համար։

Այսպիսի պայմաններում Հայաստանի Հանրապետությունը կարող է ապավինել ՀԱՊԿ-ին, որի «արդյունավետությունը» մենք արդեն տեսել ենք։

Մնում է հասկանալ, թե ինչու պետք է մեր բանակի թվակազմը կրճատենք և անցնենք արհեստավարժ բանակի։  Այս մոտեցումը վերը համառոտ թվարկված պայմանների առկայությամբ անտրամաբանական է, և, կարծում եմ, չի համապատասխանում  արդի ռիսկերին և արտաքին վտանգներին։

Համեմատության համար պետք է ներկայացնեմ «Քաղաքացու որոշում» կուսակցության ծրագրի՝ անվտանգության մասին դրույթները և ավելի մանրամասն բացատրեմ, թե ինչ ենք առաջարկում մենք։

Նախ, մենք ելնում ենք այն փաստից, որ Հայաստանը մոտ ապագայում իր ռազմական, ֆինանսական, ժողովրդագրական և այլ ցուցանիշներով մեծապես զիջելու է իր հավանական հակառակորդներ հանդիսացող Ադրբեջանին և Թուրքիային:

Ուստի մեր ռազմավարությունը պիտի լինի դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հեռացնել պատերազմի վտանգը, իսկ որպես ռազմական խնդիր դնել «անընդունելի վնասի» քաղաքականությունը: Այսինքն՝ վարել ոչ ագրեսիվ քաղաքականություն, բայց հակառակորդների համար տեսանելի պահել այն վտանգը, որ ագրեսիայի դեպքում մեր գործողությունների պատճառած վնասը գերազանցելու է պատերազմում նույնիսկ հաղթական ելքի դեպքում նրանց ձեռք բերած օգուտներին: Այս առումով անհրաժեշտ է ՀՀ ԶՈՒ-ն դուրս բերել զուտ պաշտպանական ձևաչափից եւ այն օժտել նաև հարձակողական օպերացիաների պատրաստ գործիքակազմով:

Սա առաջին հերթին նշանակում է, որ

- բանակի կառուցվածքի և պաշտպանական ռազմավարության մեջ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր դերակատարությունը՝ գործող բանակում, պահեստազորում, աշխարհազորում, և պետությունը հոգ է տանում նրանց կարողությունների և մասնագիտական գիտելիքների անընդհատ զարգացման համար:

- Ավելացվում և խիստ կարևորվում է ՀՀ մոբիլիզացիոն ռեսուրսի դերը երկրի պաշտպանության հարցում: Լուծարվում է զինվորական կոմիսարների ինստիտուտը, որի հիմքի վրա ստեղծվում է ռեզերվիստների ինստիտուտ, ինչը նախատեսում է տարվա կտրվածքով ակտիվ զորահավաքների և վարժանքների կազմակերպում, ընդ որում՝ պետությունը օրենսդրորեն սահմանում է ռեզերվիստների սոցիալական ապահովումը: Ռեզերվիստը պետք է վստահ լինի, որ զորակոչվելու դեպքում չի կորցնելու իր աշխատանքը, իր բիզնեսը չի տուժելու, պետությունը ապահովելու է իր վարկային պարտավորությունների կատարումը:

Այստեղ ցանկանում եմ կանգ առնել և մի փոքր ավելի մանրամասնել, թե ինչ նկատի ունենք։

Նախևառաջ մենք բացառում ենք արհեստավարժ բանակի ներդրումը, որը, սակայն, չի բացառում արհեստավարժ ստորաբաժանումների առկայությունը, ինչպիսիք են տարբեր հետախուզական և հատուկ գործողությունների, ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր ստորաբաժանումները, սահմանապահ զորքերը, և այլն։ Սրանց քանակին և որակին կարելի է առանձին անդրադառնալ։

