Դեռ 2014 թվականի ապրիլին Ջերմուկ և Գնդեվազ բնակավայրերի բնակիչները, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպություններ և բնապահպանական քաղաքացիական խմբեր բողոք էին հղել Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (հետագայում ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականին (հետագայում օմբուսդմեն) «Lydian International» ընկերության (հետագայում Լիդիան) կողմից իրականացվող Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի բաց շահագործման և ցիանային ֆաբրիկայի կառուցման մտադրության վերաբերյալ։
Նույն տարվա հուլիսին առանձին բողոք էին հղել նաև Գնդեվազ գյուղի 148 բնակիչներ: Այս բողոքներն ընդունվել էին օմբուսդմենի գրասենյակի կողմից և հետագայում միացվել էին իրար ու դիտարկվել որպես մեկ բողոք։ Տեղեկացնենք, որ այս գրասենյակն անկախ մարմին է, որն ուղղակիորեն հաշվետու է Համաշխարհային բանկի խմբի նախագահին և դիտարկում է բողոքներ՝ ստացված այն համայնքներից, որոնք տուժել են ՄՖԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունքում:
Խնդիրն այն է, որ ՄՖԿ-ն մասնակցել է Ամուլսարի ոսկու ծրագրի (հետագայում ծրագիր) առաջխաղացմանը և առաջին անգամ ընկերությունում ներդրում է կատարել 2007 թ-ին՝ ֆինանսավորելու համար Կոսովոյում, Հայաստանում և Թուրքիայում Լիդիանին պատկանող հանքային ռեսուրսներին առնչվող հետազոտման աշխատանքներն ու իրագործելիության ուսումնասիրությունները: 2007-ից ի վեր նրանք այս ծրագրի մեջ ներդրել են ավելի քան 17 միլիոն ԱՄՆ դոլար: Այսինքն ՄՖԿ-ն շատ լուրջ դերակատարում է ունեցել Լիդիանի գործունեության և առաջխաղացման նախնական և հետագա փուլերում։
Վերոնշյալ բողոքների ուսումնասիրման արդյունքում ՄՖԿ-ի օմբուսդմենի գրասենյակը հրապարակել է մի շարք զեկույցներ, որոնց մեջ կան ուշագրավ բացահայտումներ։ Քանզի Հայաստանի լայն հանրությունն ու կառավարական մարմինները բավարար տեղեկացված չեն այդ զեկույցներից, ցանկանում ենք հերթականությամբ հակիրճ ներկայացնել դրանց կարևոր հատվածները՝ առանց մեր մեկնաբանությունների։
Սկսենք 2015 թվականի ապրիլի 27-ի զեկույցից
1. Այս զեկույցում նշված է. «2007 թ. մայիսին Կոսովոյում և Հայաստանում իրականացվել է ընկերության ծրագրային տեղանքների բնապահպանական և սոցիալական գնահատում: Կոսովոյի տեղանքներ այցելել են ՄՖԿ-ի բնապահպանական և սոցիալական ոլորտի մասնագետներ, այնինչ Ամուլսարի հանքավայրի ծրագրի տեղանքի գնահատումն իրականացվել է միայն Հայաստանում ՄՖԿ-ի տեղական ներկայացուցչի կողմից: Համաձայն ՄՖԿ-ի կողմից Ամուլսարի ոսկու հանքի ծրագրային գնահատման՝ ծրագիրը վայելում է լայն հանրային աջակցություն և չի հանգեցնի որևէ բացասական բնապահպանական հետևանքի: Միևնույն ժամանակ ՄՖԿ-ն նշել է, որ ընկերությունն ունի բնապահպանական և սոցիալական ոլորտի կառավարման սահմանափակ կարողություն և գործում է այն երկրներում, որտեղ բնապահպանական և սոցիալական ոլորտի կարգավորման շրջանակը թույլ է»:
Այս խնդրի հետ կապված օմբուսդմենը եզրակացրել է. «Սույն փորձաքննության ընթացքում դիտարկված նյութերի հիման վրա չի կարող որոշակի եզրակացություն տալ առ այն, թե արդյոք ՄՖԿ-ի կողմից նախքան ներդրումը կատարված բնապահպանական և սոցիալական դիտարկումը համապատասխանում էր ռիսկին և ուստի արդյոք ՄՖԿ-ն ունի ողջամիտ ակնալիքներ առ այն, որ ծրագիրը կհամապատասխանի գործունեության չափանիշներին: Մասնավորապես, հարցեր կան ՄՖԿ-ի կողմից իրականացված բնապահպանական և սոցիալական դիտարկման այն եզրակացությունների վերաբերյալ, որոնք առնչվում են ծրագրի հետևանքներին և ծրագրի հանդեպ հանրային աջակցության աստիճանին՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ էկոլոգիական և սոցիալական ոլորտի անձնակազմը չի այցելել ծրագրային տեղանքը»:
2. Զեկույցում նաև գրված է, որ ՄՖԿ-ի կողմից 2007 թ. հունիսին ավարտուն տեսքի բերած նախնական ներդրմանն առնչվող փաստաթղթերում գրված է, որ խոշոր միջազգային հանքարդյունաբերական ընկերության («Նյումոնթ») ներգրավվածությունը, որպես ծրագրի խոշորագույն ներդրող, պետք է վստահություն ներշնչի Լիդիանի ղեկավարման թիմի որակի և ընկերության ակտիվների հանդեպ, ինչպես նաև հավաստիացնի, որ Լիդիանի ակտիվները կբաշխվեն համաձայն արդյունաբերության ոլորտի լավագույն փորձի:
Նաև նշված է հետևյալը. «2009 թ. ՄՖԿ-ն կատարեց հաջորդ ներդրումն ընկերությունում՝ կենտրոնանալով Ամուլսարի ծրագրի վրա: Սակայն տեղանքի որևէ որոշակի պատշաճ ջանադրություն չիրականացվեց, քանի որ այդ առումով ՄՖԿ-ն վստահում էր ընկերության՝ իր կողմից իրականացվող վերահսկողությանը: Համաձայն նշված ներդրմանն առնչվող ՄՖԿ փաստաթղթերի՝ ակնկալվում էր, որ 2009 թ. վերջին Նյումոնթը կավելացներ համատեղ ձեռնարկության իր մասնաբաժինը՝ հասցնելով այն 80 տոկոսի, և ծրագիրը կանցներ արտադրության փուլին 2011 թ-ին»:
Որպես եզրակացություն՝ օմբուսդմենը հարցեր ունի ՄՖԿ-ին նաև այս փաստի վերաբերյալ, քանի որ «ՄՖԿ-ն վստահել էր Նյումոնթի ներգրավմանը և երաշխավորել, որ Լիդիանի ակտիվները կզարգանան արդյունավետության ոլորտի լավագույն փորձի համաձայն, այնինչ Նյումոնթն այնուհետև դուրս եկավ ներդրումային ծրագրից»:
3. Օմբուսդմենի զեկույցից նաև պարզ է դառնում, որ ծրագրի նախնական փուլերում ՄՖԿ-ն արտահայտել է մտահոգություններ Ամուլսարի շուրջ գտնվող համայնքների հետ Լիդիանի հաղորդակցման կապակցությամբ, հատկապես, որ տեղի էր ունեցել խորհրդակցություն հիմնականում գյուղապետերի, այլ ոչ համայնական ավելի լայն շերտերի հետ: Բացի այդ, ՄՖԿ-ն բարձրացրեց հարցեր ընկերության կողմից ծրագրի ազդակիր տարածքում համայնքների որոշման նպատակով կիրառված մեթոդաբանության վերաբերյալ: Արդյունքում, ՄՖԿ-ն հանձնարարել էր ընկերությանը վերանայել շահագրգիռ կողմերի ներգրավման իր գործընթացը և ընդլայնել ծրագրի ազդակիր տարածքը՝ ներառելով Ջերմուկ քաղաքը:
4. 2013թ. ՄՖԿ-ն կասկածի տակ դրեց ցիանային հարթակի տեղանքի ընտրության գործընթացը, քանի որ ըստ ՄՖԿ-ի՝ համայնքները պատշաճ կերպով ներգրավված չէին գործընթացում, և այդ ենթակառուցվածքի տեղադրման առնչությամբ որևէ համաձայնագիր կնքված չէր համայնքների և (կամ) մասնավոր հողատերերի հետ: Ավելի ուշ՝ 2013թ., ՄՖԿ-ն հայտնեց, որ ՀՀ կառավարությունը մերժեց ընկերության կողմից հանքի շահագործման թույլտվության դիմումը ցիանային հարթակի համար ընտրված տեղանքի պատճառով: Սակայն թույլտվությունը տրամադրվեց 2014 թ. նոյեմբերին, երբ ընկերությունն ընտրեց նոր տեղանք այդ հարթակի համար: Ցիանային հարթակի տեղանքի ընտրության առումով օմբուսդմենն ունի հարցեր շահագրգիռ կողմերի ներգրավվածության պատշաճության և դրան առնչվող հողատարածքների ձեռքբերման գործընթացների վերաբերյալ:
5. Դեռ 2007 թ. մայիսին հրապարակված Բնապահպանական և սոցիալական դիտարկման ամփոփագրում ՄՖԿ-ն գրել էր, որ «տեղանք կատարված այցերը և ծրագրային տեղեկատվության դիտարկումը ենթադրում են, որ կենսաբազմազանությունն ու բնական ռեսուրսները չեն ենթարկվի որևէ հետևանքների»: Սակայն 2014թ. իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ «Ամուլսարում իրականացվող գործողություններն արդեն իրենց անդառնալի հետևանքն են թողել Կարմիր գրքում ներառված Potentilla porphyrantha տեսակի որոշ քանակության վրա: Բացի այդ համաձայն իրագործելիության ուսումնասիրության՝ ակնկալվում է, որ ծրագիրն բացասական հետևանքներ կունենա որոշ կարևոր բնակավայրերի և տեսակների վրա, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցություն կթողնի տեղական և բնական բուսականության վրա»:
Շարունակելի․․․
Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն
comment.count (0)