Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Արշակ Կարապետյան
18:37 - 24 օգոստոսի, 2021

Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց. Արշակ Կարապետյան

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի աշխատանքային այցը ՌԴ:  Այս մասին հայտնում են ՊՆ-ից։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ՌԴ-ից ստանում է լիարժեք աջակցություն։ Պաշտպանության նախարարը մասնավորապես ասաց․

« Այստեղ «չէ» բառը չեմ լսել։ Գործնական քայլեր են արվում՝ մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ։ Մենք պլանավորում ենք ունենալ որակով սպառազինություն, պլանավորում ենք ունենալ նոր սպառազինություն։ Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն ձեռք բերելուց, սա մեր քաղաքականությունն է։ Ավելի լավ է մենք ունենանք քիչ, բայց որակով սպառազինություն և հստակ իմանանք, որ այդ սպառազինությունը գործելու է։ Երկրորդ խնդիրը, որը ես տեսնում եմ՝ մենք պետք է ունենանք սեփական զենքի արտադրություն, այստեղ նույնպես մենք ունենք աջակցություն՝ համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով և արագ դա անելու ենք։ Մենք պետք է կարողանանք արտադրենք սեփական զենք։ Երրորդ խնդիրը, որը ես իմ առջև տեսնում եմ՝ թույլ չտանք, որ ՊՆ-ի և արտադրող ձեռնարկությունների միջև լինեն միջնորդներ։ Ես կարծում եմ, որ այս երեք պայմանները պահպանելու դեպքում մենք անպայման ստանալու ենք նոր, արդիականացված  և 21-րդ դարին համահունչ բանակ, ու կարողանալու ենք դիմակայել մեր հանդեպ առկա վտանգներին»։ 

Օգոստոսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները:

Արշակ Կարապետյանը ծանոթացել է հայկական տաղավարում ցուցադրվող պատմամշակութային ցուցանմուշներին, շրջել մասնակից այլ երկրների տաղավարներով:

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «Արմիա 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցասրահներով, ծանոթացել ներկայացվող զինատեսակներին:

Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել