Արցախի հերոս, ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը, որ հայտ է ներկայացրել՝ մասնակցելու Արցախի նախագահական ընտրություններին, օրերս հայտարարել էր, թե Արցախը պետք է դրվի Ռուսաստանի մանդատի ներքո: Նա մասնավորապես նշել էր. «...Աշխարհում սուր խնդիրները լուծվում են մանդատային ճանապարհով: Ասենք, եթե Կովկասը համարում ենք Ռուսաստանի տիրույթի տակ, ինքն ա ստեղ իշխողը, մանդատը վերցնում ա Ռուսաստանը, գծագրում մի հատ քարտեզ, որտեղ որ էդ մարդիկ կամաց-կամաց զարգանում են...Ես կարծում եմ, որ պետք է լինի մանդատային տարածք, հակառակ դեպքում Ադրբեջան-Հայաստան կամ Ադրբեջան-Ղարաբաղ բանակցությամբ այդ խնդրի լուծումը չկա»:
Infocom-ի հարցին ի պատասխան՝ այս հայտարարությանը անդրադարձել են մի շարք գործիչներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը նշեց, որ Արցախն ինքնիշխան, անկախ երկիր է, դա ամրագրված է Սահմանադրության մեջ, և, առհասարակ, դա որևէ սակարկությունների չի կարող ենթարկվել․ «Իսկ իմ անձնական կարծիքն է՝ Արցախի կարգավիճակի հարցում միակ փոփոխությունը, որ կարող է տեղի ունենալ, այն է, որ Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ապագայում կազմի մեկ միացյալ Հայաստան, հայոց պետություն: Թե երբ դա կլինի, ցույց կտա ժամանակը: Այս պահին ունենք մեկ հայրենիք և երկու անկախ պետություն: Մեր անկախ պետականությունը գերագույն արժեք է բոլորիս համար»:
Բաբայանն ավելացրեց, որ միանշանակ պետք է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ. «Ռուսաստանի հետ մենք ունենք բազմաթիվ պատմական, քաղաքական, մշակութային կապեր, այնտեղ է մեր ամենամեծ սփյուռքը: Իսկ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ այն բոլոր պետությունների հետ, որտեղ կա հայկական սփյուռք»:
Հարցին, թե արդյոք սա նշանակում է, որ բացառում է Արցախյան հարցի մանդատային սկզբունքով լուծումը, Բաբայանը պատասխանեց. «Տարբեր քաղաքական գործիչներ կարող են տարբեր տեսակետներ ունենալ, ես ասում եմ այն, ինչ մեր օրենքներով է և վստահ եմ՝ ինչպես մտածում է մեր հանրության գերակշիռ մեծամասնությունը»:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը խիստ բացասաբար է վերաբերվում Սամվել Բաբայանի հայտարարությանը: Ըստ նրա՝ սա կնշանակի հետ գնալ Ազգերի լիգայի տրամաբանությանը, երբ մանդատներ էին տրվում ինչ-որ երկրների, ինչն էլ շատ գաղութային ընկալում է:
«Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է ճանաչվի և որևէ կողմ՝ լինի Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը կամ որևէ մեկը, մանդատ կրելու որևէ իրավունք չունի: Դա աբսուրդ է, որովհետև մոտավորապես վերադարձ է 20-րդ դարի սկիզբ, երբ մենք խնդրում էինք, որ Հայաստանի մանդատը ինչ-որ երկիր վերցնի: Սա սուվերենության, ինքնորոշման դեմ լուրջ, պրոբլեմատիկ քայլ է, ու չեմ հասկանում այն հետագիծը, որ Արցախի հերոսը, ով անցել է այդ ամբողջ պատերազմով, կարող է այսպես մտածել: Կուզեի իմ խոսքում տարանջատած լինել Արցախի հերոս Սամվել Բաբայանին և այն Սամվել Բաբայանին, որ հիմա է խոսում»,-նշեց Ավետիսյանը։
ԱԺ-ի երկրորդ քաղաքական ուժի ներկայացուցիչ, կրկին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Աբովյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ դեռ չի դիտել տեսանյութը, սակայն, ամեն դեպքում, Արցախյան հարցի կարգավորման հարցում ընդունելի է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը
«Գոյություն ունի Մինսկի խմբի համանախագահների ընդունված ֆորմատ, որի շրջանակներում էլ բանակցություններ են վարվում, իսկ մնացածն ուղղակի կարծիքներ են, տեսակետներ են և այլն»,-նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ ասաց, որ Սամվել Բաբայանի անցած ուղու և գործունեության նկատմամբ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ կարծում է՝ հիմա տեղին չէ նրա առաջարկը. «Կա Մինսկի խումբ, որը զբաղվում է հիմնահարցի կարգավորմամբ, և նրան է այս փուլում վերապահված հարցին լուծում տալու լիազորությունները: Իսկ թե ինչ սկզբունքներ են քննարկվում և քննարկվելու, կախված է միայն բանակցող կողմերից և նրանց դիրքորոշումից բանակցությունների ընթացքում: Իմ անձնական կարծիքով՝ պարոն Բաբայանի առաջարկած տարբերակն այս փուլում բացարձակ կիրառելի չէ»:
Արցախի հերոսի հայտարարությանն անդրադարձավ նաև «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ի մամուլի խոսնակ Միքայել Նահապետյանը՝ նշելով, որ դրան առանձնապես լուրջ չի վերաբերվում. «Այդ հայտարարությունը, ամենայն հարգանքով Սամվել Բաբայանի անցած ռազմական ուղու նկատմամբ, քաղաքական տրամաբանությունից դուրս հայտարարություն է: Ռուսական մանդատի հարցը դեռ 90-ականներին միջազգային հանրությունը, այդ թվում՝ Արցախը, Ադրբեջանը, փակել են: Այստեղ կա միջազգային կոնսենսուս, որ ռուսական զորքերն Արցախում չեն լինելու, և միակ ընդունելի ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն է, դա որևէ մեկը չի վիճարկում: Սամվել Բաբայանը քաղաքական գործունեություն սկսելու հայտ է ներկայացրել, դա իր տեսանկյունն է, և ինչքան էլ ես բացասական վերաբերվեմ, դրա վերաբերյալ վերջնական գնահատականը կտա Արցախի ժողովուրդը նախագահական ընտրություններում: Հասկանալի է, որ Արցախում քաղաքական գործընթացներում ամենակարևոր հարցը Արցախյան խնդրի վերաբերյալ դիրքորոշումն է»:
«Սասնա ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանն էլ նշեց՝ իրենք այսօր Ստեփանակերտ-Երևան համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել են, որ «Սասնա Ծռեր Արցախյան կուսակցությունը» սկսում է ստորագրահավաք՝ Արցախում հաշվառված քաղաքացիների ընտրական իրավունքները վերականգնելու համար. «Մենք Արցախում միակ օրակարգ ենք տեսնումъ Հայաստանին դե յուրե միանալը և աշխատելու ենք այդ օրակարգը սպասարկելու համար»:
«Հայաստանի կառուցողական կուսակցության» ղեկավոր Անդրեաս Ղուկասյանը ևս բացասաբար է վերաբերվում Սամվել Բաբայանի առաջարկած տարբերակին:
«Նման հայտարարությունները, կարծում եմ, որևէ օգուտ չեն կարող բերել հայ ժողովրդին: Ես գտնում եմ, որ քաղաքական դաշտում նման միտք արտահայտելը շեղում է հարցի խաղաղ կարգավորման այն ուղղություններից, որոնք պայամանավորված և թելադրված են մեր ազգային շահերով: Առհասարակ, երբ մի ժողովուրդ, թողնելով իր շահը, այլ ազգի շահն է գերադասում, դա չի կարող որևէ դրական ավարտ ունենալ»,- նշեց նա:
Աստղիկ Քեշիշյան
comment.count (0)