Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|
15:37 - 17 սեպտեմբերի, 2021

Բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն. փոխվարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն ինտենսիվ աշխատում է ե՛ւ միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածի հետ կապված խնդիրները լուծելու, ե՛ւ շրջանցիկ՝ Տաթևով անցնող ճանապարհը բարեկարգելու, այլընտրանքային լուծումներ գտնելու ուղղությամբ:

Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի հսկողության տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատարների երթևեկը խոչընդոտելու դեպքերին:

«Մենք երկու ուղղությամբ էլ հիմա ինտենսիվ աշխատում ենք՝ ե՛ւ խնդրի լուծման, ե՛ւ այլընտրանքային լուծումներ գտնելու իմաստով: Կարծում եմ՝ երկու ուղղությամբ էլ աշխատանքներն ինտենսիվ կշարունակվեն, և, ի վերջո, ինչ-որ լուծում կգտնենք այդ խնդրին: Եթե ալտերնատիվ ենթակառուցվածքային լուծում տանք՝ դա, իհարկե, շատ լավ լուծում կլինի, որովհետև այն կբալանսավորի իրավիճակը»,- ասաց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ Սյունիքի ճանապարհների ենթակառուցվածքային լուծումը ենթադրում է անվտանգության և այլ բնույթի ռիսկերի մեղմում, ինչպես նաև՝ տեխնիկական լուծումներ, որոնք ավելի ապահով կդարձնեն երթևեկությունը, մինչև վերջնական լուծում տրվի մնացած բոլոր խնդիրներին:

«Բոլոր ճանապարհները պետք է լինեն և լիարժեք գործեն: Դա մեր ցանկությունն է և նպատակը»,- ընդգծեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել