Ղարաբաղյան կարգավորման ձեւաչափի փոփոխություն հնարավոր է միայն կողմերի համաձայնության հիման վրա։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ նշելով, որ Ռուսաստանը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, քանիցս արտահայտվել է այս առնչությամբ։
«Եթե ինչ-որ փուլում կողմերը պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացվելու է բանակցություններում, ապա դա կլինի հենց կողմերի որոշումը, եւ մենք այն կհարգենք։ Դա ոչ միայն մեր դիրքորոշումն է, դա նաեւ եռյակի (ԵԱՀԿ ՄԽ) մյուս երեք անդամների դիրքորոշումն է»,- ասել է նա՝ կոչ անելով ուշադրություն դարձնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մարտի 9-ի վերջին հայտարարությանը, որտեղ բավական հստակ արտացոլված են Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի մոտեցումները տվյալ հարցին։
Պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք Մոսկվան հարթակ տրամադրել Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունների համար ԱՊՀ արտգործնախարարների խորհրդրի գալիք գագաթաժողովում, եթե կողմերը ցանկություն հայտնեն, Զախարովան հորդորել է ժամանակից առաջ չընկնել։ «Հաշվի առնելով հարցի նրբությունն ու սրությունը, եւ այդ թվում՝ ոչ միշտ կոռեկտ լուսաբանումը ԶԼՄ-ներում, առաջ չանցնենք։ Գլոբալ խոսելիս, երբ կողմերը դիմում են Մոսկվային միջնորդության կամ հարթակ տրամադրելու համար, Մոսկվան միշտ հարգանքով է դիտարկում այդ խնդրանքները»։
comment.count (0)