Բացառելով ընդհանուր արհեստավարժ բանակի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում՝ մենք ելնում ենք այն պայմանից, որ ժամկետային ծառայությունը պարտադիր է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար՝ առանց բացառության՝ իգական սեռի համար՝ երեք ամիս, իսկ արական սեռի համար 6 ամիս ժամկետով։ Ժամկետային ծառայությունը ավարտելուց հետո քաղաքացին համարվում է ծառայությունը ավարտած, կարող է ուսանել, աշխատել և զբաղվել այլ գործունեությամբ, սակայն արական սեռի անձինք մինչև 24 տարին լրանալը ամռան ընթացքում պարտավոր են ներկայանալ ծառայության վայր՝ երկամսյա վարժանքների։ Իգական սեռի ներկայացուցիչների համար կստեղծվի հատուկ բազա, կանանց կներառի անվտանգության տարբեր համակարգերում՝ սկած կապից, մինչև դիպուկահարներ և օպերատորներ։ Այս կատեգորիայի անձինք ռազմական գործողությունների չեն մասնակցում։ Ռազմական գործողությունների կարող են մասնակցել միայն մոբիլիզացիոն ուժերը, որոնց ձևավորումը սկսում է 24 տարին լրացած արական սեռի անձանցից, իսկ իգական սեռի ներկայացուցիչները՝ կամավորության սկզբունքով (բացի արհեստավաժ մասնագետներից), և հիմնականում լոգիստիկ համակարգում։

Գիտական գործունեության անցած անձինք կամ հատուկ պայմաններով ծառայում են զինված ուժերում, կամ այլևս զորակոչի ենթակա չեն։

Մոբիլիզացիոն ուժերի համալրման արդյունավետ կառավարման համար լուծարվում են զինկոմիսարիատները, և յուրաքանչյուր քաղաքացի կցվում է այն զորամասին, որտեղ ծառայել է։ Խաղաղ պայմաններում նշված տարիքի անձինք տարին երկու անգամ անցնում են վերապատրաստման դասընթացներ՝ առավելագույնը մեկամսյա ժամկետով։ Ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվում են իրենց կցված զորամասեր։ 24-ից մինչև 34 տարեկան քաղաքացիները հիմնականում զբաղվում են միայն գրոհային և հակագրոհային պատրատությամբ, 34-ից մինչև 50 տարեկան անձինք՝ պաշտպանական մարտավարությամբ, մինչև 54 տարեկան անձինք՝ թիկունքային ապահովմամբ։ Անհրաժեշտ է նշել, որ հավաքագրման ժամկետները ենթակա են փոփոխության՝ կախված ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական իրավիճակից, այս պահին ևս կարիք կա հստակ հաշվարկման։

Կարևոր է նշել հասարակական միավորումների դերը։ Այս միավորումները արդեն զարգանում են Հայաստանում և պաշտպանության գործում ունեն կարևոր դեր։ Նախատեսվում է, որ այս միավորումներում կամավոր ընդգրկված անձինք անցնելու են առանձին պատրատություն և ռազմական գործողությունների ժամանակ զորակոչվելու են իրենց կազմակերպություններ, որոնք անմիջապես ենթարկվելու են Գլխավոր շտաբին։

Ռեզերվիստները ցանկացած զորակոչի ընթացքում ստանում են սոցիալական երաշխիքներ՝ աշխատատեղի պահպանում, սոցիալական վճարներ, անվճար բուժօգնություն և զինվորականի հաստիքավճարի  չափով աշխատավարձ։

Բացի այն մտքից, որ սահմանների պահպանությունը իրականացնելու են սահմանապահ զորքերը, մենք շրջանառության մեջ ենք դրել «անընդունելի վնասի» հասկացողությունը, որը ելնում է այն նախապայմանից, որ Հայաստանը այլևս չունի առաջնագիծ։ Առաջնագծի փոխարեն ամբողջ տարածքով մեկ պետք է ստեղծվեն հատուկ ամրաշինական կառույցներ, որոնք, հաշվի առնելով մեր ժողովրդագրական իրավիճակը, մոտ մեկ միլիոն ռեզերվիտների հետ կստեղծեն կուռ պաշտպանական համակարգ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել